ՀՀ անկախությունը Վանաձորի քիմիական գործարանի հանրակացարանում բնակվող ընտանիքների համար բնակարանային հերթից զրկվելու պատճառ է դարձել:
Վանաձորի քիմիական գործարանի թիվ 3 հանրակացարանում բնակվող 45 ընտանիքների համբերության բաժակը վաղուց արդեն լցվել է: Խորհրդային Հայաստանում՝ 1970-ին շահագործման հանձնված շենքը երբեւէ չի վերանորոգվել: Այժմյան բնակիչները ժամանակին աշխատել են քիմիական գործարանում: Շենքի սենյակները նախատեսված չէին բազմանդամ ընտանիքների համար՝ այնտեղ բնակվում էին 2 հոգով: Հետագայում բոլորն էլ երեխաներ ու թոռներ են ունեցել ու մնացել են փոքր հանրակացարանի հույսին, քանի որ բնակարան ստանալու հերթացուցակը, որ ԽՍՀՄ տարիներին էր կազմվել Հայաստանի Երրորդ Հանրապետությունում, ինչպես շատ նմանատիպ ցուցակներ, այլեւս ուժ չուներ:
Հանրակացարանի երկրորդ հարկը նախատեսված է քիմգործարան գործուղված մասնագետների համար, իսկ մշտական բնակիչները բողոքում են, թե 30-ից ավելի սենյակ փակ են պահում, բայց ընդամենը 3-ն են գործուղման համար աշխատում: Ըստ մշտական բնակիչների, գործուղվածների համար նախատեսված սենյակները եկամտի լրացուցիչ աղբյուր են՝ դրանք օրավարձով կամ ամսավճարով տրամադրվում են ում ասես. «Հյուրանոցներն էսօր պարապուրդի մեջ են, բայց էստեղ հյուրանոցային ֆոնդով սենյակները վարձակալում են համապատասխան գներով: Նրանք մայրաքաղաքում բնակարան ունեն, իսկ Վանաձորում՝ աշխատանք»,- վրդովված պատմում է այդ շենքի բնակիչ Անահիտ Մարկոսյանը:
Մինչեւ 1996 թվականը բնակիչները կենցաղային խնդիրներ չեն ունեցել, ջրի խնդիր չունենալու համար շենքի նախկին կառավարիչը տանիքում ջրի բաք է տեղադրել: 1996 թվականին, երբ շենքի ղեկավարները փոխվել են՝ բնակիչներն այլեւս հոսող ջրի երես չեն տեսել:
Հանրակացարանի բնակիչները 15 տարի շարունակ ջուր կրելուց հետո միայն մեկ ամիս առաջ իմացան, որ իրականում ոչ մի խնդիր էլ չկա, ուղղակի խողովակը նկուղից փակված է: «Նոր ղեկավարներին երեւի շենքը շատ է պետք եղել, զզվացրել են, որ դուրս գանք շենքից, բայց մենք իրենցից համառ էինք»,- ասում են բնակիչները: Հիմա, երբ հոսող ջուր կա՝ ղեկավարությունը բնակիչներին պարտադրում է օգտագործած ջրի համար վճարել է, իսկ դրանից առաջ սեփական փողերով ջրաչափ տեղադրել: Բնակիչները ըմբոստացել են՝ պարտականություններից չխուսափելով տեր են կանգնում իրենց իրավունքներին: «2 տարին մեկ վերագրանցվում ենք, որի համար պետությանը գումար ենք փոխանցում, իսկ հանրակացարանը պատկանում է գործարանին, ջրի, աղբի հարցը լուծում է Քիմպրոմը: Ժամանակին, երբ սենյակի համար վարձ ենք վճարել, դրա մեջ կոմունալ վճարներն էլ են եղել»,- պնդում են նրանք եւ պահանջում, որ հիմա էլ նույնը լինի: Բայց շենքի կառավարիչը փոխանցել է. Քիմպրոմի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնիգիրյովի հրամանով ջրի հաշվիչների գինը՝ 11 հազար 500 դրամ բնակիչը պետք է վճարի:
Շենքի կառավարիչ Ջուլիետա Ալեքյանի ներկայացրած հրամանը թղթի վրա համակարգչով հավաքած որոշում էր՝ առանց ստորագրության եւ կնիքի: «Ջրմուղի պայմանագիր երբեք չեմ տեսել՝ ջրմուղը պայմանագիր է կնքում սեփականաշնորհման վկայական ունեցող բնակչի հետ, նշանակում է՝ ջրմուղի պահանջը միայն Քիմգործարանին պետք է ուղղված լինի»,- վստահ բացատրում են բնակիչները: Ժամանակին բնակիչներին ստիպել են վճարել էլեկտրական հաշվիչների համար, հավաստիացնելով, որ դրանք կարող են հարկ եղած դեպքում տեղափոխել, սակայն հետագայում պարզվել է, որ դրանք տնօրինում է էլցանցը՝ Քիմգործարանի փոխտնօրեն Մարատ Սերոբյանը դրանք պարտքի դիմաց փոխանցել է էլցանցին: Իսկ հիմա բնակիչներին անընդմեջ խոսակցություններ են հասնում, թե շենքը վաճառքի ենթակա է: «Ես ում համար հաշվիչ առնեմ, եթե օրումեջ մի նոր խաբար ա գալիս, կարող ա էգուց գալիս են ասում՝ տերը ես եմ, առանց այն էլ նոր տերերը ուզում են էս շենքը որպես այլ բան օգտագործեն»,- նկատում են նրանք:
Նախկին քիմիագործները զայրացած են, թե ինչպես կարելի է բնակչին 40 տարի ժամանակավոր գրանցման կարգավիճակում պահել. «Հիմա գործարանը իր բիզնեսն անում է, փոխվող ղեկավարները մեծ շահույթներ ստանալով հեռանում են, իսկ բնակիչները մնում են օդից կախված: Մարդիկ գնում են արտագնա աշխատանքի, գրանցման ժամկետն ավարտվում է, 1 տարվա գումարն էլ ծախսում են ճանապարհներին, որ նորից գրանցվեն ու գնան»:
Հանրակացարանի մշտական բնակիչները միայն մի ելք են տեսնում՝ շենքի սեփականաշնորհումից եւ համատիրություն դառնալուց հետո միայն խնդիրը կլուծվի. «Մենք տարիներով թույն ենք շնչել, էրեխեք ենք ունեցել, էս պետությունը պիտի մեզ տուն տա»:
Հ. Գ. Զրույցի ընթացքում Անահիտ Մարկոսյանն անընդհատ ընդգծում էր. «Ես սովետական քաղաքացի եմ»: Թվում էր, թե նա շփոթում է, պարզվեց՝ ոչ: Նրա բացատրությունը հետաքրքրական էր. «Լավ արինք անկախացանք, բայց կոմունիստների ստեղծած էն լավ բաները պիտի պահեին, գործարանները չքանդեին, մարդիկ աշխատանք ունենային, որ անօրինությունը Հայաստանին չպատեր, որ առանց այն էլ ցաքուցրիվ հայերը աշխարհով մեկ չցրվեին»: