Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՂԱԼ՝ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԼԻՆԵԼ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"Մարդը պետք է ունենա որեւէ ֆունկցիայի սահմանափակում, որպեսզի հաշմանդամ ճանաչվի

Վերջին տարիներին շատ են դժգոհություններն այն մասին, որ իրականում որեւէ ֆունկցիայի խանգարում ունեցող մարդիկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից հաշմանդամ չեն ճանաչվում: Անգամ ոտքը կամ ձեռքը կտրած մարդիկ հաշմանդամության խմբերից մեկում չեն ընդգրկվում, չնայած ի վիճակի չեն շատ գործողություններ միայնակ անելու:
Պարզվում է, որ Հայաստանի Հանրապետության օրենքներն են այդպես պահանջում. եթե կտրած ոտքով կամ ձեռքով մարդուն պրոթեզավորում է արվել, դա համարվում է բարելավում, եւ նա այլեւս չի համարվում անաշխատունակ: Ուղեղի վիրահատություն տարած մարդն էլ, եթե չունի որեւէ ֆունկցիայի խախտում, չի կարող համարվել հաշմանդամ, նույնն է նաեւ սիրտը վիրահատած մարդկանց դեպքում, եւ բոլորովին նշանակություն չունի, որ այդ մարդն այլեւս չի կարող զբաղվել իր մշտական աշխատանքով, որովհետեւ ծանրաբեռնվել չի կարելի: Քաղցկեղի հետեւանքով որեւէ օրգանի հեռացումն էլ հիմք չէ, որ մարդն ամեն տարի հաշմանդամ ճանաչվի, քանի որ հնարավոր է մետաստազներ չունենա եւ նրա վիճակը բարելավվի: Իսկ ինչ վերաբերում է բնածին արատներին, ասենք, եթե երեխայի մի ոտքը մյուսից կարճ է, ապա դա էլ հիմք չէ, որ երեխան ճանաչվի հաշմանդամ, քանի որ, ըստ կանոնակարգի, ֆունկցիայի խանգարում է համարվում այն, որ մի ոտքը մյուսից կարճ է լինում՝ սկսած 8 սմ-ից: Այսինքն՝ կաղալ, դեռ չի նշանակում հաշմանդամ լինել:
Այս մասին «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանը: Ըստ նրա, երբեմն բուժող բժիշկները կամ այլ ոլորտի մարդիկ սկսում են առողջական խնդիր ունեցող մարդուն վստահեցնել, որ ինքը հաշմանդամ է, նույնիսկ նշում են կոնկրետ հաշմանդամության խումբ՝ փորձելով իբրեւ թե օգնել, բայց հնարավոր է, որ տվյալ հիվանդը բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչվի: Հենց այստեղ էլ սկսվում են դժգոհությունները: Այս իրավիճակները հարթելու համար պարոն Վանյանն առաջարկում է ցանկացած բժշկի հետ համագործակցել, hրավիրել hանձնաժողով. «Թող գա մասնակցի, գուցե մե՞նք չենք հասկանում, գուցե գաղտնի՞ք կա: Ես հաճախ զանգում եմ բուժող բժիշկներին եւ ասում, որ նրանց պարտականությունն այն է, որ իրենց հիվանդին այնպես բուժեն, որ նա հաշմանդամ չդառնա, այլ ոչ թե աչքալուսանք տան, որ կարող են կարգ ունենալ: Այդ ասածի իմաստը ո՞րն է: Կարծում եմ, որ շահերն են ուղղակի համընկնում. եթե հիվանդը հաշմանդամության կարգ ունենա եւ այցելի բժշկի, կսպասարկվի պետպատվերի շրջանակներում եւ, միեւնույն է, կվարձատրվի, իսկ հիվանդը կարող է հնարավորություններ չունենա վճարելու: Մենք առողջապահության համակարգի հետ լուրջ համագործակցում ենք: Ցանկանում ենք վերացնել բժիշկների այդ սովորությունը, որովհետեւ բողոքողների մեծ մասը հենց այն մարդիկ են, որոնց բուժող բժիշկն ասել է, որ իրենց հաշմանդամության կարգ է հասնում»: Խոսելով զինվորական հաշմանդամության մասին, նա նշեց, որ այստեղ էլ թյուրըմբռնում կա. «Շատերը փորձում են օգտագործել պատերազմին մասնակցելու հանգամանքը՝ հաշմանդամներին տրվող որոշակի արտոնություններ ստանալու նպատակով: Մենք հաճախ ստիպված ենք լինում բացատրել, որ պատերազմական գործողություններին մասնակցելը, դրանց ընթացքում ստացած վիրավորումը, վնասվածքը, կոնտուզիան հիմք չեն հանդիսանում հաշմանդամության սահմանման համար, եթե դրանք կամ դրանց հետեւանքով առաջացած բարդությունները չեն բերում կենսագործունեության որեւէ տեսակի սահմանափակման: Եթե մենք մարդուն հաշմանդամ չենք ճանաչում,  պատճառն այն է, որ մենք չենք ճանաչում որեւէ ֆունկցիայի խանգարում, ասենք՝ փափուկ հյուսվածքների վիրավորումը: Հաշմանդամության կարգը փոխհատուցում չէ վիրավորվելու կամ հիվանդության համար: Կոնտուզիայի դեպքում էլ՝ նույնը. կոնտուզիան գանգուղեղային ցնցում է, ամեն բռնցքամարտիկ, եթե ենթարկվում է նոկաուտի, կոնտուզիա է ստանում»:
Այս թյուրիմացությունը վերացնելու համար էլ հանձնաժողովը դիմել է պաշտպանության նախարարություն, որպեսզի նրանց մասնագետներն էլ մասնակցեն իրենց փորձաքննություններին: Չնայած այս ամենին, մեզ մոտ մարդիկ կան, որոնք ցանկանում են ամեն գնով հաշմանդամի կարգավիճակ ստանալ: Մ. Վանյանի խոսքերով, այդ «ավանդույթը» եկել է դեռեւս խորհրդային ժամանակներից, երբ մարդիկ ցանկանում էին առավել հեշտ եւ կայուն եկամուտ ստանալ պետությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել