Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ քսանիններորդ

ՄԱՀԱՑՈՒ ԵՎ ՈՉ ՄԱՀԱՑՈՒ

Եվ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր հոգեւոր հովիվներից քչերն են գրաբար իմանում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեծ մասը զուբրիտ արած արտասանում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «բայց օրենքով պիտի բոլորը գրաբար իմանան», եւ Աբոն հարցրեց՝ «ո՞ր օրենքով», եւ Հայկունը պատասխանեց ու ասաց՝ «մեր Առաքելական եկեղեցու օրենքով», եւ Աբոն ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «երեւի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեր Հայկունն ամեն ինչ գիտի», եւ Հայկունն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էն հովիվը, որ գրաբար չգիտի, ոչ թե հովիվ ա, այլ՝ չոբան», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «ավելի լավ ա՝ մեր հովիվները սովորական ու հասկանալի հայերեն իմանան, որ իրանց ոչխարների հետ սովորական ու հասկանալի լեզվով խոսեն», եւ Սերոբն Աբոյին ասաց՝ «քո ասածը աղանդներն են, Ալբերտ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «աղանդավորների ղեկավարներն են ոչխարների հետ սովորական ու հասարակ լեզվով խոսում», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ոչխարները մեկը մյուսի հետեւից աղանդավոր են դառնում», եւ Մաղաքիան ասաց՝ «մեկը մյուսի հետեւից անդունդն են գլորվում», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «խեղճ ոչխարներն ի՞նչ մեղք ունեն» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, աղանդների հովիվներն էլ են նույն բաներն ասում՝ ինչ որ մեր տերտերները», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «բայց աղանդավորների հովիվները պարզ ու հասկանալի լեզվով են ասում, իսկ մեր տերտերները՝ մենակ գրաբար», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «չափազանց թյուր տեղեկություններ ունենք», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ոչ մի տեղեկություն էլ չունենք. մենք մեր աչքի տեսածն ենք ասում», եւ Աբոն ժպտալով ավելացրեց՝ «մեկ էլ՝ մեր ականջների լսածը», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով Մաղաքիային ասաց՝ «Տեր Հայր, առանձնապես տեղեկություն հարկավոր չի՝ հասկանալու համար, որ ոչխարները գրաբար չեն հասկանում», եւ Աբոն ժպտալով ավելացրեց՝ «էդ հասարակ բանը հասկանալու համար առանձնապես մեծ խելք էլ հարկավոր չի», եւ Հայկունը ժպտալով ինձ հարցրեց՝ «դու գրաբար գիտե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «վայ էն իմանալուն», եւ Հայկունը հաղթական նայեց Մաղաքիային ու ժպտալով ասաց՝ «էս մարդը հազար տարվա բանասեր ու բանաստեղծ ա. ինքը որ գրաբար չգիտի, հասարակ ու շարքային ոչխարները ո՞նց պիտի գրաբար իմանան», եւ Աբոն ժպտալով ասաց՝ «Արմենը մենակ բանասեր ու բանաստեղծ չի. ինքը արձակի սաղ ռեկորդներն էլ ա արդեն խփել», եւ Մաղաքիան զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչ ռեկորդներ», եւ Հայկունն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «շատ ու երկար գրելու գծով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ծավալի իմաստով», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «որ երեսուն տոկոս թոքերով էդքան գրել ա, պատկերացրեք՝ լրիվ թոքերով ինչքան կգրեր», եւ Մաղաքիան ժպտալով ինձ հարցրեց՝ «կարեւորը շատ ու երկար գրե՞լն է», եւ ես մեղավոր ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Հայկունը ժպտալով ասաց՝ «արձակի սաղ ռեկորդները խփել ա, բայց դուզգյունի գրաբար չգիտի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ ռուսները մեզնից ավելի հավատացյալ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ իրանց հին ռուսերենն իրանց համար ավելի հասկանալի ա, քան մեր համար՝ մեր գրաբարը», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «իրանց հին ռուսերենը նույնիսկ մեր համար ա գրաբարից ավելի հասկանալի», եւ Մաղաքիան հոգոց հանելով ասաց՝ «ամեն ինչ անլրջացնում եք» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «ամեն ինչ զավեշտի եք վերածում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ամենամեծ զավեշտն էն ա, որ սուտ խոսալը մեղք չի համարվում», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մահացո՛ւ մեղք չի համարվում», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թեկուզ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Մաղաքիային հարցրեց՝ «բա ի՞նչն ա մահացու մեղք համարվում. կարա՞ս մի հատ մահացու մեղքի օրինակ ասես», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «օրինակ՝ հպարտությունը» եւ ժպտալով ավելացրեց՝ «հպարտությունը մահացու մեղք է համարվում», եւ Հայկունն ապշահար նայեց Մաղաքիային ու անսպասելի ճչաց՝ «ի՞նչ», եւ սրճարանում նստածները մեզ նայեցին, եւ Աբոն Հայկունին ասաց՝ «մի գոռա», եւ Հայկունը ձայնը ցածրացնելով ասաց՝ «հպարտությունը ո՞նց կարա մեղք համարվի», եւ Աբոն ասաց՝ «էն էլ՝ մահացու մեղք», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես չեմ որոշողը», եւ Աբոն զարմացած ասաց՝ «հպարտությունն ավելի շատ դրական հատկություն ա, քան՝ բացասական», եւ Հայկունը գոռաց՝ «միանշանա՛կ դրական հատկություն ա», եւ Մաղաքիան զարմացած նայեց Հայկունին ու զարմացած հարցրեց՝ «բայց ինչո՞ւ ես գոռում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչքան էլ գոռաս, հպարտությունը դրական հատկություն չի դառնա», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ժպտալով Մաղաքիային ասաց՝ «պարզվում ա՝ հոգեւոր հովիվներն էլ հումորի զգացում ունեն», եւ Աբոն ծիծաղելով ասաց՝ «որ հումորի զգացում չունենային՝ ո՞նց կարող ա հպարտությունը մահացու մեղք համարեին», եւ Սերոբն ասաց՝ «հնարավոր ա, որ հնում հպարտությունը բացասական հատկություն համարված լինի, Ալբերտ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հնարավոր ա, որ էդ բառն առաջներում բացասական նշանակություն ունեցած լինի», եւ Հայկունը մի քիչ մտածեց ու ապշահար հարցրեց՝ «հպարտությունը ո՞նց կարա բացասական նշանակություն ունենա», եւ Սերոբը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի առաջներում հպարտություն բառը մեծամտության ու գոռոզության իմաստով ա օգտագործվել», եւ Մաղաքիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ Սերոբի կարծիքին», եւ Սերոբն էլի ինչ-որ բան ասաց, եւ Հայկունն էլ չհամաձայնվելով՝ ինչ-որ բան ասաց, բայց երկուսի ասածներն էլ հիմա չեմ հիշում, եւ չնայած հիշում եմ, որ ես ու Աբոն էլ էդ կապակցությամբ ինչ-որ բան ասացինք, հիմա ոչ Աբոյի ասածն եմ հիշում ու ոչ էլ՝ իմը, որովհետեւ էդ պահերից սկսած՝ մեխանիկորեն էի մասնակցում էդ զրույցին, եւ ուշքումիտքս արդեն երեսունտոկոսանոց թոքերս էին, որովհետեւ էդ պահին արդեն երկու հազար տասի մայիսի երեքն էր, ու էդ պահին արդեն գիտեի, որ ինձ համար միանգամայն նոր ժամանակներ են սկսվում, եւ չնայած նախքան էդ էլ էի երեսունտոկոսանոց թոքերով ապրել, այդուհանդերձ, երեսունտոկոսանոց թոքերով ապրելս չէի իմացել ու չէի գիտակցել, որովհետեւ երկու հազար տասի ապրիլի երեսունի առավոտյան միայն զինվորական հոսպիտալի համակարգչային ռենտգենն էդ փաստն արձանագրեց, բայց երկուշաբթի՝ մայիսի երեքի առավոտյան միայն վիճակիս լրջությունը հասկացա ու գիտակցեցի, եւ վիճակիս լրջությունը հասկանալով ու գիտակցելով՝ առավոտյան արդեն իմ պատանեկության ընկեր սրտաբան Կարոյի կաբինետում էի, եւ չնայած հաստատ որոշել էի Կարոյին թոքերիս վիճակի մասին ասել, եւ չնայած համակարգչային ռենտգենի էդ նկարածը հետս վերցրել էի, այդուհանդերձ, հարմար պահ չեղավ, եւ Կարոյին վիճակս նկարագրելու փոխարեն՝ իր հետ դույն գրազը բռնեցի, եւ նույն իրիկուն խաղադրույքս «Միլանի» վրա դնելով՝ իջա «Տրիումֆ» սրճարան, եւ «Տրիումֆում» Տեր Մաղաքիայի ու տղերքի հետ էդ, ուրեմն, մահացու ու ոչ մահացու մեղքերի հարցն էինք քննարկում, եւ չնայած էդ խոսակցությունն ու էդ բանավեճն իմ ու Կարոյի գրազի առթիվ էին ծագել, մի պահից սկսած՝ էդ բանավեճն արդեն ամենից քիչ ինձ էր հետաքրքրում, եւ նույնիսկ «Միլանի» վրա դրած խաղադրույքիս արդյունքն արդեն ինձ չէր հետաքրքրում, որովհետեւ արդեն երկու հազար տասը թվականի մայիսի երեքն էր, եւ ապրիլի երեսունի առավոտյան արդեն զինվորական հոսպիտալում համակարգչային ռենտգենով թոքերս նկարահանել ու ինձ տեղեկացրել էին, որ, էդ պահի դրությամբ, թոքերիս ընդամենը երեսուն տոկոսով եմ ապրում, շնչում, ստեղծագործում եւ այլն. այսինքն, երկու հազար տասի ապրիլի երեսունի առավոտյան համակարգչային ռենտգենի շնորհիվ իմացա այն՝ ինչը սովորական ռենտգենն ու սովորական բժիշկներն ի վիճակի չէին եղել իմանալ ու ինձ էլ իմացնել, բայց ամենից տհաճն, այնուամենայնիվ, հոսպիտալի գնդապետ թոքաբանի ճշմարտախոսությունն էր առ այն, որ որեւէ ճար չունեմ՝ թոքերիս վիրահատությունից բացի, ու էդ գնդապետ թոքաբանի իրատեսությունն ու ճշմարտախոսությունն էն աստիճանի էին, որ վերջում խոստովանեց նաեւ, որ իմ առումով վիրահատությունն էլ առանձնապես ելք ու փրկություն չի, եւ հիմա, էս պահի դրությամբ, արդեն սույն թվականի մայիսի տասնմեկն է, եւ հույսս արդեն միմիայն Աստծո հետ եմ կապել, եւ չնայած էդ համակարգչային թոքաբան գնդապետի չափազանց խիստ ու չափազանց իրատեսական կարծիքն Աստծո տարբերակն էլ էր բացառում, այդուհանդերձ, էս մի քանի օրերի ընթացքում ինձ հաջողվեց հնարավորինս մոռացության մատնել թոքաբան գնդապետի էդ չափազանց իրատեսական կարծիքն ու բացառապես Աստծուն ապավինել, ավելի ստույգ՝ Աստծուն ու Էլեոնորա Մնացականովնային, որն Ավանդական բժշկության համալսարանի ամենահեղինակավոր պրոֆեսորն է, եւ, ի տարբերություն այլոց, Էլեոնորա Մնացականովնան ինձ ոչ թե կտրուկ արգելեց ծխել, այլ միանգամայն մարդկայնորեն հորդորեց ծխելը հնարավորինս պակասեցնել, ու երեւի նաեւ էդ հանգամանքն է պատճառը, որ էս պահին Էլեոնորա Մնացականովնային ավելի եմ վստահում ու հավատում, քան մյուս բժիշկներին եւ նույնիսկ Հանրապետության գլխավոր թոքաբան Սարկավագյանին, ում մոտ ընկնելը չափազանց դժվար է, բայց լրագրող ընկերներս ու հատկապես ընկերուհիներս խոստանում են, որ Քուշկյանի միջոցով կհաջողացնեն ինձ արժանացնել Սարկավագյանի ուշադրությանն ու ընդունելությանը, իսկ Պետրոսյան Լուսոն ուրիշներից իմանալով, որ ահագին ժամանակ երեսունտոկոսանոց թոքերով եմ իր ու բոլորի հետ առնչվել, առանց ինձ հարցնելու ու առանց հետս պայմանավորվելու՝ արդեն զանգել Քուշկյանին ու Սարկավագյանի մոտ արդեն ընդունելություն էր նշանակել տվել, բայց երբ Լուսոյին ասացի, որ Ավանդական բժշկության համալսարանի եւ անձամբ Էլեոնորա Մնացականովնայի հետ եմ հույսերս կապել, Լուսոն մեծահոգաբար համաձայնվեց հետաձգել Սարկավագյանի տարբերակը, եւ, պիտի ասեմ, որ Սարկավագյանի տարբերակը նաեւ նկարիչ Հակոբ Հակոբյանն էր պնդում, որը Սարկավագյանի դուռդռան հարեւանը լինելով՝ եւս պատրաստակամություն հայտնեց միջնորդել ու բարեխոսել, եւ նկարիչ Հակոբ Հակոբյանի միջոցով նաեւ իմացա, որ հանրապետության գլխավոր թոքաբանն իմ հարգարժան գրչընկեր ու ճանաչված գրող Կարպիս Սուրենյանի հարազատ որդին է, եւ չնայած առ էսօր չգիտեմ՝ ինչու է Սուրենյանի հարազատ որդին Սարկավագյան ազգանունը կրում, միանգամայն վստահ եմ, որ հարկ եղած դեպքում անձամբ Կարպիս Սուրենյանն էլ ինձ համար կբարեխոսեր, բայց Սարկավագյանի տարբերակը հետաձգելով՝ Հակոբ Մովսեսի հորդորով Էլեոնորա Մնացականովնայի տարբերակն ընտրեցի, եւ հիմա ինքզինքս Աստծո ու Էլեոնորա Մնացականովնայի ողորմածությանը հանձնած՝ արդեն իմ ու Կարոյի գրազի մասին էլ եմ մոռացել, ավելի ճիշտ՝ ոչ թե մոռացել եմ, այլ իբրեւ երկրորդական բան եմ հիշում, եւ իբրեւ երկրորդական բան հիշելով՝ հիմա արդեն մտածում եմ, որ շատ էլ ճիշտ են արել, որ ստախոսությունը մահացու մեղքերի շարքը չեն խցկել, եւ հիմա՝ էս պահին այլ կերպ մտածել չեմ կարող, որովհետեւ էս պահի դրությամբ Էլեոնորա Մնացականովնան ինձ արդեն լիարժեք հույս է տվել՝ հավատացնելով ու հավաստիացնելով, որ իր ծանոթներից ու իր կլիենտներից ոմանք երեսունտոկոսանոց թոքերով մի տասնհինգ տարի ձգել են, եւ, դրանից էլ բացի, թոքերիս համակարգչային պատկերն ուսումնասիրելով՝ Էլեոնորա Մնացականովնան ինձ նաեւ հավաստիացրեց, որ թոքերիս մնացորդը ոչ թե երեսուն տոկոս է, այլ՝ երեսունհինգից էլ ավելի, եւ եթե հանկարծ պարզվի, որ Էլեոնորա Մնացականովնան ինձ ոչ թե ճշմարտությունն է ասել, այլ խաբելով հուսադրել է, ես նույնիսկ էդ դեպքում Էլեոնորա Մնացականովնայի կենսատու սուտը կգերադասեմ գնդապետ ու բարձրաստիճան բժիշկների անմարդկային ու խստահայաց ճշմարտախոսությունից, եւ հազար օղորմի մեր հոգեւոր հայրերին ու նրանց անցավորներին, որ էն գլխից էս տեսակ իրավիճակներ ենթադրելով ու կանխատեսելով՝ ստախոսությունը ոչ թե մահացու մեղք են համարել, այլ ընդամենը՝ սովորական ու հերթական մեղք՝ դրանով իսկ հնարավորություն տալով Էլեոնորա Մնացականովնային, իմ պատանեկության ընկեր Կարոյին ու մնացած բոլոր մարդասերներին եւ հատկապես բժշկական աշխարհի մարդասերներին, որպեսզի վերջիններս իրենց հիվանդներին հավելյալ հույսեր պարգեւելով՝ հորդորեն ապրել ու գոյատեւել, եւ հազար օղորմի մեր հոգեւոր հայրերին ու նրանց անցավորներին, որ հպարտությունը ոչ թե սովորական ու հերթական, այլ միանգամայն մահացու մեղք են համարել ու համարում, եւ հպարտությունը մահացու մեղք համարելով՝ հաստատ նկատի են ունեցել նաեւ ճշմարտախոս մարդատյացներին, եւ հատկապես ու առանձնապես՝ բժշկական աշխարհի ճշմարտախոս մարդատյացներին, որոնք իրենց հիվանդներին հուսադրելու ու գոտեպնդելու փոխարեն՝ իրենց ողջ հպարտությամբ ցցվում են խեղճուկրակ հիվանդների դիմաց եւ մերկապարանոց ու դաժան ճշմարտություն են բարբառում՝ դրանով իրենց հպարտությունն ու անձը ցցելով, ցուցանելով ու կարեւորելով, եւ երբ «Տրիումֆում» Տեր Մաղաքիայի հետ մահացու ու ոչ մահացու մեղքերն էինք քննարկում, ասածս էս նրբությունները դեռեւս չէի հասկանում ու գիտակցում, եւ չնայած արդեն տեսել ու ճանաչում էի հպարտ ու ճշմարտախոս թոքաբան գնդապետին, Էլեոնորա Մնացականովնային դեռեւս չէի ճանաչում, ու էդ էր պատճառը, որ մոտալուտ վախճանիս գաղափարով տարված ու զբաղված՝ ընդամենն ականջիս պոչով էի լսում մահացու ու ոչ մահացու մեղքերի շուրջ ծավալված բանավեճը, եւ եթե էդ իրիկուն էսօրվա փորձս ու խելքս ունենայի, հաստատ Տեր Մաղաքիայի կողմը կանցնեի եւ Հայկունին ու Աբոյին հակադրվելով՝ ինքս էլ իմ կողմից կհաստատեի ու կպնդեի, որ ստախոսությունն ամենեւին էլ մահացու մեղք չի, մանավանդ՝ բարի ու կենսատու ստախոսությունը, եւ շատ էլ ճիշտ է մեր եկեղեցին, որ ստախոսությունը մահացու մեղք չի համարում, եւ նմանապես ճիշտ է, որ հպարտությունը մահացու մեղք է համարում, եւ միայն հիմա՝ մեր ու Տեր Մաղաքիայի զրույցից տասը օր անց եմ էսպես մտածում, որովհետեւ էս ընթացքում ոչ միայն բավական երկար մտածեցի կյանքի ու մահվան մասին, այլեւ Էլեոնորա Մնացականովնայից հաճելիորեն տեղեկացա, որ էս պահի դրությամբ ոչ թե թոքերիս ընդամենը երեսուն տոկոսն է գործում, այլ՝ ամբողջ երեսունհինգը, եւ Էլեոնորա Մնացականովնային առնչվելով՝ հասկացա նաեւ, որ առողջապահության տարաբնույթ աշխարհը ոչ միայն ճշմարտախոս հպարտներով է բնակեցված, այլեւ՝ համեստ ու մարդասեր ռոմանտիկներով, եւ հատկապես էս վերջին օրերին են աշխարհն ու երկինքը լեցուն Աստծով, բայց էդ մասին ավելի մանրամասն՝ ավելի հետո, իսկ մինչ այդ պիտի շտապեմ ավարտել էս ընթացիկ հատորս, որովհետեւ երեւի դուք էլ զգացիք, որ էս ընթացիկս չափից ավելի ձգձգվեց, եւ դրա համար առնվազն հարգելի պատճառ ունեի. ես ընդհանրապես չէի շտապում ավարտել էս ընթացիկ տասներկուերորդն ու տասներեքերորդն սկսել, որովհետեւ շատերի պես ինքս ել տասներեք թվի հետ կապված ինչ-ինչ մտավախություններ ունեմ, ավելի ճիշտ՝ ունեի, բայց հիմա էդ մտավախություններս մանրից հօդս են ցնդում, որովհետեւ երեսուն եւ նույնիսկ երեսունհինգ տոկոսանոց թոքերով ծիծաղելի է տասներեք ու մյուս թվերի միջեւ տարբերություններ փնտրել ու գտնել, եւ հատկապես իմ դեպքում է դա ծիծաղելի, որովհետեւ, եթե ես հավատում եմ ինձ հույս տվողներին եւ հատկապես ու առանձնապես Էլեոնորա Մնացականովնային, պարտավոր եմ ոչ միայն առաջիկա տասներեքերորդ հատորիս տեսլականով սահմանափակվել, այլեւ տասնչորսերորդի եւ նույնիսկ տասնհինգերորդի մասին էլ մտածել, եւ հատկապես ինձ համար է հեշտ տասներեքերորդի շուրջ չսեւեռվելն ու մլուլ չտալը, որովհետեւ ժամանակին Հավատացյալ Խորենից լսել եմ, որ տասներեք թվից ոչ թե քրիստոնյաները պիտի վախենան ու սարսափեն, այլ, ընդհակառակը, մահմեդականներն ու այլադավանները, որովհետեւ տասներեքը տասներկու առաքյալներն են՝ գումարած Հիսուս Քրիստոսը, եւ Հավատացյալ Խորենն էդ հանգամանքը չափազանց բարի ժպիտով էր ասում ու նշում՝ առանց պարտադրելու, որովհետեւ էդ մասին ոչ թե Սուրբ ու կարեւոր գրքերում էր կարդացել, այլ հավատացյալ ինչ-որ ծանոթից էր լսել, ու էդ լսածի վրա առանձնապես չկենտրոնանալով ու չսեւեռվելով՝ հակված էր, այնուամենայնիվ, հավատալ, որ տասներեքն իր մեջ առանձնապես բացասական բովանդակություն չի պարունակում, եւ բնավ ցանկալի չի գերվել ու անձնատուր լինել տասներեքի հետ կապված պատրանքներին, անկախ նրանից, թե տասներեքն իրականում ինչ է նշանակում ու խորհրդանշում, ու հիմա տասներեքի հետ կապված Հավատացյալի ասածը հիշելով՝ շտապում եմ ավարտին հասցնել էս տասներկուերորդն ու անմիջապես անցնել տասներեքերորդին, բայց, նախքան տասներեքերորդին անցնելս, պարտավոր եմ ավարտել բջջային հեռախոսի մասին կիսատ թողածս. եթե դեռեւս հիշում եք, ես Ուպռավլենու փոստային բաժանմունքի դռների մոտ ծրարը բացելով՝ գոհունակությամբ տեղեկացա, որ Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գագոն Վոլգոգրադից ինձ ոչ մի բջջային էլ չի ուղարկել, բայց, ցավոք սրտի, էդ ծանուցագիրը ոչ միայն էդ էր ավետում, այլեւ գուժում էր, որ մենք «Արմենթելին» քսանչորս հազար պարտք ունենք, եւ քանի որ երեք տարի առաջ քսանչորս հազար դրամն անհամեմատ մեծ փող էր՝ քան հիմա, Գագոյից էդ չարաբաստիկ բջջայինը չստանալուս առթիվ էն ուրախությունն ու բերկրանքը չապրեցի՝ որ կարող էի ապրել, բայց էդ ուրախությունն ու բերկրանքը միանգամայն լիարժեք ու լիասիրտ ապրեցի ընդամենը մի քանի ժամ անց, որովհետեւ փոստից կնոջս վերադառնալը մի քանի ժամ տեւեց՝ ոչ միայն էն պատճառով, որ փոստում ահագին հերթ էր եղել, այլեւ էն պատճառով, որ ահագին ժամանակ էր պահանջվել՝ մինչեւ կինս հաջողացրել էր փոստի աշխատողներին ու ղեկավարությանը հասկացնել, որ մենք ոչ մի արտասահման էլ չենք խոսել, ու էդ քսանչորս հազար պարտքը մեզ չի պատկանում ու մեզ հետ ոչ մի կապ չունի, եւ կինս էդ բացահայտ ճշմարտությունը փոստի աշխատողներին ու ղեկավարությանը հասկացնելուց ու ապացուցելուց հետո ոչ թե անմիջապես տուն վերադարձավ, այլ գնաց գնումների եւ մի քանի ժամ անց բեռուբոխչով տուն վերադարձավ, եւ երբ ուշացումով ու բեռուբոխչով վերադարձավ ու հաղթական հայտարարեց, որ «Արմենթելին» ոչ մի պարտք էլ չունենք, ուրախությունս մեկից լիարժեք ուրախություն դառավ ու գագաթնակետին հասավ, ու էդ օրվա ուրախությանս չափը չեք կարող պատկերացնել, ավելի ճիշտ՝ էդ օրվա ուրախությանս չափը պիտի որ շատ լավ էլ պատկերացնեք, որովհետեւ վկա եք՝ ինչքան էի խուսափում ու խորշում էդ բջջային կոչեցյալից, եւ հատկապես ու առանձնապես Գագոյի՝ Վոլգոգրադից ուղարկելիք էդ թանկանոց բջջայինից էի խուսափում ու խորշում, եւ երբ կինս երեք թե չորս ժամ անց հայտնվեց, եւ երբ Գագոյի չուղարկած բջջայինի ուրախությանը գումարվեց «Արմենթելի» ճիրաններից փրկված մեր էդ քսանչորս հազարի ուրախությունը, ուրախությունս կատարյալ դարձավ ու գագաթնակետին հասավ, մանավանդ որ՝ էդ օրը չէի էլ կարող ենթադրել, որ ընդամենը երեսուն տոկոսանոց թոքերով եմ ապրում, շնչում ու էդ պստիկ բաներով ուրախանում, եւ հիմա՝ երեք տարի անց, երբ զինվորական հոսպիտալի համակարգչային ռենտգենի միջոցով ամեն ինչ պարզ է դարձել, նախկին ուրախություններս մանրմունր են թվում, եւ հատկապես երեք տարի առաջվա ուրախությունս է մանրմունր թվում, չնայած, շատ լավ հիշում եմ, որ երեք տարի առաջվա էդ օրվա ուրախությունս չափազանց մեծ էր՝ ե՛ւ «Արմենթելի» չանչերից փրկված ու մեզնով արած էդ քսանչորս հազարի կապակցությամբ, ե՛ւ հատկապես ու առանձնապես Տերյանի դպրոցի իմ համադասարանցի եւ ներկայումս Վոլգոգրադաբնակ Գագոյի չուղարկած բջջայինի կապակցությամբ, եւ էսօրվա իմ էս նոր դիտակետից որ նայում եմ, զարմանում եմ, որ ժամանակին էդ տեսակ մանրմունր բաներով եմ ուրախացել ու ցնծացել, բայց մյուս կողմից էլ շատ եմ զարմանում, որ էս պահի դրությամբ էդ ուրախություններն աչքիս ու մտքիս մանրմունր են թվում, որովհետեւ երեք տարի առաջ բջջային չպահելս սեւեռուն գաղափար ու կյանքի իմաստի պես բան էր, եւ, հիշում եմ, էդ օրն «Արմենթելի» ճիրաններից փախցրած մեր էդ քսանչորս հազարն էլ էր ահագին ուրախալի ու էական, եւ հատկապես ուրախալի էր Տերյանի դպրոցի իմ համադասարանցի ու ներկայումս Վոլգոգրադաբնակ Գագոյից էդ խոստացված ու թանկանոց բջջայինը չստանալս, որովհետեւ ինչպես ուրիշներն իրենց բջջայիններով են երեխայի պես պարծենում ու ուրախանում, ես էլ բջջային չունենալովս էի պարծենում ու ուրախանում:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել