Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրախաղեր՝ նվիրված անկախությանը

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"Երիտասարդական նվագախումբը՝ համարձակ նախագծերով

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը վերջերս է վերադարձել Օդեսայից, որտեղ մասնակցել է այդ քաղաքի հիմնադրման 217-ամյակին նվիրված համերգին: Նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հաջողությամբ ելույթ է ունեցել «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնի շրջանակներում: Երիտասարդականի հետ հանդես են եկել դաշնակահարներ Ջուլիա Զիլբերկվիտը (ԱՄՆ) եւ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Բոտվինովը (Ուկրաինա): Ս. Սմբատյանն ասում է, որ հրաշալի փառատոն էր ու բարդ ծրագիր. «Մեր համերգը փայլուն անցավ, հոտնկայս ծափահարություններով: Երբ ստանում ես հրավեր նման քաղաքից, դա արդեն հրապուրիչ է: Իսկ երբ համերգի ավարտից անմիջապես հետո ասում են, որ էլի են ուզում քեզ հրավիրել, հասկանում ես, որ գործն արվել է ճիշտ եւ կոռեկտ»:
Հնչել են Սեզար Ֆրանկի, Դեբյուսիի, Չայկովսկու, Խաչատրյանի եւ Հարությունյանի ստեղծագործություններից:
Այժմ էլ, ինչպես «Առավոտին» պատմեց Սերգեյ Սմբատյանը, նվագախումբը հյուրախաղերի է պատրաստվում Եվրոպայում, որը նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին: Սեպտեմբերի 26-ին երիտասարդական նվագախումբը հանդես կգա Բրյուսելի PALAS DES BEAUX-ARTS հայտնի համերգասրահում՝ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ ջութակահար Կարեն Հարությունյանի հետ: Սեպտեմբերի 27-ին հերթական ելույթն է Բեռլինի KONZERTHAUS համերգասրահում՝ սոլիստ Գեւորգ Հակոբյանի (բարիտոն) հետ: Հաջորդ օրը համերգ է նշանակված Կարլզրուեի KONZERTHAUS-ում (սոլիստներ՝ Գեւորգ Հակոբյան, Լուսինե Խաչատրյան): Հոկտեմբերի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգ ունի Հաագայի Dr. ANTON PHILIPSZAAL/ LUCENT DANSTHEARTER աշխարհառչակ սրահում:
«Հպարտ ենք, որ ելույթ ենք ունենալու դասական երաժշտության մայրաքաղաքներում: Օրինակ, Հաագայում առաջին հայ կոլեկտիվն ենք»,- նշում է մեր զրուցակիցը: Նա համամիտ չէ այն կարծիքին, թե Հայաստանում չի գնահատվում դասական արվեստը. «Մեր նվագախմբի գոյությունը հակառակն է փաստում»: Ս. Սմբատյանը հիշում է՝ երբ 5-6 տարի առաջ նոր-նոր ձեւավորվում էր կոլեկտիվը, իրենք ամեն ինչ զրոյից էին սկսում, բայց նաեւ ուրախ էին, որ չունեն որեւէ սահմանափակում: «Համարձակ նախագծեր ենք անում, մեկ-մեկ խախտում ենք ժանրային գաղափարը՝ հնչեցնելով ինչպես դասական, այնպես էլ ավելի ժամանցային կամ, այսպես ասած՝ ժամանցային-դասական երաժշտություն: Ուրախ ենք, որ դա ոչ միայն արտերկրում, այլեւ Հայաստանում լավ է ընկալվում… Ուղղակի հրաշալի է, որ Երիտասարդական նվագախումբը կայացրել ենք անկախ երկրում, ունի պետական կարգավիճակ, Հայաստանում կարեւորում են երիտասարդների գործը, դրանով իսկ մեզ դրդելով, մղելով նորանոր հաջողությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել