Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժքույրը՝ դատախազի բռունցքների զոհ

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"Տուժածին խորհուրդ են տալիս չբողոքել, որովհետեւ դատախազ Հակոբ Հակոբյանը մեծամեծների հետ է «նստում-վեր կենում»:

«Առավոտի» տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 11-ին, ժամը 13.50-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է տվել Մարտունու բուժկենտրոնի «Շտապօգնության» բաժանմունքի բուժքույր, 43-ամյա Գոհար Եսայանը (լուսանկարում) եւ հայտնել, որ նույն օրը ստացված կանչի համաձայն, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լիճք գյուղ: Կանչը տվել էր նույն գյուղի բնակիչ Սահակ Հակոբի Սիմոնյանը: Հիվանդը Ս. Սիմոնյանի հարսն էր՝ Հերմինեն: Բուժքույրը ոստիկաններին հայտնում է, որ ժամը 12.45-ի սահմաններում Սիմոնյանենց բնակարանում իրեն հարվածել եւ որովայնի շրջանում մարմնական վնասվածք է պատճառել Երեւանի Մոլդովական 25/1 շենքի բնակիչ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պատիժների եւ հարկադրանքի, այլ միջոցների կիրառման օրինականության հսկողություն իրականացնող բաժնի դատախազ, 39-ամյա Հակոբ Սահակի Հակոբյանը: Վերջինս Սահակ Սիմոնյանի որդին է եւ հիվանդի ամուսինը: Մեզ հետ զրույցում բուժքույր Գոհար Եսայանը պատմեց հետեւյալը. «Կանչը ստացել ենք ու բժիշկ Հրաչյա Խաչատրյանի հետ ՈՒԱԶ-իկով գնացել ենք Լիճք գյուղ: Հիվանդը նեւրոզով մի կին էր: Տանը գտնվող մի կին, որի անունը Անգին էր, ասաց, որ ինքը բուժքույր է: Ներարկման ժամանակ ինձ հարցրեց, թե ինչ եմ ներարկում, ես էլ ասացի, որ էդ հարցով դիմեք բժշկին, քանի որ մեզ ցուցված չէ հիվանդի ներկայությամբ մանրամասնել, թե ինչ ենք ներարկում: Անգինը սկսեց բղավել վրաս եւ վիճաբանել ինձ հետ: Այդ աղմուկին ներս մտավ բժիշկը եւ նրա հետ մի տղամարդ, ով սկսեց ամենավերջին հայհոյանքները տալ իմ հասցեին եւ ապտակեց ինձ: Բժիշկը կանխեց նրա հետագա հարձակումն ինձ վրա, սակայն այդ ընթացքում նա հասցրեց ոտքով հարվածել որովայնիս, որից հետո բժիշկը բարկացած նրան դուրս հրավիրեց: Իսկ Անգինն սկսեց ինձ մեղադրել, թե «դուք հիվանդ մեռցնող եք, մի քանի օր առաջ էլ եկաք մեկի տուն, մեռել տարան»: Բուժքույրն ասում էր նաեւ, որ այդ դեպքը եղել է մեկ շաբաթ առաջ, եւ բրիգադը մահացածի տուն հասել է վերջինիս մահից 15 րոպե հետո: «Բուժական միջամտություններն ավարտելուց հետո դուրս եմ եկել ու կատարվածի մասին պատմել մեր վարորդին՝ Հանիբալ Ենոքյանին: Արդեն դրսում էդ տղամարդը նորից բռունցքներով հարձակվեց ինձ վրա, հետո էլի մեր բժիշկը միջամտեց, ու մենք վազելով նստեցինք մեր ՈՒԱԶ-իկը»,- պատմեց Գոհար Եսայանը: Վարորդ Հանիբալ Ենոքյանը «Առավոտին» ասաց. «40 տարուց ավելի «Շտապօգնության» ավտո եմ քշում, էղել ա, որ հիվանդների հետ խոսք ու զրույցներ են եղել, բայց չեմ տեսել, որ օգնություն ցուցաբերող բժշկուհուն ծեծեն: Բայց մեկ ա, մենք նույն օրը ճշտեցինք, ասեցին, որ էդ մարդը մեծամեծների հետ նստում, վեր ա կենում, ոչ մի բան էլ չեք կարա անեք, ընենց որ՝ ձեններդ կտրեք, տեղներդ նստեք»: Լիճքում պատմում էին, որ մի տարի առաջ էլ է դատախազ Հակոբ Հակոբյանը ինչ-որ պատմությունների մեջ ընկել, բայց էլի «ջրից չոր ա դուրս եկել»: Ոստիկանությունը, ըստ տեղացիների, գործը փակել է:
Շտապօգնության ներկայացուցիչների վրա հարձակվելը Հայաստանում կարծես թե օրինաչափություն է դարձել. «Առավոտին» հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 18-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի 44 շենքի բակում 38-ամյա Ֆելիքս Սարգսյանը ծեծի է ենթարկել «Շտապ բուժօգնության» 7-րդ ենթակայանի 72 բրիգադի վարորդ, 59-ամյա Հմայակ Վարդանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել