Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Էլիտար սերմը միայն «էլիտայի՞ն»

Սեպտեմբեր 17,2011 00:00

Շիրակցի ֆերմերները լեզվակռվի մեջ մտան փոխնախարարի հետ

Երեկ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը ժամանել էր Գյումրի՝ հանդիպելու շիրակցի այն ֆերմերներին, ովքեր հայտ էին ներկայացրել ռուսական էլիտար ցորենի սերմացու ստանալու համար եւ սրտատրոփ սպասում էին պատասխանի: Խոսքն այն սերմացուի մասին է, որն արդեն իսկ անցած տարի բաժանվել էր 10 եւ ավել հեկտար հողատարածք ունեցող ֆերմերներին, իհարկե պարտքով՝ 1կգ-ի դիմաց պահանջելով վերադարձնել 2կգ: Այս տարի պահանջները կարծես թե մեղմել են. սերմացուն պատրաստվում են բաժանել այն ֆերմերներին, ովքեր 7 հա եւ ավելի հողատարածք ունեն: Այս փաստից ոգեւորված՝ Շիրակի մարզից շատերն էին հայտ ներկայացրել: Սերմացուն գովերգել էր ոչ միայն նախարարը, այլեւ փոխնախարարը, որը ֆերմերներին այսպես ներկայացրեց սերմի առավելությունները. «Էլիտար սերմացուի դաշտերում մենք եղել ենք լրագրողների հետ, ոչ մի մոլախոտ չկա, իսկ սովորական դաշտում ինձանից բացի՝ ինչ ասես չկա»:
Հանդիպման սկզբում մասնակիցների թիվը մեծ էր, սակայն երբ Սամվել Գալստյանը ընթերցեց այն ֆերմերների անունները, ովքեր ընդգրկվել են ծրագրում կամ ինչ-ինչ պատճառներով մերժվել, սկսվեց իրարանցում, վեճ ու կռիվ: Ֆերմերները հերթով լքեցին դահլիճը՝ չկարողանալով զսպել զայրույթը: Հայրենյաց գյուղի ֆերմերներից մեկը՝ Դավթյան Սահակը, նույնիսկ պատիվ պահանջեց փոխնախարարից՝ գոռալով. «Դուք բոլորդ ստախոսներ եք, սա կառավարություն չէ, ոտներիցդ գլուխ սուտ եք»: Հետաքրքիրն այն է, որ հերթով դահլիճից դուրս գալով՝ երբեմնի չշփվող գյուղացիները անմիջապես մոտենում էին լրագրողներին՝ պարտադրելով լսել իրենց բողոքը: Դահլիճից դուրս՝ դպրոցի միջանցքում, կարծես հանրահավաք լիներ: Մեզ հետ զրույցում Հայրենյաց գյուղի ֆերմերները դժգոհեցին, որ իրենց համայնքից 27 հոգի հայտ են ներկայացրել այս ծրագրի համար, սակայն ընդգրկվել է միայն մեկը՝ գյուղապետը: «Նախապես հայտարարել են, որ 7 հա հող պիտի ունենաս, իսկ հիմա ասում են, որ ցել պիտի լինի՝ անմշակ, ու վարած պիտի թողնես էդ հողատարածքը, որ էլիտար սերմը տրամադրվի: Եթե անցած տարվանից էդ 7 հեկտարը ցել թողնեինք, ինչո՞վ ապրեինք, իմ ընտանիքը 20 անձից է բաղկացած, սոված մնա, ինչ է թե՝ հաջորդ տարի ցորե՞ն պիտի տրամադրեն կամ էլ խաբեն ու չտան: Հիմա ես 2 հա ցել ունեմ, թող գան, ստուգեն, նոր տան: Կամ կարո՞ղ են ասել, թե Շիրակի մարզում ո՞վ 7 հա հողատարածք ունի, էղավ, որ էս ծրագիրը գյուղապետերի ու մի քանի օլիգարխների համար է, թող չխաբեն, թե գյուղացուն օգնում են, բերքատվությունն են բարձրացնում: Եկել են գյուղապետերին օգնելու ու վերջ, թող ձեւակերպեն ծրագիր՝ գյուղապետերի համար»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը: Մեկ այլ ֆերմեր էլ ասաց, որ գյուղացիների 99%-ը չի բավարարում նրանց պայմանին. «Պարզ է, որ պիտի սկսվեն կեղծիքները, էսօրվա սոցիալապես անապահով գյուղացիներից ոչ մեկը 7 հա ամայի հողատարածք երբեք չի թողնի, բոլորն էլ ցանել են, ես առաջարկում եմ նախարարին գալ, ստուգել»: Մեղրաշենցիներից մեկն էլ դժգոհեց, որ թեեւ իրենց գյուղը ամենաշատ հողատարածք ունեցողն է Շիրակի մարզում, սակայն 300 հոգանոց համայնքից ընդամենը մի հոգին կարող է էլիտար սերմացու ստանալ: «Ես 7 հեկտար հող ունեմ, 5-ը վարած, պատրաստած սպասում էի սերմի, բայց փաստորեն ինձ չհասավ. սա օգնություն չէ, այլ քաղաքական խաղ է»,- զայրացել էր մեր զրուցակիցը:
Մենք Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանին հարցրեցինք, թե ինչու են այսքան վրդովվել գյուղացիները: Փոխմարզպետը դա պայմանավորեց գյուղացիների սխալ ընկալմամբ եւ նաեւ «զոռբայությամբ», որ ոմանք իրենց «ոչ նորմալ փաստաթղթերը փորձում են ներկայացնել նորմալի տեղ»: Դժգոհողներին պաշտոնյան խորհուրդ տվեց. «7 հեկտարի չափորոշիչը դրված է էլիտար սերմացուի համար, իսկ փոքր հողակտորներ՝ 0,4-3 հա եւ ավելի ունեցողներին շատ հարմար է ստանալ այն սերմացուն, որը ստացել ենք այս տարի այն ֆերմերներից, ովքեր 1:2-ի հարաբերությամբ հետ են տալու: Մենք ստացել ենք առաջին վերարտադրության 687 տոննա սերմացու, բաշխում ենք կատարել համայնքներին, դրանցից կարող են օգտվել, դա հասանելի է բոլորին հավասարաչափ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել