Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՇԻՆՔՈՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԼԻՆԻ»

Սեպտեմբեր 20,2011 00:00

\"\"Համոզված է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար  Հեղինե Բիշարյանը

– Ներքաղաքական իրավիճակը կարծես ավելի շատ կուլիսային զարգացումներ ունի, եւ տեսանելի քիչ բան է կատարվում, մի տեսակ ձանձրալի եւ անհավես սկսվեց, օրինակ, ԱԺ աշնանային նստաշրջանը. տպավորություն կա, որ պատգամավորները եւս հոգնած են, մինչդեռ նախընտրական վիճակում, թվում է, պետք է ավելի ակտիվ լինեին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ներքաղաքական իրավիճակն այսքան անգույն:
– Բնականաբար, ցանկացած գործընթաց, առավել եւս՝ քաղաքական, ունի իր կուլիսային կողմը: Ցանկացած քաղաքական որոշման նախորդում են որոշակի զարգացումներ, իսկ դրանց մենք կանվանենք կուլիսային, թե այլ կերպ՝ արդեն ձեւակերպման խնդիր է: Ներքաղաքական իրավիճակի գույների մասին. միգուցե նման տպավորության պատճառը նաեւ այն է, թե ինչ սպասումներ կային աշնանային նստաշրջանից եւ քաղաքական զարգացումներից: Այն, որ սպասելիքները չեն արդարացել, չի նշանակում, որ իրավիճակը ձանձրալի է եւ հոգնեցուցիչ: Ուղղակի պետք է նշեմ, որ երկարատեւ արձակուրդից հետո, որքան էլ մարդիկ լիցքաթափված լինեն, դժվար է միանգամից մտնել ակտիվ աշխատանքային պրոցեսի մեջ: Չպետք է նախընտրական վիճակը պատկերացնել որպես մարտադաշտ, դա բնականոն քաղաքական գործընթացների շղթա է, որի ժամանակ քաղաքական ուժերը եւ գործիչները համեմատաբար ավելի ակտիվ են: Միեւնույն ժամանակ պետք է փաստեմ, որ մենք դեռեւս չենք գտնվում նախընտրական շրջանի կուլմինացիոն փուլում, եւ օրինաչափ եմ համարում ներկա իրավիճակը:
– Ըստ որոշ լուրերի, կոալիցիոն քաղաքական ուժերը հնարավոր է խորհրդարանական ընտրությունների կգնան մեկ միասնական ցուցակով, Դուք այս մոտեցմանը ինչպե՞ս եք վերաբերվում, չե՞ն փոշիանա արդյոք առանձին վերցրած կուսակցությունների ձայները:
– Ընթացիկ ժամանակահատվածում «Օրինաց երկիր» կուսակցությունը կազմակերպչական եւ քաղաքական ակտիվ աշխատանքներով է զբաղված: Բոլոր համապետական ընտրություններին կուսակցությունը մասնակցել է առանձին եւ անհրաժեշտ ներուժն ու ռեսուրսներն ունի առաջիկա ընտրություններին եւս առանձին մասնակցելու եւ հաջողություն արձանագրելու համար: Ավելացնեմ նաեւ, որ ներկայումս կոալիցիոն անդամ կուսակցությունների միջեւ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու քննարկումներ չկան: Բայց եթե լինեն, բնականաբար մենք կքննարկենք, որոշում կկայացնենք, ու հասարակությունը դրա մասին կտեղեկանա: Դաշինքով մասնակցությունը չպետք է ինքնանպատակ լինի: Այն պետք է բխի մեր պետության ու հասարակության երկարաժամկետ ու ռազմավարական նշանակության նպատակներից ու շահերից: Նաեւ պետք է արձանագրել, որ դաշինքով մասնակցություն դեռ չի նշանակում քաղաքական սկզբունքների կամ ինքնուրույնության կորուստ: Դաշինքը ենթադրում է ծրագրերի, գաղափարների ու նպատակների համադրում, քաղաքական գործիքների ու ռեսուրսների մոբիլիզացիա եւ ամենակարեւորը՝ այդ ծրագրերի ու նպատակների իրականացման միասնական կամք ու աշխատանք: Այս պարագայում հասարակությունը, ում բարեկեցության բարձրացմանն են ուղղված դաշինքի ձեւավորումն ու գործունեությունը, չի կարող ադեկվատ վերաբերմունք չցուցաբերել: Այսինքն՝ առանձին վերցրած կուսակցությունների ձայները ոչ միայն չեն փոշիանա, այլեւ կավելանան հօգուտ նույն այդ դաշինքի, որի անդամ է տվյալ կուսակցությունը: Դաշինքով ընտրությունների գնալը ունի եւ դրական, եւ խոցելի կողմեր. շատ բան կախված կլինի քաղաքական իրավիճակից, ապագայի կառուցման գերակայությունից եւ բազմաթիվ այլ գործոններից: Գլխավորը, սակայն, այն է, որ ճանապարհ անցած, կենսագրություն ունեցող կուսակցություններն ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, որը, անկախ կուսակցության՝ ընտրություններին մասնակցության ձեւաչափից, քվեարկում է տվյալ կուսակցության օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել