Սեպտեմբերի 14-ից մեկնարկած «Ռեանիմանիա» երեւանյան 3-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում երեկ մեդիա ոլորտի եւ անիմացիայով հետաքրքրվողների հետ վարպետության դաս անցկացրեց գերմանացի կինոքննադատ, լրագրող Յոհաննես Ուոլթերզը: Հանդիպումը կազմակերպվել էր «Ինտերնյուսի» աջակցությամբ: Պարոն Ուոլթերզն ասաց, որ ինքը առաջին անգամ հեռուստացույց է դիտել 8 տարեկանում, իսկ հիմա, նրա խոսքով. «Գերմանիայում երեխաները բարուրից են սկսում հեռուստացույց դիտել»: Նա հավելեց. «Պետք է մեր ծնողներին դեռ բացատրեինք, թե ինչու պետք է նայենք այս կամ այն սերիալը, ֆիլմը կամ անիմացիան ու հատկապես «Ուոլթ Դիսնեյի» մուլտֆիլմերը»: Կինոփառատոնը կմիավորի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի անիմատորներին։ Փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 15, 16 եւ 18-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի արհեստավարժության փակ դասընթացը, որը կվարի փորձագետ Մաքս Հաուարդը։ Փառատոնը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 19-ը: