«Հարվածից չընկնելու համար բռնվեցի մեկի հագուստից, սակայն ընկա գետնին, էլի հարվածում էին»:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է վանաձորցի Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 35-ամյա վանաձորցին մեղադրվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ խուլիգանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Տուժողներ են ճանաչվել կարգադրիչներ Էդգար Չատինյանն ու Էդգար Խանվելյանը, դատավոր Արման Թովմասյանն էլ ճանաչվել է վկա:
Ա. Հարությունյանն ասում է, որ ինքը դատական կարգադրիչների ու դատավորի նկատմամբ խուլիգանություն չի կատարել, ընդհակառակը՝ նրանք են սկսել ծեծկռտուքն ու մարմնական վնասվածքներ պատճառել իրեն: «Այն խոսակցությունը չէր ընթանում, որի տրամաբանությամբ ես կամ իրենք պետք է խփեին, հարվածի չէի սպասում, անակնկալի եկա: Ըստ երեւույթին, տեսնելով, որ չեն կարողանում ինձ համոզել՝ մտնելու դատարանի շենք, սկսեցին խփել: Հարվածների տարափ էր, հարվածից չընկնելու համար բռնվեցի մեկի հագուստից, սակայն ընկա գետնին, էլի հարվածում էին»,- դատարանում պատմում էր Աշոտը: Նրա խոսքերով՝ դատավոր Արման Թովմասյանն իր հետ տղայավարի խոսելու պատրվակով նստել է մեքենան ու ասել՝ քշի հետեւիցս: Աշոտն էլ հետեւել է դատավորին՝ չիմանալով, թե դատավորն ուր է գնում. «Գնացինք, կանգնեցինք դատարանի տարածքում: Մեքենայից իջնելով ասացի՝ չեմ հասկանում, ինչի ես էստեղ բերել»:
Դատավորը պնդել է, որ Աշոտը մտնի դատարանի շենք: Նա հրաժարվել է: «Կասկած առաջացավ, որ տհաճ բան է սպասվում, ուզում են ինչ-որ բան սարքել»,-դատարանի շենք չմտնելու պատճառների մասին էր պատմում Աշոտը: Երբ երկրորդ անգամ Աշոտի մեքենան դատարանի փողոցով անցնելիս է եղել, դատական կարգադրիչներից մեկը կանգնեցրել է մեքենան ու պնդել, որ Աշոտն իջնի ու խոսի դատավորի հետ:
Համոզվելով, որ դատարանի տարածքը նկարահանվում է, Աշոտը համաձայնել է դուրս գալ մեքենայից: Այդ ժամանակ էլ սկսվել է ծեծը: Շարունակվեց այնքան, մինչեւ Նունե Պառավյանը մեքենայից իջնելով գոռաց՝ «էս ինչ եք անում, միլիցիա կկանչեմ, վերջացրեք»:
Համաձայն Աշոտ Հարությունյանի դատաբժշկական փորձաքննության՝ վերջինիս մոտ հայտնաբերվել են ձախ ճակատային թմբկության եւ կրծքավանդակի ձախ կեսի շրջանների մաշկի գունազրկված տեղամասեր, որոնք առաջացել են նախկին քերծվածքների ապաքինումից, ձախ սրունքի եւ աճուկային ծալքի շրջանների արյունազեղումներ, պատճառվել են բութ, կոշտ առարկաներով, հնարավոր է՝ գործի հանգամանքներում նշված ժամկետում:
Աշոտի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ ծեծն ի սկզբանե կազմակերպված է եղել: Նրա խոսքերով, մինչ դատարան հասնելը դատավոր Թովմասյանը զանգել է եւս երկու կարգադրիչի ու հրավիրել դատարան: «Ինչպե՞ս եղավ, որ դեռ դատարան չհասած՝ մյուս երկու կարգադրիչները եւս արդեն դատարանում էին»,- հարցնում է փաստաբանը:
Աշոտի հայրն էլ ավելացնում է, որ տեսագրությունները ոչ միայն չեն ուսումնասիրվել, այլեւ կորել են. «Չկան, վերացրել են: Փաստաբանը հարցում է արել, ասել են՝ չկան: Դա հենց ապացույց է, որ տղաս անմեղ է: Ստացվում է՝ այսօր իմ տղային ծեծի ենթարկելու անհերքելի ապացույցը չկա»:
Հաջորդ դատական նիստին դատարանը կհարցաքննի տուժողներին: