Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԶՈՐ ԹԵՐԹԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆԻ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"Le Figaro-ի թղթակից Ռեժի Ժանտեի համոզմամբ, նման բան չի պատահի,  եթե տպագիր ԶԼՄ-ները գտնեն համացանցի հետ մրցակցության ուղիներ:

«Համացանցը որոշակի ճգնաժամ առաջացրել է արեւմտյան ԶԼՄ-ներում, սակայն նաեւ մարտահրավեր է նետել ավանդական ԶԼՄ-ներին: 2003 թվականին, երբ Միացյալ Նահանգները որոշեց տապալել Սադամ Հյուսեյնին, ամերիկյան ավանդական ԶԼՄ-ները բավական քիչ քննադատական խոսքեր էին հնչեցնում, այն դեպքում, երբ այդ որոշումը չափազանց լուրջ էր: Հենց այդ ժամանակ New York Times-ի լրագրողները որոշեցին դուրս գալ իրենց խմբագրատներից եւ տեղեկատվությունը տարածելու համար օգտագործել այլընտրանքային լրատվամիջոցները: Դա բլոգների զարգացման ժամանակաշրջանն էր ԱՄՆ-ում: Նույնը տեղի է ունենում բոլոր խոշոր ժողովրդավարական երկրներում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում»,- այս կարծիքին է ԵՄ փորձագետ, Le Figaro, Radio French Internationale, France 24, Le Point National Swiss Radio եւ մի քանի այլ լրատվամիջոցների կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի անկախ թղթակից Ռեժի Ժանտեն: Նա այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցում էր Հայաստանում ֆրանսիական համալսարանում կազմակերպված «Նոր զարգացող լրատվամիջոցների ոլորտում լավագույն փորձը» խորագրով համաժողովին: Ֆրանսիացի լրագրողը, որ այժմ աշխատում է Թբիլիսիում, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքը 10 տարի զբաղվում է լրագրությամբ, անկեղծանում է՝ մի քիչ ծեր է եւ հաճախ է դժվարություններ ունենում նոր տեխնոլոգիաների հետ շփվելիս, բայց այժմ ժամանակի պահանջով ինտերնետը եւ նորագույն գործիքներն աշխատանքի կարեւորագույն մասն են կազմում: Նա նշում է, որ երկար ժամանակ Facebook-ում գրանցվելու շատ հրավերներ է ունեցել, որոնք մերժել է, բայց գտնում է, որ այդ գործիքը 21-րդ դարում անհրաժեշտություն է լրագրողի համար: Անկեղծանում է՝ եթե չլիներ Facebook-ը, որպես լրագրող հետաքրքիր շատ տեղեկություններ բաց թողած կլիներ: «Եթե նայենք ֆրանսիական, եվրոպական մեդիային, ինտերնետն օրեցօր ավելի կարեւոր է դառնում: Նույն Սիրիայում, Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների մասին հնարավոր չէր տեղեկատվություն ստանալ, որովհետեւ օտարերկրացի լրագրողների մուտքն արգելված էր: Դրա համար Սիրիայում ավելի շատ Skype-ը եւ հեռախոսն սկսեցին օգտագործել տեղեկատվություն տարածելու համար»,- նշեց նա: Մյուս կողմից ֆրանսիացի լրագրողը գտնում է. «Այն, ինչ սոցիալական է, հաճելի է, բայց ոչ միշտ դրական եւ պետք է այն ճիշտ օգտագործել: Լավ է, որ կա Facebook, Twitter եւ այլ սոցիալական ցանցեր, որովհետեւ ե՛ւ աշխարհում, ե՛ւ Հայաստանում ավանդական լրատվամիջոցները, հեռուստատեսությունը կարող են իշխանության հետ մոտ լինել, իսկ հասարակ քաղաքացիներին չլսել: Մյուս կողմից՝ ովքե՞ր են օգտվում Facebook-ից, 70-անց մարդիկ կամ հասարակ քաղաքացիները չեն օգտվում: Պետք է հիշենք, որ Facebook-ը հասարակության մի մասն է, բայց ոչ ամբողջ հասարակությունը»:
Le Figaro-ի թղթակցի խոսքով, այսօր նոր զարգացող լրատվամիջոցները հեղեղել են եթերը. «Եթե նայենք ֆրանսիական հեռուստատեսությանը, օրինակ՝ միջազգային France 24-ին, որը նաեւ Հայաստանում կարելի է դիտել, հանդիպում ես բազմաթիվ տեսանյութեր՝ նկարահանված հենց քաղաքացիների կողմից: Խոսքը ոչ միայն ֆրանսիական հեռուստատեսության, այլեւ արաբական Al Jazeera-ի, BBC-ի եւ այլ նշանավոր հեռուստաալիքների մասին է»: Մեր զրուցակիցը նշում է, որ իր՝ Թբիլիսիից աշխատող ֆրանսիացի լրագրողի համար շփումը բլոգերի, սոցցանցերի միջոցով է: Մյուս կողմից, Ռեժի Ժանտեն կարծում է, որ այդ շփումը սահմանափակ է պարզ պատճառով՝ ինտերնետ միջավայրում տարածվող տեղեկատվությունը կարող է լինել ոչ ճշգրիտ, որովհետեւ այն տարածում են քաղաքացիները, որոնք պրոֆեսիոնալներ չեն եւ կարող են մանիպուլյացիա անել:
Հայաստանում համացանցի տարածվածության հետ մեկտեղ նկատվում է թերթերի տպաքանակի նվազում, առաջանում են ֆինանսական խնդիրներ: Հարցրինք, թե ինչպիսի՞ն է պատկերը Ֆրանսիայում: «Հայաստանն ու Ֆրանսիան տարբեր պատմություններ ունեն: Ֆրանսիան երկար տարիներ է անկախ, Հայաստանը՝ 20 տարի: Օրինակ՝ մեր թերթը՝ Le Figaro-ն 150 հազար տպաքանակ ունի, բայց ունի նաեւ կայք, որից շատերն օգտվում են դրսում: Մյուս կողմից, սա ֆինանսական խնդիրներ է առաջացնում՝ ընթերցողը մտածում է՝ եթե նույնը անվճար կարող եմ կարդալ ինտերնետում, ինչո՞ւ թերթ գնեմ: Սա թերթերի համար մեծ մարտահրավեր է եւ նրանք պետք է փորձեն գտնել ինֆորմացիան տարածելու նոր ձեւեր»,- ասաց նա:
Ռ. Ժանտեից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի՞, որ սոցիալական մեդիան մի օր կարող է վերացնել տպագիր մամուլը կամ պատճառ հանդիսանալ թերթերի որակի նվազման: «Այդ ռիսկը, իհարկե, կա, որովհետեւ բլոգերները լրագրողներ չեն: Ժուռնալիստիկան մասնագիտություն է, աշխատանք, որը երկար ժամանակ է պահանջում: Մյուս կողմից, եթե թերթերը՝ Հայաստանում եւ ամենուր, նոր պահանջների հետ հաշվի չնստեն, միգուցե եւ շատ խնդիրներ ունենան: Մինչ այժմ չեմ տեսել, որ որեւէ հզոր թերթ վերացած լինի, բայց այսօր Le Monde-ն, օրինակ, մեծ ճգնաժամ է ապրում հենց ինտերնետի պատճառով: Թերթի աշխատակիցները կրճատվում են, որովհետեւ հաճախ չեն գտնում համացանցի հետ մրցակցության ուղիներ»,- ավարտեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930