Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՄԱՄԲ ԷԼ ՉԵՍ ՀՆԱՐԻ

Սեպտեմբեր 20,2011 00:00

Մեր գործիչները հաճախ չեն անում հայտարարություններ, որոնք առանց որեւէ մեկնաբանության էլ խիստ խոսուն լինեն: Բայց անցած շաբաթավերջը հարուստ էր նման արտառոց ու փոքր-ինչ զավեշտալի պնդումներով: Դրանցից առանձնացրել ենք մի քանիսը՝ որպես յուրօրինակ թոփ-5:
Առաջինը հիշատակենք շաբաթ օրը հրավիրած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի արած պնդումը. «Առաջիկա գործընթացները ցույց կտան, որ «Ժառանգությունը» մնալու է մայրուղում»: Չնայած Հայաստանում ապրելու տարիներին պրն Հովհաննիսյանի բառապաշարում հայտնվել են որոշ ռուսերեն բառեր, այնուամենայնիվ՝ մեր երեւանյան ժարգոնին նա թերեւս լավատեղյակ չէ, այլապես կուսակցության համար չէր կանխորոշի «տռասին մնալու» անփառունակ հեռանկարը:
Երկրորդը մեջբերվելու արժանի է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՌԱՀ անդամ Ժիրայր Դադասյանը, որը «ՀԱ»-ին ասել էր. «Չեմ ուզում, որ Հյուսիսային պողոտայում ծառ լինի, որ չփակի ճարտարապետությունը»: Թեթեւ ցնցակաթված առաջացնող այս խոստովանությունից հետո նա պատմում է, որ երբ առաջին անգամ «Նեւսկի պրոսպեկտը» տեսա, հիացմունքս չէի կարողանում զսպել: Այնտեղ ծառ չկա, բայց բոլոր հատող փողոցները պուրակներ են՝ թոքերի հանգույն»: Ու հետո առաջարկում է. «Եկեք մտածենք այգիների մասին, թե չէ՝ երբ խոսում են Հյուսիսայինի ծառերի մասին, նյարդերս չեն դիմանում»: Նրա նյարդերը խնայելու ազնիվ նպատակով չենք շարունակի բնապահպանական թեման:
Երրորդը ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն է, որը «168 ժամ»-ին ասել է. «Այս երկխոսությունն ամեն գնով ուզում ենք փայփայել, պահպանել: Ինչո՞ւ այդ նույն ձեւով չի վարվում ՀԱԿ-ը: Մի ակտիվիստ է, թող մի քանի ամիս էլ նստի: Ուրիշ բան, որ հենց այնպես ենք բռնել, չէ՞ որ ընդհարում է եղել»: Հենց այնպես բռնելու մասին խոստովանությունն, իհարկե, ուշագրավ է: Բայց առավել սրտառուչ է այն անհոգությունը, որով ՀՀԿ փոխնախագահը կոչ է անում Տիգրան Առաքելյանին մի քանի ամիս էլ նստել: Սա հիշեցնում է անեկդոտը բժշկի մասին, որը հանգստացնելու համար հիվանդին, որի ոտքը պետք է հեռացնեն՝ ասում է. «Ձեր ոտքն ինձ բոլորովին չի անհանգստացնում»: Հիվանդը պատասխանում է. «Քո գլուխն էլ կտրեին՝ իմ պետքը չէր լինի»:
Չորրորդ մեջբերումն էլի Ռազմիկ Զոհրաբյանից է. «ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում օրենսդիր աշխատանքում ակտիվ աշխատող մարդկանց է ներգրավելու: Մեզ մումիաներ պետք չեն»: Հետաքրքիր է՝ արդյոք կենդանի կարելի՞ է անվանել մարդկանց, որոնք ԱԺ-ում առավոտյան մի քանի անգամ քվեարկելուց հետո ցույց չեն տալիս կենդանության այլ նշաններ:
Եվ հենց վերոհիշյալին է արձագանքել մեր հինգերորդ մեջբերման հեղինակը՝ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, որը «7 օր» կայքէջի թղթակցի հարցին՝ «Իսկ Դուք ձեզ մումիա համարո՞ւմ եք», պատասխանել է. «Ես մումիա լինելու համար առջեւում դեռ մի 40 տարի ունեմ»: Այս մի արտահայտությունն էլ արդեն պոետիկ տրամադրություն առաջացրեց՝ հիշեցնելով դեռեւս բանաստեղծ Վահագն Աթաբեկյանի կոչն արալեզներին. «Եվ դուք ինձ մի՛ լիզեք: Դուք ինձ դեռ մի՛ լիզեք: Իբրեւ դիակ ես դեռ կատարյալ չեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել