Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԶԱՐՈՎ՝ ՎԱՍՆ 10 ՄԻԼԻՈՆԻ

Սեպտեմբեր 20,2011 00:00

Տեղացիները գովեցին, սփյուռքահայերը քննադատեցին, դաշնակները՝ խուսանավեցին

\"\"

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան համալիրի այն սրահում, որ Սերժ Սարգսյանը հանդիպել էր հայաստանյան կուսակցությունների ղեկավարներին, անձամբ վարել նիստը եւ շոշափելի արգասիք ու առարկայական արդյունք չէր ունեցել, երեկ աշխատանքը սկսեց «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական առաջին համաժողովը», նիստը էլի վարում էր Սերժ Սարգսյանը եւ մաղթեց արգասաբեր աշխատանք ու առարկայական արդյունքներ:
Հավաքին մասնակցում էր 46 երկրի 151 կազմակերպության ավելի քան 500 ներկայացուցիչ, գումարած հայկական երկու պետությունների ղեկավարները, հայկական երկու եկեղեցիների առաջնորդ-վեհափառները, բազմաթիվ պաշտոնյաներ…… համաժողովին ներկաների թիվը կարող է հասնել 1000-ի:
Բացի Սերժ Սարգսյանից, բացման խոսքով հանդես եկավ եւս 11 պատվիրակ: Սերժ Սարգսյանի նման նրանք էլ մաղթանքներ ու բարի ցանկություններ բարձրաձայնեցին: Մաղթանքների պակաս չկար. մաղթվեց բարեկեցություն, բարգավաճում, հաջողություններ, հաղթանակներ, իրապաշտություն, գործապաշտություն եւ այլն, եւ այլն: Բացման խոսք ասած 12 հոգուց 8-ը սփյուռքահայ էր, որոնցից հինգը (Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյան, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյան, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյան) նկատեցին, որ Հայաստանից շարունակվող արտագաղթը լուրջ տագնապ եւ մարտահրավեր է ու հետեւանք Հայաստանում հանապազօրյա հաց վաստակել չկարողանալու: Հայաստանի տնտեսական ոչ վատ վիճակի եւ արտագաղթի ոչ աղետալի ծավալի մասին խոսող մեր պաշտոնյաները լուռ լսում էին:
Եթե այլք առաջարկում էին միակամ գործել՝ Հայաստանը սփյուռքի, իսկ սփյուռքը Հայաստանի համար հնարավոր առավելագույնը անելու պայմանով, ապա ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանը, իր խոսքով, «անզգուշության աստիճանի բաց եւ անկեղծ», թողած սփյուռք ու համաժողով, հայրենասիրության մասին դասախոսություն կարդաց, դատափետեց հայ-թուրքական սառած արձանագրություններն ու նկատեց, որ 20-ամյա Հայաստանը թաղված է կոռուպցիայի եւ աղքատության մեջ եւ հաճախ Հայաստանը սփյուռքին չի թողնում իրենով հպարտանալ: Սրանից քիչ անց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը արձանագրեց, որ հայրենասիրությունը հեռակա չի լինում: 20-ամյա Հայաստանում ՀՅԴ-ն ավելի քան 10 տարի իշխանության մեջ է եղել եւ իշխանությունից հեռացել է միայն հայ-թուրքական արձանագրությունների, ասել է թե՝ արտաքին քաղաքականության մեջ խիստ որոշակի հարցի հետ չհամաձայնվելու արդյունքում: Ուրեմն մեր ներքին կյանքում առկա արատների համար իր ոչ փոքր մեղքն ունի նաեւ ՀՅԴ-ն, մի բան, որի մասին ՀՅԴ-ն չի խոսում ոչ մի տեղ:
Երեկ մեր հայրենակիցները ճաշեցին ՀՀ նախագահի հետ, այսօր ճաշելու են ՀՀ վարչապետի հետ: Համաժողովում թեմատիկ նիստեր են լինելու, խոսելու են հայապահպանությունից, Հայոց ցեղասպանությունից, երիտասարդությունից, Հայաստան-Սփյուռք գործակցությունից: Բայց միայն բացման խոսքերը բավական էին հասկանալու համար, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է: Օրինակ, վեհափառներից Գարեգին Բ-ն նկատեց, որ մենք համախմբված լինելու համար ոչ մարդկային, ոչ ֆինանսական, ոչ մտքի, կամքի, ոչ որեւէ այլ պակաս չունենք, բայց չասաց, թե ինչու համախումբ չենք: Վեհափառ Արամ Ա-ն նկատեց, որ 20-ամյա Հայաստանում խնդիրներ կան, կոռուպցիա կա, մարդիկ հեռանում են ու հրամայական անհրաժեշտություն է համահայկական մտածողություն որդեգրելը: Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը առաջարկեց համահայկական խնդիրները լուծելու համար ունենալ համազգային խորհուրդ: Առաջարկներն ընդունվեցին ծափերով:
Կոռուպցիայի դեմ պայքարը մյուսներն էլ կարեւորեցին: Հայաստանում ժողովրդավարության եւ օրենքի գերակայության մասին խոսեց նույն Արա Աբրահամյանը, ով ՌԴ քաղաքացի լինելով, Հայաստանի օրենքները խախտելով՝ ընտրությունից ընտրություն երեւում է մեր ներքաղաքական կյանքում: Միայն ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանը հստակ արձանագրեց. ժողովրդավարություն ունենալու համար պետք է մնայուն արժեքներ դառնան խոսքի ազատությունը, ընտրությունների ազատությունն ու մարդու իրավունքների հարգանքը:
Հայ օգնության միության կենտրոնական վարչության փոխատենապետուհին նկատեց. սփյուռքը գոյության խնդիր ունի, որը չի կարող լուծել առանց հայրենիքի: Սրանից առաջ Սերժ Սարգսյանն արդեն ասել էր, որ սփյուռքը մեր ցավն է ու մտահոգությունը, մենք չենք ուզում, որ սփյուռքը դառնա Երեւանի անդեմ կցորդ, ուզում ենք փոխլրացնել իրար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել