Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում աղջկան չկպնելու ձեւ չկա»

Սեպտեմբեր 20,2011 00:00

Որովհետեւ որոշ մարդկանց համար «չէ» բառը չկա

\"\"

Հայաստանում գիշերային ակումբներն ու ստրիպտիզ շոուները բոլոր առումներով հասանելի են բոլորին: Եվ որքան ավելանում են այդ ակումբները, այնքան ավելի վատն է դառնում նրանց առաջարկած ծառայությունների որակը: Վճարելով ընդամենը 2-3 հազար դրամ, յուրաքանչյուրը կարող է ըմբոշխնել մերկապարուհու «էկզոտիկ» շոուն, իսկ լավ թեյավճարի դիմաց ձեռք տալ աղջկան, նստեցնել գիրկը եւ այլն:
Պարերով եւ երաժշտությամբ ուղեկցվող բեմական էրոտիկ ներկայացումը, որի մասնակիցները դրա ընթացքում աստիճանաբար՝ մասամբ կամ լրիվ մերկանում են՝ կոչվում է հեստապար, ու նմանատիպ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենքով: Ըստ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի՝ ստրիպ ակումբները պետք է տեղակայված լինեն բնակելի շենքերից եւ շինություններից, մանկապարտեզներից, ուսումնական եւ այլ հաստատություններից 300 մետր հեռավորության վրա։ Դրանք պետք է մատուցվեն միայն դրա համար նախատեսված փակ տարածքներում, մուտքի ցուցանակի վրա պետք է ընթեռնելի գրված լինի, որ 18 տարին չլրացած անձանց մուտքն արգելվում է, այդ ակումբների վրա փակցված ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում արգելվում է սեռական բնույթի որեւէ տեղեկատվություն, հեստապարերի նկարագրություն կամ դրանց պատկերներ զետեղելը։ Օրենքի ոչ միայն այս դրույթները, այլեւ այն, որ 18 տարին չլրացած անձանց մուտքը արգելվում է ստրիպ ակումբներ, Հայաստանում չի գործում: Այսինքն, եթե դու դեռ 18 տարեկան չես, բայց փող ունես, հաստատ «մուտքի վիզա» ունես: Ստրիպ ակումբների շրջանում անցկացված հարցախույզը ցույց տվեց, որ այս հաստատությունները երբեք «կլիենտի» պակաս չեն ունենում, եւ այցելուների թիվն էլ գնալով ավելանում է: Ակումբների մենեջերները վկայում են, որ ստրիպտիզ նայելու գնում են բոլորը, անկախ սոցիալական վիճակից, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: «Առավոտի» հետ զրույցում ակումբներից մեկի ադմինիստրատոր Արմենը ասաց, որ չնայած այցելուները տարբեր տարիքի, խավի մարդիկ են, սակայն հիմնականում «փողատերերն» են օգտվում ստրիպտիզի «private» եւ «VIP» ծառայություններից, որոնց գները սկսում է 10-20 հազար դրամից՝ «դա էլ է աղջկանից կախված: Աղջիկ կա՝ 5 րոպեում նենց մառոզ կանի, որ 200 հազար աշխատի: Պարողը պետք է ամեն ինչ անի, որ բավարարի կլիենտների պահանջները, իսկ նրանք շատ տարբեր ճաշակի տեր մարդիկ են»:
Մեր հարցին ի պատասխան՝ օրենքի համաձայն արգելվում է հաճախորդի եւ ստրիպ պարուհու միջեւ ֆիզիկական շփումը, ինչպես նաեւ հաճախորդի մասնակցությունը պարին, հաճախորդի եւ պարուհու միջեւ հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 2 մետր, արդյոք գործո՞ւմ է օրենքի այդ դրույթը, Արմենը ասաց. «Հայաստանում աղջկան չկպնելու ձեւ չկա: Եթե ինքը պարում է ու ինքը մերկացել է ու դրա դիմաց իրեն փողեր են տալիս, բա պիտի կպնեն, ձեռք տան ու էլի տենց բաներ… Ու բացի այդ, նենց մարդիկ են գալիս կլուբ, որ իրանց համար «չէ» բառը չկա, դու ուղղակի չես կարա իրան ասես մի մոտեցի, ձեռ մի քցի: Մարդը գալիս փող է ծախսում, ու լա՜վ փող է ծախսում ու նորմալ է, որ ուզում է հաճույք ստանա, վայելի»: Շարունակելով Արմենի կիսատ թողած նախադասությունը, նշենք, որ մի շարք ակումբներում ոչ միայն «ձեռք են տալիս» պարուհուն, այլեւ նրա հետ նաեւ սեռական հարաբերության մեջ են մտնում: Այս ամենով հանդերձ, մեր զրուցակիցը բողոքեց դրսից եկած (հիմնականում՝ Ուկրաինայից) պարուհիների ցուցաբերած «կամակորություններից». «Իրենք, ճիշտ է, սիրուն են, լավն են, բայց շատ պահանջկոտ են: Իրանց վրա ահագին փող ենք ծախսում, բերում այստեղ, մեկ էլ մի երկու ամսից թողում-գնում են: Իրանց դուր չի գալիս, որ իրանց ձեռ են տալիս: Բայց դե իրանց մոտ էլ է այդ նույն վիճակը: Թողնում-գնում են, մենք էլ փաստի առաջ ենք կանգնում: Պարուհու պահանջ միշտ է զգացվում: Շատ դեպքեր են եղել՝ հայտարարություններ ենք տվել, դրանց հետքերով նենց աղջիկներ են եկել, որ զարմանքից մեռել ենք: Ես իրանցից լավ ֆիգուրա ունեի: Ճիշտ է, հիմա մեր կլուբներում բառախլոն շատ ա, դրա համար էլ գները էժան են: Բայց դե եթե լավ շոու դնես, պրոֆեսիոնալ պարուհի բերես, մուտքի փողը չի կարա 2-3 հազար լինի: Այս դեպքում պիտի 25-30 հազար սարքես, իսկ այդպես էլ ամեն մեկը չի կարա գա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930