Նախօրեին Գյումրիի մի շարք հ/կ-ներ ու լրատվամիջոցներ այցելեցին Շիրակի ու Լոռու մարզի սահմանագծին գտնվող Թռչկանի ջրվեժ՝ համոզվելու, թե այստեղ ՀԷԿ կառուցող «Ռոբինշին» կազմակերպությունը արդյոք հետեւե՞լ է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի «հորդորին» ու ժամանակավորապես դադարեցրել շինաշխատանքները: Նշենք, որ բնության հուշարձան համարվող ջրվեժը ոչնչացման վտանգի տակ է. հիդրոէլեկտրակայաններ կառուցելու ոլորտում մեծ փորձ ունեցող «Ռոբինշին» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Օհանյանը այստեղ հիմնում է սեփական ՀԷԿ-ը՝ փորձելով փոխել Չիչխան գետի հունը: Ու թեեւ վերջինս ամեն ինչ անում է «օրենքով», այդուհանդերձ բնապահպաններն ու «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնող խմբի անդամները օրումեջ բողոքի ակցիա են կազմակերպում՝ ահազանգելով, որ ՀԷԿ-ը ջրվեժից ներքեւ չկառուցելու դեպքում կզրկվենք նաեւ բնության այս հրաշքից: Սեպտեմբերի 8-ին կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիային ի պատասխան՝ Ա. Հարությունյանը 10 օր ժամանակ էր տվել «Ռոբինշին» ՍՊԸ-ին՝ մտածելու ՀԷԿ-ը ջրվեժից ներքեւ կառուցելու շուրջ: Մեր այցի ժամանակ շինաշխատանքներ չէին ընթանում, միայն հարթեցնում էին քարուքանդ ճանապարհները: «Անխոս՝ մեր երկրին տնտեսական զարգացում եւս պետք է, հիդրոէլեկտրակայանների կառուցումը նպաստում է, բայց սա չպիտի արվի բնությունը ոչնչացնելու հաշվին: Ներդրողին թող չթվա, թե իր փողերն ենք հաշվում, բայց եթե նախաձեռնել է նման ծրագիր, ինքը, բնականաբար, հարուստ է, ունի պաշար, ֆինանսական ռեսուրսներ եւ թող չփորձի էժան ճանապարհով՝ ջրվեժին մոտ կառուցելով պրծնել: Ես չեմ կարող ասել, նա կփակի՞ ջրվեժը, թե՝ ոչ, բայց ինչքան ջրվեժին մոտ կառուցի, էնքան ջրվեժի թեքությունը, բարձրությունը, ջուրը միանգամից օգտագործելն ավելի հեշտ կլինի, քան ջրվեժից մի 5-10 կմ հեռու»,- ասում է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանը: «Աջակից» բարեգործական հ/կ-ի նախագահ Հեղինե Մկրտչյանն էլ ներդրողին խորհուրդ է տալիս լավ ծանրութեթեւ անել՝ գուցե տուրիզմն ավելի եկամտաբեր լինի, քան փոքր ՀԷԿ-ը: «Մի՞թե Հայաստանն էնքան հարուստ է ջրային ռեսուրսներով, որ ասենք՝ ոչինչ, թող էս մեկն էլ վնասվի: Հատկապես Շիրակի մարզն ի՞նչ ունի, ունեցածը մի Ախուրյան գետ չէ՞: Էսքան գեղեցիկ տեսարան կա՞, գուցե տուրիզմով ավելի շատ աշխատենք էստեղ, մենք ավելի շատ պիտի մտածենք բնության, տուրիզմը զարգացնելու մասին, քան մի անձին արտոնություն տանք ՀԷԿ կառուցելու ու գերշահույթ ստանալու: Օրինակ՝ Շաքիի ջրվեժի համար սիրտս շատ է ցավում, միշտ գնում էինք ազատ մեզ համար մտնում, հիանում, բայց նախանցած տարի դուռ էր դրված, բացել-փակելով էր, պիտի վճարես, որ մի անգամ ջուրը բաց թողնեն ու տեսարանը տեսնես: Շաքիի օրինակը կրկնվում է էստեղ, ով որ փող է ծախսում, մտածում է իր փողը հետ բերելու մասին, բայց եթե ներդրողը էստեղ կոմունիկացիներ տեղադրի, տուրիզմը ինքնըստինքյան կզարգանա»,- խորհուրդ է տալիս Հեղինե Մկրտչյանը: