Գոռ Մինասյան:
Աղասի Աղասյան:
Հայկ Հակոբյան:
Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի հաշվարկին բերեց երկամարտի երկու մեդալ:
Կրտսեր՝ 20 տարեկանների խմբում կրկին փայլեց Գոռ Մինասյանը: 17-ամյա այս պատանին, որ ընդամենը մեկ ամիս առաջ Լեհաստանում ընթացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում, հանդես գալով +94 կգ քաշային կարգում, ոչ միայն բացահայտ առավելությամբ նվաճեց չեմպիոնի կոչումը, այլեւ պոկում վարժությունում 181 կգ արդյունքով սահմանեց այս տարիքային խմբի աշխարհի ռեկորդ, Ռումինիայում դարձավ արծաթե մեդալակիր: Ընդ որում, Գոռի բարձրացրած կիլոգրամները՝ 179+216, ինչպես նաեւ երկամարտի 395 կգ-ն երկրորդն էին՝ հաղթող ճանաչված իրենից տարիքով մեծ եւ անձնական քաշով ծանր վրացի Լաշա Տալախաձեի արդյունքից հետո:
Գոռ Մինասյանի այս նոր ձեռքբերումը նշանակալի է եւս երկու առումով: Նախ, նրա՝ երկամարտի 395 կիլոգրամը աշխարհի պատանիների ռեկորդի կրկնություն է, երկրորդ, մինչ այդ պատանի ծանրորդը երբեք չէր մոտեցել 216 կիլոգրամին, ինչը նա արեց Ռումինիայի մրցահարթակում:
Նույն օրը երեկոյան ասպարեզ մտավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 23 տարեկանների մրցապայքարին մասնակցող՝ նույնպես գերծանր քաշային Հայկ Հակոբյանը: Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ նրա բարձրացրած 181 կիլոգրամը լավագույն ցուցանիշը եղավ: Հրումում Հայկը ցույց տվեց 217 կգ (4-րդ արդյունք), ինչը մասնագետների պնդմամբ այս պահին նրա հնարավորությունների առավելագույնն էր, եւ երկամարտում իր անվան դիմաց գրանցելով 398 կիլոգրամ՝ բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:
Այսպիսով, Բուխարեստում մեր երիտասարդ ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին ինը մեդալ, իսկ միայն երկամարտում՝ մեկական ոսկի (Աղասի Աղասյան, 77 կգ, 23 տարեկաններ), արծաթ եւ բրոնզ: