Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք են մեծ հանցագործները»

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\" 3.5 տարվա անազատության դատապարտված Գագիկ Կարապետյանի մայրը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության եւ ՀՀ վերաքննիչ դատարանների կայացրած դատավճիռները՝ 3, 5 տարվա ազատազրկման դատապարտելով Ստեփանավանի բնակիչ Գագիկ Կարապետյանին:
25-ամյա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ քրօրի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: Գագիկը մեղադրվում է նաեւ ՀՀ քրօրի 1691 հոդվածով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու համար:
Նրա մայրը՝ Սուսաննա Տրանդաֆիլովա-Սարգսյանը նշում է, որ իր որդուն անհիմն են դատապարտել, ավելին, պնդում է, որ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնությունների է ենթարկվում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանը ինձ հետ վիճաբանեց՝ եթե դու սենց շարունակեցիր, բողոքեցիր, մենք որդուդ այնքան կծեծենք, որ ծեծելով կսպանենք»,- ասում է մայրը:
Շուրջ 1 տարի որդուն անազատության մեջ պահելու դեմ բողոքող մայրը վերջերս է դուրս գրվել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայից:
«Իբր խուլիգանություն եմ արել: Երկու օր պահեցին ոստիկանությունում, երրորդ օրը որոշեցին ուղարկել հոգեբուժական կլինիկա: Քիչ է՝ որդուս անմեղ դատապարտել են, այն դեպքում, երբ հանցավոր խումբը թափառում է ազատության մեջ, դեռ փորձում էին ինձ ձերբակալել, որ չբողոքեմ: Ինձ էլ անհիմն ուղարկեցին կլինիկա»,- հոբեբուժական կլինիկայում 19 օր մնալու պատճառների մասին է պատմում տիկին Սուսաննան:
Փորձագիտական հանձնաժողովի կայացրած եզրակացությամբ՝ 47-ամյա կինը չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ: Մեղսունակ է:
Նա վրդովվում է այն պատճառով, որ իր որդուն դատապարտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված հանցագործության համար, այն դեպքում, երբ որդին անմեղ է, միայնակ է կրում պատիժը, իսկ մեղավորները մինչ օրս ազատության մեջ են:
«Դատերին հանցավոր խմբից ոչ ոք չկար, ոչ ոքի չեն բացահայտում, չեն դատապարտում, անմեղին դատապարտում են, հանցավոր խմբին էլ թաքցնում են»,- տեղեկացնում է Սուսաննա Տրանդաֆիլովա-Սարգսյանը:
Գագիկ Կարապետյանի փաստաբան Կարինե Գասպարյանն ասում է, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները թերի են, հակասական:
«Մարդուն դատապարտել են խմբի կազմում գողություն կատարելու համար, բայց մինչ օրս խումբը հայտնաբերված չէ: Բնական է, որ մայրը նման անօրինականությունների դեմ չի կարող իր բողոքը չհայտնել»,-պարզաբանում է փաստաբանը:
«Թույլ չեն տալիս տղայիս տեսնել: Մեկ տարի է՝ երեխայիս նորմալ չեմ տեսել, ասում են՝ մի բողոքի, թե չէ ընդհանրապես չենք թողնի»,- վրդովվում է տիկին Սուսաննան, ով որդու գործով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Թող իմ երեխուն տան, ես ստեղից թողնեմ, հեռանամ: Եթե էս վիճակով գնա, Հայաստանում շուտով հայ չի մնա: Անմեղներին դատապարտում են, հանցավոր խմբին թաքցնում են, նորմալ մարդուն էլ փորձում են գիժ հանել: Ինչ ա, իմ ջահել երեխուն տանեն, ծեծելով սպանե՞ն: Իրենք են մեծ հանցագործները, գողերը: Հենց ՔԿՀ-ներում իրանք անմեղներին հանցագործ են դարձնում»,- նշում է տիկին Սուսաննան:
Նա որոշել է դիմում-բողոք ուղարկել նաեւ ՀՀ նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել