Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայֆեստը»՝ առանց էրոտիկայի

Սեպտեմբեր 17,2011 00:00

Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կմեկնարկի ամենամյա «Հայֆեստ 2011» միջազգային թատերական փառատոնը: Այս մասին երեկվա ասուլիսում  հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
Ա. Ղուկասյանի փոխանցմամբ,  9-րդ փառատոնին մասնակցում է 30 թատերախումբ՝ 18 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ այլն: «Ավելի քան 200 մասնակից է լինելու, 60 ներկայացում, օգտագործվելու է 10 բեմահարթակ»,- շեշտեց նախագահը: Անդրադառնալով փառատոնի ծրագրերին, նա ասաց. «Այս տարի առաջին անգամ «ՀայՖեստի» շրջանակներում Հայաստանում կցուցադրվի 3D ձեւաչափով ներկայացում՝ «Մենության տանգոն»՝ Բիլլի Քոուի բեմադրությամբ: Սա 8 րոպեանոց կարճ ներկայացում է:  Պատկերացնո՞ւմ եք, այս տիկնիկային փոքրիկ թատրոնում 3D ներկայացում… Ունենք նաեւ բրիտանական հզոր ծրագիր, որը կներկայացնեն «Պրոտո թայմ», «Մերկուրի» թատրոնները, ապա նաեւ բուլղարական «Կրեդո», վրացական Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնները»:
Բացման եւ փակման արարողությունների մասին էլ Ա. Ղուկասյանը նշեց. «Անակնկալներ են լինելու. հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել իրերի թատրոն, դրամատիկական, երաժշտական եւ պարային ժանրերի ներկայացումներ: Միայն թե էրոտիկա չի լինելու… Վերջին երկու տարիներին ունեցանք էրոտիկ ներկայացումներ, բայց ցանկալի է, որ ներկայացումներին ներկա լինեն բոլոր սերնդի ներկայացուցիչները: Այս տարի կարող եք ամբողջ ընտանիքով հանգիստ գալ ներկայացումների»,- հավելեց Ա. Ղուկասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել