Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱ ԱՍՏՎԱԾ, ՈՐ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆԵՐԵԼ ՄԵԶ»

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ այս ընդունելությունը՝ երկու օր շարունակ քննարկվում էր հարցերի հարցը՝ կհրավիրի՞ Սերժ Սարգսյանը նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հրավիրեց, բայց առաջին նախագահը «ավազակապետերի հետ սեղան չնստեց»: Հրավիրված էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, բայց նա էլ չեկավ՝ հանրապետությունում չէր: Երեկ ԱԺ բակում հսկայական սեղաններ էին գցված, «կենդանի» երաժշտություն կար, հյուրերը կանգնած էին խումբ-խումբ՝ նախկին եւ ներկա խմբակցություններով: Չկային ՀՀՇ-ի այսօրվա ընդդիմադիր հատվածը, «Արդարություն» դաշինքի անդամները (ներկա էր միայն Արամ Գ. Սարգսյանը), Պարույր Հայրիկյանը եկավ ուշացումով: Գրեթե բոլոր հյուրերը իրենց տիկնանց կամ ամուսինների հետ էին: ՀՀ օրհներգի «կենդանի» կատարումից հետո ՀՀ նախագահը կարճ խոսք ասաց, որում մասնավորապես նշեց. «Ունեցանք նաեւ կորուստներ եւ սխալներ, որոնք մեր չիմացության կամ անկազմակերպվածության արդյունք էին: Այդ սխալների համար հարկ է առնվազն ներողություն հայցել, անշուշտ, այդ 20-ամյա պատանուն (ելույթի նախորդ հատվածում մեր անկախ պետականությունը համեմատվել էր քսանամյա պատանու հետ- Մ. Ե.) ներողությունը պետք չէ, մեզ է պետք, որ չկարողացանք պահպանել մեր ընկերների կյանքը, որ դեռ չենք կարողացել ապահովել բոլոր ընտանիքների բարեկեցիկ ու արժանավայել կենցաղը, որ երբեմն անգամ չենք վարանել, բառի բուն իմաստով, իրար դեմ ելնել, որ ծննդյան տոնակատարության պահին անգամ տոնական սեղանի շուրջ ունենք դատարկ աթոռներ: Տա Աստված, որ մենք կարողանանք ներել մեզ՝ ժամանակին հասկանալով ու ուղղելով մեր բոլոր սխալները»:
Ապա մի խումբ պատգամավորներ պարգեւատրվեցին «օրինաստեղծ գործունեության ու ժողովրդավարության զարգացման համար»: Ու երբ, ըստ այբբենական կարգի, առաջինը հնչեց Վարդան Այվազյանի անունը, կողքիս կանգնած Հակոբ Սանասարյանը չթաքցրեց իր դժգոհությունը եւ անմիջապես հանքերի թեմայով մի երկու «քաղցր խոսք» ասաց: Պարգեւներ ստացան ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, Վոլոդյա Բադալյանը, Վազգեն Կարախանյանը, Գալուստ Սահակյանը, «Ժառանգություն»-ից՝ Անահիտ Բախշյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Ռուբեն Գեւորգյանը, ՀՅԴ-ից՝ Ռուզան Առաքելյանը, Արտյուշա Շահբազյանը, ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, մեծամասնական ընտրակարգով ընտրված Ռուստամ Գասպարյանը, Միքայել Վարդանյանը: Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ ինքը եւ «Ժառանգությունը» ծառայել ու ծառայելու են մեր ազգի արժանապատիվ կյանքի ապահովման հարատեւ նպատակին:
ԳԽ նախկին պատգամավոր, 1985-1989թթ. սոցապ նախարար, այդ ժամանակ՝ կոմունիստ, այժմ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Բալյանը «Առավոտի» խնդրանքով զուգահեռ անցկացնելով 20 տարի առաջվա եւ այսօրվա միջեւ՝ ասաց. «Լույսը երբեք այլեւս չի լինի որ կտրեն, որովհետեւ մեր հույսը միայն ատոմակայանը չէ, աշխատատեղեր են ստեղծվում, ես ինքս ղարաբաղցի եմ եւ չեմ ամաչում ասել, որ, մեկ է՝ Ղարաբաղը մերն է»: (Տիկին Բալյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում): ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հարցրինք՝ սա՞ է այն անկախությունը, որին ձգտում էինք ազգովի. «Այս քսան տարիների ընթացքում տեղի ունեցավ այն, ինչը հիմնադրվեց քսան տարի առաջ»:
Ղուկաս Ուլիխանյանի ասելով՝ պետք է հպարտանալ, որ կերտել ենք անկախությունը. «Անկախությունը մենք ձեռք բերեցինք պայքարելով, իհարկե՝ մոտեցումներն այլ էին, այլ բան էինք պատկերացնում, բայց մի բան է պատկերացնելը, մեկ այլ բան է իրականացնելը, եւ ես կարծում եմ՝ ամենակարեւորը, որ մենք ձեռք ենք բերել՝ հպարտությունն է, որ մասնակցել ենք այս անկախության ձեռք բերմանը»: Մեր հարցին՝ այն, ինչ այսօր ունենք, համապատասխանո՞ւմ է Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանի տեսլականին, պարոն Ուլիխանյանն ասաց. «Վազգեն Սարգսյանի երազանքն այն էր, որ քսանմեկերորդ դարը մերն է լինելու, ես կարծում եմ՝ մերն է լինելու»: Մեկ այլ նախկին պատգամավորի՝ Արտավազդ Սահակյանին հարցրինք՝ արդյոք այսօր վայելո՞ւմ ենք հենց այն անկախությունը, որի համար տղաներ կռվեցին, արդյոք այսօր չկա՞ն սոցիալական խնդիրներ, անվտանգության խնդիրներ, լուծվա՞ծ է Ղարաբաղի հարցը, արդյոք հենց սա՞ էինք երազում, երբ երիտասարդ էինք քսան տարով: Ի պատասխան՝ պարոն Սահակյանն ասաց. «Ես եղել եմ ազատագրական շարժման մասնակիցներից մեկը եւ հպարտ եմ մեր անկախությամբ: Այո, այսօր սոցիալական խնդիրներն առկա են, եւ դա հատուկ է յուրաքանչյուր նորանկախ պետության, ինչ վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը, ապա՝ ես օրերս էի այնտեղ, նոր եմ վերադարձել, պարգեւատրվել եմ Ղարաբաղի նախագահի կողմից եւ չեմ կարծում, որ որեւէ մեծ վտանգ կա մեր անկախությանը: Իհարկե, ցանկալի է, որ մեր երկրում ժողովրդավարությունն ավելի խորանա, ավելի գերակայող լինի օրենքի իշխանությունը, նաեւ ձեզ մաղթում եմ, որ ավելի լավատես լինեք»:
Արարատ Գոմցյանը համոզված ասաց. «Մենք ինչի համար որ պայքարել ենք, այսօր դա կա, մենք պահպանել ենք մեր անկախությունը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում ապրող հայության, այլեւ ամբողջ աշխարհի հայության, որոնց թիվը տասնութ միլիոն է՝ այս թվի մեջ մտնում են նաեւ մուսուլմանացած հայերը, որոնք պետք է ետ գան իրենց հավատին: Եվ ես գտնում եմ, որ մենք այսօր գտնվում ենք մի հանգրվանում՝ թե ռազմական, թե տնտեսական, թե քաղաքական, թե սոցիալական, եւ կարող ենք ասել, որ հասել ենք իննսուն թվականի մեր ձգտմանը՝ Հռչակագրից սկսած»: Մեր հարցին՝ կլինի՞ մի օր, երբ մեր երկրի բոլոր ներկա եւ նախկին նախագահները հանգիստ խղճով կկանգնեն իրար կողքի եւ միասին կընդունեն շնորհավորանքներ, ասաց. «Ես հավատում եմ այդ օրվան, անկեղծորեն հավատում եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել