Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 21,2011 00:00

Երեկ Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով մեր ժողովրդին ուղղած իր շնորհավորական ուղերձում «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունն ընդգծել է, որ «20 տարի առաջ հանրաքվեով մենք ամրագրեցինք ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու մեր բնական ու անօտարելի իրավունքը, հռչակեցինք, որ ցանկանում եւ պատրաստ ենք ունենալ ինքնիշխան պետություն, որը խարսխված է մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա», նաեւ անդրադարձել է 20 տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու նաեւ բացթողումներին, անդառնալի կորուստներին: «Անցած 20 տարիներն ապացուցեցին՝ անկախության հռչակման հիմքում դրված գաղափարներից ու սկզբունքներից իշխանությունների հեռացումը եւ կառավարման ավտորիտար համակարգ ձեւավորելու նկրտումները լուրջ սպառնալիք հանդիսացան Հայաստանի պետականության համար: Ամենամեծ ձախողումը ժամանակի եւ չիրացված հնարավորությունների կորուստն է, ժողովրդավարական եւ ազատական արժեքների վարկաբեկումը»: Կուսակցությունը վերահաստատել է իր հավատարմությունը «Անկախության գաղափարին եւ հռչակագրի հիմնարար արժեքներին, ՀՀ-ն իրապես անկախ, ժողովրդավարական պետություն դարձնելու մեր համոզմունքին եւ պարտավորությանը», կարեւորել է Մարդու իրավունքների իրացումն ու պաշտպանությունը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումը՝ միակ հնարավորությունը «իրավահավասար պետության կարգավիճակ ունենալ վերափոխվող աշխարհում, դառնալ զարգացած երկիր, որում ՀՀ քաղաքացին կապրի բարեկեցիկ եւ երջանիկ կյանքով»:
«Ժառանգություն» կուսակցությունն իր ուղերձում եւս խոսել է ձեռքբերումների, նաեւ բացթողումների մասին՝ շեշտելով, որ «նորանկախ Հայաստանը տակավին տառապում է անարդարությունների, անօրինությունների եւ անազատության ախտից: Մնում է հուսալ, որ անցած 2 տասնամյակների բոլոր իշխանությունների անխոհեմ, երբեմն էլ նեղ անձնական շահադիտությունները սպասարկող քաղաքականության փոխարեն, ի վերջո, կունենանք ազգային-պետական մտածողություն, արդյունավետ կառավարում եւ ճիշտ ռազմավարություն, որոնք Հանրապետության հիմնադիր հանդիսացող բոլոր սոցիալական խավերին, բոլոր քաղաքացիներին կբերեն ապահով ու բարօր ապագա, եւ հայն այլեւս իրեն օտար չի զգա սեփական հայրենիքում, անվերադարձ չի հեռանա այլ երկրներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել