Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարոկո» առաջարկ՝ ըստ Դանիել Երաժշտի

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"Աշխարհում լայն տարածում է գտել բարոկո ժամանակաշրջանի (16-18-րդ դդ.) երաժշտությունը: Ամենուր ստեղծվում են բարոկո անսամբլներ, երաժշտական կրթօջախներում բացվում բարոկո երաժշտության ուսումնասիրման եւ կատարման բաժիններ, կիրառվում այդ ժամանակահատվածի հնագույն գործիքներ, ինչպիսին են կլավեսինը, լյութնան, բարոկո ջութակը, փողային գործիքները եւ այլն:
Հայաստանում հնագույն երաժշտության առաջին անսամբլը «Շարականն» էր, որ ստեղծվեց 1981թ., որն էլ մինչ օրս հնչեցնում է հիշյալ դարերում ստեղծագործած կոմպոզիտորների երկեր: Բարոկո շարժումը Հայաստանում նոր թափ է ստացել: Վերջերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած բարոկո երաժշտության համերգից հետո «Առավոտը» կարճ զրույց ունեցավ արվեստի վաստակավոր գործիչ, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Դանիել Երաժշտի հետ: Նա ողջունեց կայացած համերգի նախաձեռնող, ֆագոտահար, արվեստագիտության թեկնածու Շմավոն Գրիգորյանի հայաստանյան գործունեությունը եւ նշեց, որ ֆագոտահարը ներկայումս հանդիսանում է The World Orcestra միջազգային նվագախմբի արտիստ, այս տարվա ընթացքում Երեւանում ունեցել է 5 համերգ՝ հանդես գալով ոչ միայն որպես մենակատար, այլեւ անսամբլի արտիստ: «Կրտսեր կոլեգաս արժանապատիվ հետնորդն է իր հոր՝ Հրաչյա Գրիգորյանի, ով տարիներ շարունակ «Շարականի» մենակատարն էր: Նա, ֆագոտից բացի, նվագում էր նաեւ բարոկո-ֆլեյտա: Եվ, որ ամենակարեւորն է, այս անգամ Շմավոնը ներկայացավ հայաստանցի եւ եվրոպացի իր  համախոհ երաժիշտների հետ: Համերգը կազմակերպել էր Ազգային օպերային թատրոնը, ու պատահական չէ վերջինիս տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետեւյալ միտքը, թե այլազգի երաժիշտները այս դեպքում, փաստորեն, բարոկո երաժշտության միջոցով պարզապես սիրահարվեցին Հայաստանին»,- հայտնեց Դանիել Երաժիշտը: Վերջինս հիշեց նաեւ ժամանակին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից «Շարականին» նվիրված բարոկ-ֆլեյտաների 4 տարատեսակները, փաստելով, թե հնագույն երաժշտություն ունկնդրելիս ակամա տեղափոխվում ես Աստծո տաճար:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում ճանաչված դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի առաջարկով բացվել է բարոկո երաժշտության բաժին: «Կուզենայի Երեւանի կոնսերվատորիայի նորանշանակ ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն էլ մտածեր այս ուղղությամբ: Ի վերջո, բաժնի ստեղծումով ուսանող երաժիշտները հնարավորություն կունենան ուսումնասիրել ոչ միայն բարոկո ժամանակաշրջանում ստեղծագործած կոմպոզիտորների գործերը, այլեւ ծանոթանալ բարոկո գործիքների կատարողական, ոճական առանձնահատկություններին»,- ասաց Դանիել Երաժիշտը:
Հավելեց, որ բարոկո շրջանի հովերով է գրել Ջութակի եւ նվագախմբի բարոկո-կոնցերտը անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930