Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 20-ԱՄՅԱ ԴԱՍԵՐԸ

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"Անկախության տոնակատարման շեմին տեղին է վերլուծել հանրապետության տնտեսությունում ձեւավորված իրավիճակը, եւ այն էլ ոչ թե մակրոտնտեսական բարդ եւ իրականությունը խճճող ցուցանիշներով, ինչը որ արվում է պաշտոնական տեղեկատվությամբ, այլ պարզ ու բոլորին հասկանալի դատողություններով: Այս աումով, տնտեսության քսանամյա զարգացման ուղին գնահատելիս տեղին են մի շարք հարցադրումներ:

Ինչպիսի՞ տնտեսություն ժառանգեցինք անկախություն ձեռք բերելիս: Պետք է արձանագրենք, որ Խորհրդային Հայաստանը այդ ժամանակների համար ներկայանում էր որպես զարգացած արդյունաբերական երկիր՝ իր հզոր գործարաններով եւ գիտատար ներուժով, սակայն որը չկարողացանք տրանսֆորմացնել եւ ինտեգրել շուկայական տնտեսության համակարգ, պատճառաբանելով, թե Խորհրդային Միության փլուզումով ի չիք դարձան միջհանրապետական տնտեսական կապերը եւ Հայաստանի տնտեսական այդ հզոր օրգանիզմը դարձավ անգործունակ: Ինքս համաձայն չեմ այս ձեւակերպման հետ եւ կարծում եմ, որ եթե ժամանակին կանխվեր սեփականաշնորհման քողի տակ թաքնված թալանը եւ իրականացվեր կուտակված տնտեսական ներուժի ոչ թե փոշիացում, այլ փոխակերպում եւ վերաուղղում դեպի ներհանրապետական սպառման շուկա, ապա հիմա կունենայինք տնտեսական այլ իրավիճակ: Հայ գործարարին հատուկ ամենամեծ թերությունը՝ «վայրկյանահաճո շահույթ ստանալու» մոլուցքը ստիպեց սեփականատերերին քանդել տասնամյակներով ձեւավորված գործարանները եւ գրոշներով՝ որպես մետաղի ջարդոն, վաճառել արտասահմանում: Այնինչ՝ կարելի էր ուղիներ որոնել վերագործարկելու եղածը, վերափոխելու արտադրությունը եւ թողարկում կազմակերպելու ներքին շուկայի համար, դրսից ներկրելու փոխարեն: Իսկ ներկրումից դժվար էր հրաժարվելը, քանի որ այն, ի տարբերություն տեղական արտադրության, գործարարներին մինչ այժմ էլ ապահովում է գերշահույթներ:
Ի՞նչ տնտեսական իրավիճակ ունենք այսօր: Եթե օգտագործենք բժշկական տերմինաբանությունը, ապա պետք է ասենք, որ մեր տնտեսության առողջական վիճակը բարվոք չէ եւ գնահատվում է կայուն բավարար: Իշխանություններին հաջողվում է ապահովել մակրոտնտեսական կայուն իրավիճակ, իրականացվում է կոշտ դրամավարկային քաղաքականություն, հնարավորինս մեղմվում են տնտեսական ցնցումների ռիսկերը: Բայց դա արվում է շատ թանկ գնով, մեր երկիրը տարեցտարի ավելացնում է իր արտաքին պարտքը, խորացնում է իր կախվածությունը գերհզորներից, կորցնում է տնտեսական ինքնավարությունը՝ ներմուծումը բազմապատիկ գերազանցելով արտահանումից: Այսօր արդեն լուրջ մտահոգություններ ունենք տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում, որի մասին, չգիտես ինչու, լռում ենք, թղթին հանձնելով միայն տնտեսության կայուն զարգացման ծրագրեր եւ դրանք անկատար թողնելով:
Որո՞նք են լինելու տնտեսական ճգնաժամից դուրս մեր քայլերը: Ոչ համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ ոչ էլ միջազգային գնային տատանումները չէին կարող լուրջ ազդեցություն ունենալ մեր հանրապետության տնտեսական զարգացման վրա, եթե ժամանակին ձեւավորած լինեինք կայուն ներտնտեսական համակարգ: Այս առումով առաջնահերթ քայլեր ենք համարում:
Առաջին. արժեթղթերի շուկայի կայացումը, որը հնարավորություն կընձեռի վերաուղղելու հանրապետությունում կուտակված ֆինանսական կապիտալը ակտիվ գործարարության ոլորտ: Պետությունը ջանք չխնայեց կայուն ֆինանսավարկային համակարգի ձեւավորման ուղղությամբ, եւ դա նրան հաջողվեց: Այսօր մենք ունենք վստահելի բանկային համակարգ, կայացած հարկային վարչարարություն, սակայն մյուս կողմից չունենք համակարգված տնտեսություն: Այլ խոսքերով, տնտեսությունում ունենք բավարար փող, բանկերը գնահատվում են լուծարելիության բարձր աստիճանով, սակայն արձանագրում ենք ֆինանսական կապիտալի օգտագործման նվազ արդյունավետություն:
Երկրորդ. պետության բաժնեմասնակցության ավելացումը գործարարության ոլորտում: Անկախության տարիները ցույց տվեցին, որ սխալ էր պետության հեռացումը գործարարության ոլորտից եւ շուկայական ազատ տնտեսավարման պատրվակով մասնավոր սեկտորի կողմից անհեռանկարային տնտեսավարման կազմակերպումը: Պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերի գործարարության ոլորտի կոորդինացման, ներդաշնակեցման եւ, առավել եւս՝ վերահսկողության ոլորտում: Ուստի անհրաժեշտ ենք համարում գործարարության ոլորտում պետական բաժնեմասնակցությամբ կազմակերպությունների գերիշխող դիրքի ձեւավորումը:
Երրորդ. ներտնտեսական կորպորացիոն օրգանիզմի ձեւավորում: Ժամանակն է ձեւավորելու այնպիսի տնտեսական համակարգ, որը ինքաբավ լինի եւ սպառման շուկան ողողի տեղական ապրաքատեսակներով: Այդ նպատակով առաջնահերթ է համարվում տեղական հումքով արտադրատեսակների թողարկման խթանումը, միաժամանակ նվազեցնելով նույն ապրանքատեսակների ներկրումը: Գյուղատնտեսության զարթոնքը պետք է իրականացվի ոչ թե սոսկ դեկլարատիվ միջոցառումներով, այլ գյուղմթերքների վերամշակման արդյունաբերության վերականգնումով: Գաղտնիք չէ, որ միջազգային շուկաներից ապրանքատեսակների ներկրումը ապահովում է բազմապատիկ եկամուտներ, քան դրանց արտադրության կազմակերպումը: Ուստի, մեր գործարարները «նորին գերազանցություն շահույթի» ստացման մոլուցքը փոքր-ինչ մեղմելով, պետք է առաջնորդվեն նաեւ հայրենասիրական գաղափարներով: Դրա փորձը միջազգային պրակտիկայում մեծ տարածում ունի եւ միշտ էլ ցույց է տվել, որ այսօրվա գերշահույթներից հրաժարումը եւ տեղական տնտեսության գործարարների վերականգնման ջանքերը վաղը արդարացվելու են եւ բերելու են կայուն տնտեսական զարգացում եւ երկրի բարգավաճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել