Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐՆ ՈՒ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սեպտեմբեր 17,2011 00:00

Կույս տատիկների, անչափահաս երեխաների ու հարսների բռնաբարությունների դեպքեր միշտ էլ եղել են, պարզապես մենք չենք իմացել:

\"\"

Վերջին շրջանում անընդհատ տեղեկություններ են հրապարակվում, որ հայրը բռնաբարել է հարազատ աղջկան, թոռը՝ տատին, եղբայրը՝ քրոջը, սկեսրայրը՝ հարսին: Եվ այդ ամենը՝ ոչ թե միջազգային լրահոսից, այլ՝ հենց երկրի ներսից: Եթե ամփոփելու լինենք տարվա աղմկահարույց դեպքերը, այնպիսի տպավորություն է, որ հայերի սեռական ցանկություններն անկառավարելի են դարձել, հայ տղամարդիկ սկսել են բռնաբարել ում պատահի, երբ պատահի ու ոնց պատահի: Օրինակ, Գորիսում լուրեր տարածվեցին, որ հայրը բռնաբարել է իր 14-ամյա աղջկան ու աղջիկը հղի է, հետո տեղեկացանք, որ այդ լուրն այնքան էլ ճիշտ չէր: Երեւանում դեպք եղավ, երբ հայրը անառակաբարո գործողություններ էր կատարել իր 7 տարեկան դստեր նկատմամբ: Արարատի մարզի Արբաթ գյուղում դեպք եղավ, երբ մի տղամարդ բռնաբարել էր 21 տարեկան՝ մանկամտություն ունեցող աղջկա: Բացի այդ, այս ընթացքում տարբեր երկրներում հայերը դատվում են բռնաբարության հոդվածով: Մինսկում 41-ամյա հայ տղամարդը բռնաբարել էր իր երեխայի մանկապարտեզի 25-ամյա դաստիարակչուհուն, Ռուսաստանում 23-ամյա հայ մի տղա դատապարտվեց 6 տարի ազատազրկման՝ Բուսաբանական այգում օրը ցերեկով մի աղջկա ծեծելու ու բռնաբարելու համար, Յակուտիայում էլ մի հայի դատեցին՝ ընկերուհուն մեքենայում բռնաբարելու եւ մերկ վիճակում մեքենայից դուրս շպրտելու համար:
Ընդամենը մի քանի օր առաջ էլ մի ցնցող տեղեկություն հրապարակվեց, որ Լոռու մարզում ալավերդցի 22-ամյա մի երիտասարդ թալանել ու բռնաբարել է 82-ամյա միայնակ մի տատիկի, ընդ որում՝ կույս: Ըստ տարածված լուրերի՝ այդ տղան սկզբում տատիկից միայն ոսկեղեն ու փող է պահանջել, հետո մտափոխվել է ու չբավարարվելով ստացած ոսկեղենով՝ դիմադրություն ցույց տվող ծեր կնոջը կյանքի մայրամուտին բռնաբարել է:
Հաշվի առնելով, որ այս եւ նմանատիպ անոմալ երեւույթների մասին արդեն լսում ենք գրեթե ամեն օր, մենք զրուցեցինք հոգեբանների ու հոգեբույժների հետ՝ պարզելու, թե որոնք են հայերի սեռական ագրեսիայի պատճառները եւ արդյոք հայե՞րն են այդ առումով ավելի անբռնազբոս ու անկառավարելի դարձել, թե՞ տեղեկատվությունն է ավելի մատչելի: Հոգեբան Կարինե Նալչաջյանը համոզված է, որ այդ երեւույթները միշտ էլ եղել են. «Դրանք մարդուն բնորոշ են եւ եղել են տարբեր մշակույթներում: Ընդհանրապես ագրեսիվ վարքը ենթակա է ուսուցման: Չնայած այս խնդրի հետ կապված ուսումնասիրություններ չկան, բայց նման բռնաբարությունները մարդիկ սովորում են էկրաններից, ֆիլմերից, որովհետեւ ինչ ասես, որ ցույց չեն տալիս: Ինչքան էկրաններից մատուցվում է վարքի տվյալ ձեւը, այն դառնում է մոդելային: Հեռուստատեսությունները ջայլամի քաղաքականություն են վարում՝ ասելով, որ այդ ֆիլմերի պահանջարկը կա, դրա համար ցուցադրում են դեռահասության տարիքում կին-տղամարդ հարաբերությունները, որոնք կան ֆիլմերում, սեռական տարբեր պատկերները ագրեսիվությամբ են ընկալվում: Ինտերնետը նույնպես նպաստում է ագրեսիայի ուսուցմանը»: «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիա Թեւոսյանի կարծիքով էլ ոչ թե բռնաբարության դեպքերն են շատացել, այլ՝ հասարակությունն այնքան է հասունացել, որ կարող ենք հրապարակել, քննարկել, խոսել նմանատիպ իրավիճակների մասին. «Այն, որ երիտասարդ տղան բռնաբարում է ծեր տատիկի, խոսում է սեռական այլասերվածության մասին: Հնարավոր է փոքր ժամանակ այդ տղան ինքն էլ բռնության զոհ է դարձել կամ ինչ-որ խնդիրներ է ունեցել: Ես կարծում եմ, որ մարդիկ չեն կարող ֆիլմ դիտել ու սովորել բռնաբարել: Ինտերնետը, հեռուստատեսությունը ուղղակի խթանիչներ են, բայց հաստատ անձի ներսում պետք է պատճառները փնտրել»:
Մարզերում հատկապես բռնաբարության կամ սեռական ոտնձգությունների դեպքեր են լինում, երբ սկեսրայրը տղայի հետ հավասարապես օգտագործում է հարսին կամ հայրը սեռական կյանքով է ապրում կնոջ ու սեփական երեխայի հետ: Մենք Իջեւանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Համլետ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե նման շեղումներ ունեցող շա՞տ հիվանդների է հանդիպում: Նրա խոսքերով՝ «Դրանք վարքի խանգարման ձեւեր են, որոնք միշտ էլ եղել են ու կլինեն, պարզապես այդ դեպքերը գաղտնի են մնացել: Պատճառները կարող են տարբեր լինել՝ հոգեկան շեղումներ, սեռական հակումների աղավաղման խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Գիտեք, իրականում նման դեպքերը շատ հաճախակի են լինում, պարզապես քչերն են բողոքում՝ կա՛մ ամաչում են, կա՛մ համաձայնության են գալիս ու մասկիրովկա անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել