Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐԴՈՒՆ «ՊԼՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ»

Սեպտեմբեր 17,2011 00:00

Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժնի պետ Գագիկ Նասիբյանից տեղեկացանք, որ 17-ամյա Լ. Ն.-ի բռնաբարության գործի քննությունը հանձնել են այլ մարզի, հավանաբար՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանություն: Նասիբյանի վկայությամբ՝ նկատի ունենալով, որ գործում ներգրավված են Նոյեմբերյանի քաղաքապետի եւ Նոյեմբերյանի ոստիկանության աշխատակցի որդիները, նպատակահարմար են գտել գործի նախաքննությունը շարունակել այլ մարզում: Գագիկ Նասիբյանը, սակայն, ոչինչ չասաց արդեն իսկ ավարտված դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին: Սակայն ոստիկանության մեր աղբյուրը հայտնեց, որ ըստ դրանց՝ աղջկա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Սեպտեմբերի 6-ին տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 2-ին Նոյեմբերյանի մերձակայքում գտնվող «30 թվականի աղբյուր» կոչվող վայրում, հանդամասում բռնաբարվել է 17 տարեկան մի աղջիկ, եւ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի աշակերտներ՝ 17-ամյա Սամվել Անանյանը եւ Սերգեյ Ամիրաղյանը, ինչպես նաեւ 16-ամյա Նարեկ Հակոբյանը: Սերգեյը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ Նարեկի հայրը աշխատում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում որպես պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ եւ ոստիկանության մայոր է:
Իսկ սեպտեմբերի 8-ին, հենվելով մեր աղբյուրների տեղեկության վրա, գրել ենք, որ սեպտեմբերի 7-ին աղջիկը քննիչին գրավոր հայտարարություն է տվել, որ իրեն չեն բռնաբարել: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն էլ է հայտարարել, որ իր տղան ոչ մեկին չի բռնաբարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել