Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ

Սեպտեմբեր 17,2011 00:00

\"\"Եվ նրա բացահայտումները՝ 10 սպանությունների մասով,  ավելին են եղել, քան ՀՔԾ-ինը՝ այդպես է կարծում Խմբի անդամ,  փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Անցած շաբաթ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» վերնագրով 18 էջանոց զեկույց էին ներկայացրել: Այդ զեկույցի բացատրական հուշագրում համազեկուցողները քննադատել էին «Մարտի 1»-ի ԱԺ հանձնաժողովին՝ «բեւեռացված քաղաքական մթնոլորտի պատասխանատվությունը» միայն ընդդիմադիր ուժերի եւ հատկապես Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների վրա բարդելու համար: Միաժամանակ քննադատական խոսքեր են հնչել նաեւ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի հասցեին, քանի որ վերջինս «կարծես կենտրոնացել էր քննչական մարմինների ընթացակարգային սխալների վրա, փոխանակ պարզեցներ այդ 10 զոհերի մահվան հանգամանքները»:
Արձագանքելով համազեկուցողների ներկայացրած զեկույցում մասնավորապես Փաստահավաք խմբին ուղղված դիտողությանը՝ Խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը չընդունեց քննադատությունը: Նա շեշտեց, թե՝ երբ մարտիմեկյան գործի նախաքննությունն ընթանում է ընթացակարգային սխալներով, ապա դա եւս խախտում է, որը չպետք է արվեր, եւ որը կոնկրետ հետեւանքներ է ունեցել նաեւ մահվան հանգամանքների բացահայտված չլինելու համատեքստում: «Բայց մեր զեկույցում նաեւ շատ կարեւոր անդրադարձներ եւ բացահայտումներ են արվել՝ դրանի՞ց ինչ եզրահանգումներ են արել համազեկուցողները: Ես այնպիսի տպավորություն ունեմ, թե համազեկուցողները նպատակ ունեն պաշտպանելու մեր իշխանություններին՝ մեր հավաքած տեղեկատվության արդյունքները ոչնչացնելու, դրանք, ըստ էության, չգնահատելու: Ես կարծում եմ, որ այն, ինչ մենք գրել ենք՝ հիմնավոր ենք գրել»,- նշեց տիկին Սաֆարյանը:
Սեդա Սաֆարյանը մերժեց նաեւ «փաստահավաքի» աշխատանքի քաղաքականացված լինելու մեղադրանքը. «Ես երբեք քաղաքականացված չեմ եղել: Եթե համազեկուցողները «քաղաքականացված» ասելով նկատի ունեն այն, որ քաղաքական ուժերն են մեզ գործուղած եղել Խմբում աշխատելու, կամ որ զեկույցների առյուծի բաժինը պատրաստել ենք ընդդիմության երկու ներկայացուցիչներով, ես համազեկուցողների նման մոտեցմանը որեւէ բացատրություն չունեմ: Բայց ես ինքս երբեք Խմբում քաղաքական նպատակներ չեմ հետապնդել, «Ժառանգություն» կուսակցությունն էլ, որին ես ներկայացրել եմ այնտեղ, ո՛չ միջամտել է իմ գործերին եւ ո՛չ էլ բացարձակապես ցուցում է տվել: Ես Խմբում քաղաքականապես չեզոք եմ եղել, տրամադրված եմ եղել ՀՀ բոլոր երեք նախագահներին հրավիրելուն եւ նրանց հարցաքննելուն՝ «Մարտի 1»-ի դեպքերին նրանց մասնակցության աստիճանը ու նաեւ քաղաքական պատասխանատվության չափը պարզելու համար»:
«Պրեսկոտի եւ Ֆիշերի զեկույցում, որքան տեղյակ եմ, չկա նաեւ հստակ մեկնաբանություն, թե Խմբի զեկույցում հատկապես ո՞ր դրվագն ու հանգամանքն է համազեկուցողներին հուշել, որ մենք քաղաքականացված ենք: Եթե չկա՝ ուրեմն, խնդրում եմ՝ առանց փաստերի թող չխոսեն»,- շարունակել է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Ինչ վերաբերում է 10 զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ Փաստահավաք խմբի կատարած աշխատանքներին, ապա տիկին Սաֆարյանը խոստովանեց, որ բացահայտմանը Խումբը շատ չի մոտեցել, որովհետեւ «շատ մոտ գնալ չեն թողել»: «Բայց կոնկրետ 4-5 հոգու՝ Տիգրան Աբգարյանի, Համլետ Թադեւոսյանի, «Չերյոմուխա-7»-ի կիրառման արդյունքում զոհվածների մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, ըստ իս, մենք բավականին բան արել ենք: Մնացածների մահվան հանգամանքները պարզել մենք չհասցրեցինք՝ մեզ լուծարեցին: Այդ տեսանկյունից ընդունում եմ, որ մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ մեր աշխատանքը թերի մնաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել