Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԳՆԱ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՏԵՎԻՑ»

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"Համոզված է 1985-1990թթ. սոցապ նախարար, ԳԽ առաջին գումարման կոմունիստ պատգամավոր, այժմ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալայանը:

– 1990-1991-ից հետո ի՞նչն է փոխվել մեր երկրում, այն անկախությունը, որի համար բոլորս «այո» ասացինք եւ անգամ շատերս հուզվեցինք, արդյոք հենց սա՞ է, ինչին հասել ենք, թե՞ մենք բոլորովին այլ ուղղությամբ ենք գնում:
– Արդեն քսան տարի շարունակ մենք դարձել ենք անկախ պետություն. բոլորին շնորհավորենք, հաջողություն ցանկանանք, կարեւորը՝ պատերազմ չլինի, մնացած բաները կհաղթահարենք: Ի՞նչն է փոխվել. ես կասեի՝ լույսը չկար, հիմա լույս կա, ջուրը չի եղել, հիմա ջուրը կա (չփոխես հանկարծ իմ ասածները), դեպուտատների աշխատավարձը եղել է երեք հազար վեց հարյուր դրամ, ճիշտ կլիներ, որ այսօր դեպուտատների աշխատավարձը մեր աշխատավարձերի չափից գոնե երեք անգամ ավելի լիներ կամ այնքան, ինչքան մենք ենք այսօր ստանում: Ասում եք՝ ինչն է փոխվել՝ քաղաքն է փոխվել, գյուղական տնտեսություններն արդեն գնում են ֆերմերական տնտեսության, դա արդեն մեծ բան է նշանակում: Քսան տարեկան երեխան ինչո՞վ է փոխվում իր ծնունդից քսան տարի անց, փոփոխությունները շատ են:
– Այս բոլոր փոփոխությունները Դուք պատկերացնո՞ւմ էիք քսան տարի առաջ:
– Չէ, ես չէի պատկերացնում, որ այսքան բեւեռացում կլինի, կլինի շատ հարուստ խավ, մեր ժամանակվա մարդիկ կմտածեն, թե ոնց մի կերպ ապրեն: Վերջիվերջո, հարուստ լինելով՝ պետք է միշտ պահել սոցիալական անապահով շերտին. դա ամեն երկրում է այդպես: Դուք եթե հիշում եք, ես այն ժամանակ ունեի «Ապավեն» բարեգործական կազմակերպությունը, եւ չկար մի ամիս, որ ես օգնություն չուղարկեի կամ բանակին, կամ այստեղի սովածներին հաց չտայինք, կամ ծերերին, որ մենակ էին մնացել, չպահեինք, կամ մանկատան երեխաներին… ուզում եմ ասել, որ շատ բաներ, իհարկե, փոխվել են: Օրինակ՝ այն, որ հիմա ՀԷԿ-եր են կառուցում, որ լույսը երբեք չի լինի, որ կտրեն ու լույս չլինի, որովհետեւ միայն ատոմակայանի հույսին չենք:
– Իսկ այն, որ անցած քսան տարիներին Ղարաբաղի հարցում առաջընթաց չունենք:
– Ես ինքս ղարաբաղցի եմ եւ չեմ ամաչում ասել, որ մեկ է՝ Ղարաբաղը մերն է, ուրիշը չի կարող վերցնել: Եվ անգամ եթե ասում են, թե մարդիկ չեն գնա պատերազմելու, համոզված եղեք, որ անգամ կանայք, ովքեր այստեղացի են, գյումրեցի, ապարանցի, վանաձորցի եւ այլն, բայց թեկուզ մեկ անգամ տեսել են Ղարաբաղը, կգան կռվելու, եւ երբեք մեկ թիզ հող անգամ չենք տալու:
– Կոմունիստները եւ ՀՀՇ-ն ինչպե՞ս էին աշխատում առաջին գումարման Գերագույն խորհրդում, շա՞տ էիք վիճում:
– Այն ժամանակ կային մարդիկ, որ մեզ վրա ծիծաղում էին, հենց մենք հարց էինք տալիս կամ ելույթ էինք ունենում, օրինակ՝ վեր եմ կացել նախարար Թաշչյանին հարց եմ տվել, թե, օրինակ, Ձեր երկրում ի՞նչ կանեին, եթե ատոմակայանը ինչ-որ մարդիկ փակեին, ինքն ասաց՝ կգնդակահարեին: Ինքը եկել էր մեր երկիր որպես կառավարության ղեկավարի տեղակալ, անգամ հասարակ հարցերին չէր կարողանում պատասխանել, բայց մեր տված հարցերի վրա էլ ծիծաղում էր ՀՀՇ-ն: Այսօր կան տղաներ, որ կամ ձեռքս են համբուրել, կամ ջերմ բարեւել են, բայց դա ընկերական է, իսկ գաղափարապես մենք ՀՀՇ-ի հետ հակառակորդներ էինք:
– Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված են այս տոնակատարությանը, բայց երկուսն էլ չեն մասնակցում, ըստ ձեզ՝ ինչո՞ւ:
– Ես էլ թերթերից եմ իմացել, որ հրավիրված են եւ չեն գալու: Մենք՝ ԳԽ առաջին գումարման պատգամավորներս, իրար հետ կռվում էինք, աշխատասենյակներում ծեծվում էինք, բայց ոչ մեկը չէր իմանում, որ մենք կռվում էինք: Այդպես պետք է աշխատել: Մենք էինք, չէ՞, մշակում այսօրվա բոլոր օրենքները, այդ օրենքների հիմքը մենք էինք դնում, նստած գրում էինք, կարծում եք՝ հե՞շտ էր այն ժամանակ անցկացնել, օրինակ, հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մասին օրենքը, բայց անցկացրել ենք, չէ՞: Ամեն մեկի կաբինետը գնում էինք, խոսում էինք, համոզում էինք, կռվում էինք, բայց դրսում դա չէին իմանում: Ճիշտն այն է, որ բոլոր պրեզիդենտները հիմա, այս պահին միասին լինեն, չէ՞ որ սա պատմություն է: Տեսեք, թե ինչքան կուսակցություններ կան այսօր այստեղ, մարդիկ իրենց երջանիկ են զգում: Իհարկե, բոլորը չեն կարող նույն ձեւով մտածել, բայց ես գտնում եմ, որ սա Սերժ Ազատովիչի արած ամենից մեծ գործն է՝ բոլորին իրար կողքի դնելը, բոլորին ընդունելը, հրավիրելը:
– Դուք քսան տարի առաջ պատկերացնո՞ւմ էիք, որ ՀՀՇ-ն կդառնա ընդդիմություն, կլինեն այսպիսի առճակատումներ:
– Չէի պատկերացնում, որովհետեւ հայերը գիտեն, որ մեր պետությունը պետք է մենք բոլորս պահենք, պարզապես տեսնում են, որ Ուկրաինայում իրար ծեծում են, սովորում են, Բելառուսում՝ մի ուրիշ բան, Եվրապառլամենտում՝ մի ուրիշ, Ֆրանսիայում՝ մեկ այլ բան, եւ սովորում են այդ բաները, բայց չեն սովորում լավ բաները, չեն փորձում լավ բաները վերցնել:
– Մեզ այսօր ի՞նչն է պակասում, որ, ի վերջո, իրոք ապրենք ազատ, անկախ եւ բարգավաճ Հայաստանում:
– Այսօր պակասում են ժողովրդի գիտելիքները, օրենքների չիմացությունը, ժողովուրդը չի իմանում օրենքների մասին կամ՝ եթե անգամ օրենքը գիտի, չի գնում այդ օրենքի ետեւից: Ժողովուրդը պետք է գնա այդ օրենքի ետեւից՝ նույն առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ այլ նախարարություններում ժողովուրդը պետք է գնա եւ հարցնի՝ եթե այս օրենքը կա, ինչո՞ւ չի կատարվում: Ժողովուրդը ինքը պիտի ուզի, որ օրենքները կատարվեն: Այ, որ ասում են՝ դեմոկրատական պետություն, դեմոկրատական հասարակություն, այ, սրա մասին են ասում, մեզ մոտ դեռեւս չի ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել