Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՏՈՆԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

Սեպտեմբեր 21,2011 00:00

Ինչ են այժմ զգում մարդիկ, որոնք 20 տարի առաջ անկախ պետության հետ էին կապում հույսը, թե կհաջողվի լուծել եթե ոչ բոլոր խնդիրները, ապա գոնե այն, որ մեր պետության մեջ մեր լեզուն կդադարի դիտվել իբրեւ երկրորդական ինչ- որ մի բան՝ նախատեսված մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն այլ լեզվով ստանալու կրթություն: Եվ արդյոք կպատկերացնեի՞ն նրանք, որ անկախությունից հետո տարիներ անց էլ են ստիպված լինելու պայքար մղել, որ հայ երեխան իր հիմնական կրթությունը ստանա հայերեն:
Սփյուռքի կազմակերպությունների համահայկական համաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ասաց խոսքեր, որոնց համար միայն շնորհակալություն կարելի է հայտնել նրա ճառը գրողին: «Հայ ինքնության կարեւոր գրավականը մայրենի լեզուն է: Հարյուրամյակների ընթացքում հաճախ հենց հայոց լեզուն է փոխարինել Հայրենիքին,- ասվում էր ելույթում:- Հայոց լեզուն եւ հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության պարտադիր պայմաններն են: Փորձենք ազգովի պայմանավորվել, որ հայ ընտանիքում պետք է խոսել միայն հայերեն: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն»: Իհարկե, խոսքի հասցեատերը հիմնականում սփյուռքահայերն էին, քանի որ շեշտադրումն արված էր Սփյուռքում հայոց լեզվի պահպանման եւ տարածման վրա: Եվ պատահական չէ, որ սա համաժողովի առանցքային հարցերից էր:
«Մեր լեզուն հայապահպանության գլխավոր զենքն է, մեր գոյության հիմնասյունը, ազգային միաբանության կարեւոր գրավականը»,- ասել էր Սերժ Սարգսյանը՝ խոստանալով շարունակել ջանքերը, որ Հայաստանը դառնա մայրենիի ուսուցման կենտրոն՝ իր համալսարաններով, դպրոցներով:
Այս խոստումը եւ ընդհանրապես՝ այս ելույթն առաջացնում է շատ հարցեր: Մասնավորապես՝ կարո՞ղ ենք արդյոք մայրենիի ուսուցման կենտրոն դառնալու հավակնություն ունենալ այն պայմաններում, երբ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի անցկացրած գնահատման արդյունքներով՝ տարեցտարի մեր երկրում արձանագրվում է հայերենի իմացության խիստ ցածր մակարդակ: Հիշեցնենք, որ ԳԹԿ համաձայն՝ Երեւանի ենթակայության տակ գտնվող 20 դպրոցներում հայոց լեզվից կտրվել է 41%-ը, իսկ Սյունիքի մարզի ենթակայության 20 դպրոցներում՝ 48.5%-ը: Գնահատված 1926 9-րդ դասարանցիներից եւ ոչ մեկը չի ստացել 10 միավոր: Իսկ Հայաստանի բոլոր ավագ դպրոցներում հայոց լեզվից ամենաբարձր միջին միավորը 10-ից եղել է 5.1-ը: Եվ վաղուց հայտնի այս տվյալներից հետո ականատեսը չդարձանք, որ միջոցներ ձեռք առնվեին՝ լուծելու հայերենի ուսուցման որակին առնչվող խնդիրները: Դրանց թող ուղղված լիներ այն ջանքերի թեկուզ կեսի կեսը, որ կառավարությունը գործադրեց՝ ի պետս օտարալեզու դպրոցներ հիմնելու:
Կառավարության՝ հայերենի հանդեպ վերաբերմունքի մի դրսեւորումն էլ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունն էր, որով պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող անձանց համար վերացվում է հայոց լեզվի իմացության անուղղակի պահանջը:
Այս ամենից հետո արդյոք կարո՞ղ ենք պնդել, որ հենց Հայրենիքում, Սերժ Սարգսյանի ձեւակերպումների համաձայն՝ սրբացվում է հայոց լեզուն ու պահպանվում մեր ժողովրդի հավերժության պարտադիր պայմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել