Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԸ»՝ ԿՐԿԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբեր 17,2011 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացվել է ծանուցում այն մասին, որ դատարանի վարույթում է գտնվում Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցերն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի եւ Գեւորգ Մելքոնյանի: Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործով երրորդ անձ են ճանաչել նաեւ մեր օրաթերթին:
Դատարանը, հղում անելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 1-ին մասին, նախազգուշացրել էր, որ լրատվամիջոցը պարտավոր է երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, դրան կցելով «Ձեր տիրապետման ներքո  գտնվող բոլոր հնարավոր գրավոր եւ իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը»:
Դատարանը նաեւ հավելել էր. «Պատասխան չներկայացնելը կարող է գնահատվել լրատվամիջոցի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում»: Դատական նիստերը նշանակվել են հոկտեմբերի 31-ին՝ տարբեր ժամերի՝ 14-ին եւ 15-ին:
Երկու հայցերը գտնվում են դատավոր Վ. Հովնանյանի վարույթում:
Տեղեկացնենք, որ հայցվորը վկայակոչել է «Առավոտի» օգոստոսի 19-ի «Ով ում է զրպարտում» (հեղինակ՝ Արփինե Սիմոնյան) հոդվածը:
Հայցվոր գյուղապետը գտել է, որ վերոհիշյալ անձանց արտահայտությունները, որոնք բառացիորեն մեջ է բերել թերթը, զրպարտել, վիրավորել են իրեն եւ ինքը յուրաքանչյուրից պահանջում է 500 000 դրամ գումար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել