Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"Կապանի զոհված ազատամարտիկները «հանդիպեցին» ֆուտբոլի դաշտում

Արցախյան գոյամարտի տարիներին Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատից` ներկայիս «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունից, 100-ից ավելի մարդ է մասնակցել պատերազմական գործողություններին, 5-ը զոհվել է կռվի դաշտում: Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայությանը մասնակից զոհվածների լուսանկարները ընկերության պատերի ներսում են: Նրանք ներկա են, նրանք չկան, բայց ապրում են:
Սեպտեմբերի 14-22-ը Կապանում «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» նախաձեռնությամբ կանցկացվի զոհված 5 ազատամարտիկների հիշատակի ֆուտբոլային հուշամրցաշար, որին մասնակցում էր ընկերության աշխատակիցներից բաղկացած 7 թիմ: Նրանցից 5-ը կրում են զոհված ազատամարտիկների` Լյուդվիգ Ստեփանյանի, Հարություն Բալայանի, Ալեքսան Փարսյանի, Արմեն Վարդանյանի եւ Գառնիկ Սահակյանի անունները, մյուս 2 թիմերն են՝ «Մոնթե Մելքոնյան» եւ «Մովսես Գորգեսյան»: Ըստ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի` հուշամրցաշարն առաջին անգամ է կազմակերպվում եւ նպատակը՝ հիշել ու մեծարել ազատամարտիկներին ու պատահական չէ, որ առաջին մրցաշարը անցկացվում է մեր անկախության 20-ամյակի նախաշեմին: Սրանից հետո նման հուշամրցաշար անցկացվելու է ամեն տարի:
Հուշամրցաշարի հաղթող թիմը կարժանանա գավաթին, չի անտեսվի լավագույն ռմբարկուն, սակայն մեծ դրամական մրցանակներ սահմանված չեն ու գիտակցաբար՝ մրցաշարի խնդիրը ազատամարտիկների անունները վառ պահելն է:
Միջոցառման բացմանը ներկա էին նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներն ու «Ազատամարտ» կոմիտեի նախագահ, Կապանի ավագանու անդամ Խորեն Հարությունյանը: Զոհված ազատամարտիկ Հարություն Բալայանի այրի տիկին Անահիտը նշում է, որ մի պահ ցավը մոռանում եւ ջերմության զգացում է ապրում, երբ տեսնում է, որ չեն մոռանում ու մեծարում են իրենց ամուսիններին եւ իրենց էլ ուշադրության արժանացնում: Տիկին Անահիտը զրուցելիս անկեղծացավ ու ցավով նշեց, որ մինչեւ օրս հիշում է, թե ինչպես են 5-6 տարի առաջ իրեն «Դինո գոլդ մայնինգ քամփնիից» աշխատանքից ազատել`առանց հաշվի առնելու, որ զոհվածի այրի է: «12 տարի արկերի պայթյունների ներքո աշխատանքի էի գնում-գալիս: 1992 թվականի նոյեմբերին՝ ամուսնուս զոհվելուց հետո, ինձ կոմբինատի էն ժամանակվա ղեկավարությունը վերցրեց աշխատանքի` քիմիական լաբորատորիայում: Երբ լեռնահարստացուցիչ կոմբինատը դարձավ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերություն` խտրականություն եղավ, հին աշխատողներին հանեցին, նորերին տեղավորեցին: Շատ վիրավորական էր. ամբողջ կոմբինատում զոհվածի միակ այրին ես էի, առաջինն ինձ հանեցին աշխատանքից, այդպես էլ չկարողացա վերականգնվել: 2005թ.-ի հունիսն էր, էդ ժամանակ էլ երեխաներս ուսանող էին Երեւանում, վարձով էին ապրում, բայց հաշվի չառան, որ ես եմ ընտանիքի միակ կերակրողը ու նման կերպ վարվեցին: Չեմ կարող մոռանալ էդ դաժանությունը, էդ ապրումներից առողջությունս էլ վատացավ: Ինձ օգնեցին, ձեռք մեկնողներ եղան այդ դժվար օրերին, բայց մոռանալ չի ստացվում, միեւնույն է: Բարեբախտաբար, հետագայում փոխվեց վերաբերմունքը մեր հանդեպ, մարդիկ սկսեցին ճիշտ մտածել, 2007թ.-ից մինչեւ այսօր 5 ընտանիքների ամսական 15-հազարական դրամ գումար են տալիս: 2005-2007 հատվածն էր մեր հանդեպ անտարբերության շրջանը, իսկ 90-ականներին միշտ ուշադրության կենտրոնում էինք: Այսօրվա միջոցառումը նշանակում է, որ մարդկանց մեջ վերականգնվել են մարդկային հատկանիշները, հիշում են, եթե չհիշեն՝ ապա շատ վատ կլինի ապագայի համար: Թող խաղացող երիտասարդներն էլ հասկանան, թե ինչի գնով են ձեռք բերվել անկախությունն ու խաղաղությունը»,- ասում է տիկին Անահիտը եւ ցանկանում, որ ոչ ոք էլ երբեք չտեսնի 1990-ականների օրերը, չտեսնի ու չզգա այն, ինչ կապանցիներն են ապրել. քաղաքի վրա եկող թշնամու ինքնաթիռներ, արկերի պայթյուններ, առանց լույսի ու գազի ցուրտ ու դաժան օրեր, զոհեր…
Տիկին Անահիտը վստահ է, որ Կապանը հերոս քաղաք է` կորցրած ու ապրող հերոս կապանցիներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել