Արտագաղթի պայմաններում Տավուշի մարզի բնակչությունը 5 տարում աճել է 50 հազարով, խոզերն էլ չեն սատկել:
Դատելով Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքի «Ընդհանուր տեղեկություններ» բաժնից՝ վերջին 5 տարում Տավուշի մարզում ժողովրդագրական «բում» է եղել: «Ըստ ազգային վիճակագրական ծառայության 2005 թվականի տվյալների՝ մարզի առկա բնակչությունը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 81 457 մարդ, իսկ 2010 թվականի տվյալներով՝ 132 հազար մարդ»,- նշված է կայքում: Փաստորեն, մի հնգամյակում միջինից մեծ քաղաքի բնակչություն է «ավելացել» Տավուշում: Սա այն դեպքում, երբ պաշտոնական մակարդակներով էլ է խոսվում արտագաղթի եւ մասնավորաբար Տավուշի գյուղերի դատարկվելու վտանգավոր իրողության մասին: Բնակչության թիվը մարզպետարանի կայքում սխալներից մեկն է:
Այլ սխալներ. մի տեղ գրված է, որ Այրումը քաղաք է, այլ բաժնում՝ «Ունի մրգի պահածոների գործարան Այրում գյուղում»: Գրված չէ, թե ով ունի, բայց հայտնի է, որ գործարանի 51 տոկոսի տերը ՀՀ գյուղնախարարն է:
Վիրտուալ Տավուշը տեղեկացնում է. «Հայաստանի ոչ մի այլ մարզում այդքան խոզ չեն բուծում, որքան Տավուշի մարզում: Դրան նպաստում է անտառային կերի առատությունը»: Մի՞թե մարզպետարանում տեղյակ չեն, որ Տավուշի մարզի խոզերի մեծ մասը 2007-ին եւ 2010-ին սատկեց աֆրիկյան ժանտախտի պատճառով: Հիմա տավուշցի խոզապահները խոզերին էլ անտառ չեն տանում, որովհետեւ սատկած խոզերի լեշերը անտառներում ու ձորերում անթաղ մնալով՝ աֆրիկյան վարակի հարուցիչ դարձան:
Տավուշի արդյունաբերության մասին գրված է, որ այստեղ են «Անդրկովկասի ամենախոշոր գորգագործական ձեռնարկությունը, երկաթբետոնե կոնստրուկցիաների, սարքավորումների, մեխանիկական գործարանը, որը զբաղվում է մետաղամշակմամբ եւ մեքենաշինությամբ: Ազատամուտում է գտնվում բենտոնիտային կավի կոմբինատը»: Բայց այդ գործարանները վաղուց չկան կամ չեն գործում:
Ճանապարհների մասին՝ «Մարզի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է միջպետական եւ մարզային նշանակության ճանապարհների վերանորոգումը, որոնք անմխիթար վիճակում են հայտնվել 1988-92թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ»; Իրականությունն այն է, որ Տավուշի տարածքում գտնվող՝ միջպետական ճանապարհի մաս կազմող ճանապարհները բարվոք վիճակում են՝ նորոգվել են «Լինսի» հիմնադրամի, պետբյուջեի միջոցներով: Վատթար են Բերդի տարածաշրջանի որոշ համայնքներ տանող ճանապահները, իսկական հիմնախնդիրը համայնքների ներսի ճանապարհների վիճակն է, բազում խոր փոսերի առկայությունը: Կայքում անհեթեթ սխալներ դեռ էլի կան:
Մարզպետարանի կայքի առաջին էջում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ողջույնի խոսքն է՝ «Կարծում եմ, որ տեխնիկապես թարմացված կայքն այսուհետեւ մեզ լայն հնարավորություն կտա լիարժեք աշխատելու էջում եւ ապահովելու Ձեզ հետ առավել արդյունավետ կապ: Հասարակության պահանջներին համաքայլ աշխատելու, կայքի միջոցով հանրության հետ երկխոսություն ծավալելու համար անհրաժեշտ է, որ հաճախակի լինեն նաեւ Ձեր արձագանքները»:
Թող մարզպետարանում սույն հրապարակումը ընդունեն մարզի բնակչի եւ լրագրողի արձագանք: Եթե կամենում են: