Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՈՉ ՄԻ ԶՂՋՈՒՄ

Սեպտեմբեր 20,2011 00:00

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթին մասնակցելու է նաեւ ռուսական ռազմական ստորաբաժանում: Երեկ այդ առնչությամբ տարածված տեղեկությունը, որը զայրույթ ու դիմադրություն էր առաջացրել մասնավորապես Facebook սոցիալական ցանցում, որտեղ այդ փաստը «խայտառակություն», «նսեմացում» եւ «արժանապատվություն չունենալ» էր որակվել, «Առավոտի» հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Կարապետյանը. «Զորահանդեսին Հայաստանի Հանրապետության  զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների կողքին  քայլերթով անցնելու են նաեւ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները՝ մի փոքր խումբ: Դա պայմանավորված է նրանով, որ այդ ռազմակայանը մաս է կազմում հայ-ռուսական զորքերի միացյալ ուժերի եւ  մասնակցում է ՀՀ անվտանգության ապահովմանը»:
ՊՆ մամուլի խոսնակը նաեւ հերքեց շրջանառվող տեղեկությունները, թե զորահանդեսին մասնակցելու են նաեւ ՀԱԿՊ ուժերը, բայցեւ հավելեց, թե՝ «զորահանդեսին մասնակցելու է նաեւ ՀՀ զինված ուժերի այն ստորաբաժանումը, որը նախատեսված է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի միջոցառումներին մասնակցելու համար, բայց դրանք մեր՝ ՀՀ զորամիավորումներն են»:
Ինչ վերաբերում է  զորահանդեսին ռուսական զինված ստորաբաժանման մասնակցության առնչությամբ բարձրացած բողոքին, ապա Դավիթ Կարապետյանի ասելով. «Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորը հիմքերը մեր հասարակության համար անակնկալ նորություն չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել