Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոկոնաթ»-ին տուգանեցին

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"Երեկ 20 միլիոն դրամով տուգանվել է լուծվող սուրճի ներկրման ոլորտում խոշոր ծավալներ ունեցող «Մոկոնաթ» ընկերությունը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:
Հանձնաժողովի ուսումնասիրություններով բացահայտվել է, որ վերոնշյալ ընկերությունը տեւական ժամանակ լուծվող սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը: Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ մի որոշ ժամանակահատված էլ «Մոկոնաթը» գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին, այսինքն՝ ընկերությունն իրականացրել է դեմպինգ, ինչի արդյունքում էլ լուծվող սուրճի շուկայում կարողացել է զբաղեցնել գերիշխող դիրք՝ ներկրման ծավալներով դառնալով առաջատար: Հանձնաժողովի փորձագետները այս ընկերության վարքագծի հետ կապված բավականին ուշագրավ բացահայտումներ են կատարել: Մասնավորապես՝ համաձայն ընկերության կողմից հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի, լուծվող սուրճի ձեռքբերման գինը կազմել է 820 դրամ, սակայն վաճառքը տեղի է ունեցել գնման գնից անհամեմատ ցածր արժեքով՝ 620 դրամով: Այս գործելաոճով շուկայում առաջատար դիրքերի հասնելով, ընկերությունը կտրուկ փոխել է իր վարքագիծը եւ վարել է հակառակ քաղաքականություն: Նույն 820 դրամով ձեռք բերված սուրճը վաճառել է քառակի թանկ՝ 3300 դրամով:
Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը տեւական ժամանակ գործել է օրենքի ակնհայտ խախտումներով եւ գերշահույթներ կորզել սպառողներից:
 Ի դեպ, ընկերության կողմից հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է նաեւ, որ ապրանքի ձեռքբերման եւ վաճառքի գները ակնհայտորեն չեն համապատասխանում իրական շուկայական գներին, ինչի հետ կապված բոլոր նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե: 

Նշենք, որ սա այն ընկերությունն է, որը զբաղվում է նաեւ երշիկեղենի արտադրությամբ: «Մոկոնաթը» մեկն էր այն ընկերություններից, որը գոմեշի միս էր ներկրում Հնդկաստանից ու այդ ժամանակահատվածում արժանացել էր ՀՀ վարչապետի նկատողությանը, քանի որ պարզվել էր, որ այդ ընկերությունները սատկած գոմեշի միս էին ներկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել