Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏՈՆՈՒՄ

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"Բայց արդյոք անկա՞խ ենք, երբ մեր պետության սահմանները պաշտպանում է օտար երկրի զինուժը, երբ մեր անկախության զորահանդեսին «տիրոջ իրավունքով» պարզվում է այլ երկրի դրոշը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հաստատել է, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված այսօրվա տոնական զորահանդեսին հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների կողքին մասնակցող ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները Ռուսաստանի դրոշը պարզած են հրապարակ մտնելու: ՀՀ քաղաքացիների մի ստվար հատված, նաեւ լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր ընդվզում են սրա դեմ՝ համարելով դա նվաստացուցիչ:
Ահավասիկ, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն ու քաղաքական ուժերը ժամանակին պիտի մտածեին ոչ թե այն մասին, որ ռուսական ռազմակայանը Հայաստանում 49 տարի շարունակ մնա, որովհետեւ ճիշտ այդքան ժամանակ «մենք անկախության բավարար աստիճան չենք ունենալու, այնքան կարողություն չենք ունենալու, որ ինքներս պաշտպանենք մեր սահմանները, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ պիտի քայլեր անեին»: Նա հիշեցրեց, որ «Ժառանգությունն» այդ առնչությամբ ժամանակին պաշտոնական դիրքորոշում է հայտնել. «Մենք, թերեւս, միակ քաղաքական ուժն էինք, որ հստակորեն դեմ արտահայտվեցինք ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ներկայության ժամկետը երկարացնելուն, եւ ոչ թե նրա համար, որ դեմ ենք հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, այլ պարզապես կողմ ենք Հայաստանի անկախության կարգավիճակի աստիճանական բարձրացմանը: Հիմա, իհարկե, չենք կարող հիացմունք հայտնել, որ ականատես ենք լինելու նման իրողության, բայց դա այն է, ինչ արդեն կա, այն, ինչ հանդուրժել են քաղաքական մյուս ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր: Սա պոստ-ֆակտում իրավիճակ է, եւ մեզ ոչինչ չի մնում անել, քան դրա ականատեսը լինել»:
Իհարկե, ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են մտադիր «պոստ ֆակտումի» կողքից նայող ականատեսը լինել: Facebook սոց.ցանցում քաղաքացիների մի խումբ նախաձեռնել եւ մտադիր է այսօր «Քայլերթ՝ Հայաստանի Անկախության տոնին օտար զորախմբերի եւ դրոշների դեմ» բողոքի ակցիա կազմակերպել: Նրանք համարում են, որ ՀՀ անկախության տոնին ռուսական զինուժի քայլերթը, այն էլ՝ Ռուսաստանի դրոշի ներքո, նվաստացուցիչ եւ ապտակ է մեր պետության համար եւ ցուցադրում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստ. Սաֆարյանն ասաց, թե հարգում է այդ մարդկանց տեսակետ, դիրքորոշում եւ բողոք հայտնելու իրավունքն ու խրախուսում է նրանց նախաձեռնությունը, նաեւ կիսում է նրանց մտահոգությունները: «Ցավում եմ, որ մենք չկարողացանք, առաջին հերթին իշխանությունների մակարդակով, անցած 20 տարիներին Հայաստանի անկախության մակարդակն այնքան բարձրացնել, որ ի վիճակի լինեինք ինքներս մեր սահմանները հսկել, որ չկարողացանք կանխել եւս 49 տարով Հայաստանի անկախության կիսատ-պռատությունը»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ ե՛ւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, ե՛ւ որպես ՀՀ քաղաքացի՝ իր մտահոգությունները հայտնեց: «Ուզում եմ, ի վերջո, հասկանալ՝ ռուսական զինուժի ներկայությունը Հայաստանում ի՞նչ ռազմավարական, հստակ գծագրված նպատակներ է հետապնդում: Ժամանակն է, որ բարձրաձայնվեն այդ նպատակները, ինչպես դա արվում է բոլոր երկրներում: Մեր երկրում, ի վերջո, այլ երկրի ռազմական ուժ է տեղակայված: Ի՞նչ նպատակ են հետապնդում այդ ուժերը, ի՞նչ շահեկան գործոն նրանք կարող են հանդիսանալ, որովհետեւ զուտ հայ եւ ռուս ժողովուրդների հավերժական բարեկամության գործոնը շահարկելով՝ մենք եկել եւ հասել ենք նրան, որ ազգովի, ամբողջ պետությամբ անտեղյակ ենք, թե ինչպիսին են լինելու այդ զորքերի քայլերը Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում, Հայաստանում ներքին քաղաքացիական խռովությունների դեպքում, եթե այդպիսիք լինեն, ի՞նչ լիազորություններ եւ պարտավորություններ ունեն այդ զորամիավորումները: Այս ամենով հանդերձ, իհարկե, ռուսական զորքի առկայությունը Հայաստանում եւ զորահանդեսին ռուսական դրոշով մասնակցելն ինձ մոտ հարց է առաջացնում՝ եթե այդպես դրոշով գնում է մեր դաշնակիցը, ապա մենք ուրիշ դաշնակիցներ չունե՞նք: Ստացվում է, որ Ռուսաստանը մեր միա՞կ դաշնակիցն է»,- ասաց Ա. Սեդրակյանը՝ հավելելով, որ քանի դեռ այս հարցադրումների հստակ պատասխանը չկա եւ հանրայնացված չէ՝ նաեւ հստակ դիրքորոշում չի կարող լինել այդ զինուժի ներկայացվածության վերաբերյալ: «Համենայնդեպս, մի բան կարող եմ ցանկանալ՝ ավելի հստա՛կ պատկերացնենք, թե ինչ է նշանակում անկախ պետություն: Այս բոլոր թերասացություններն ու հարցերն առաջանում են նրանից, որ 20 տարիների ընթացքում մենք չենք ըմբռնել անկախ պետության գործառույթը: Իսկ եթե ռուսական զինուժն է օգնում մեր սահմանները պաշտպանել, ուրեմն պիտի հարցնենք՝ ի՞նչ է պատահել, եւ ինչո՞ւմ ենք մենք թերացել, որ ի զորու չենք ինքնուրույն պաշտպանել մեր սահմանները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել