Լրահոս
Օրվա լրահոսը

«Իբր գործ ենք անում»

Սեպտեմբեր 16,2011 00:00

ՀՀ ԿԳ նախարարության եւ Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-16-ը Երեւանում անցկացվում է «Կրթության եւ բիզնեսի համագործակցության սերտացումը Հայաստանում» երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որի բացմանը երեկ ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի տնօրեն Մադլեն Սերբան, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան եւ այլք:
Ըստ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի, խորհրդաժողովի նպատակն է ՄԿՈՒ բարեփոխումների համար ներդրումներ եւ փորձագիտություն որոնել՝ ուսանելով կրթության եւ բիզնեսի համագործակցության եվրոպական փորձը. «Մասնագիտական կրթությունը, ի տարբերություն հանրակրթության, Հայաստանում երկար տարիներ թերագնահատված էր եւ ուշադրության պակաս ուներ: Վերջին տարիներին քոլեջներում թափուր տեղեր չեն լինում, գործում է մրցույթ, ինչը ուրախալի է, քանի որ մինչ այդ միջին կրթական հաստատություններ դիմորդների խնդիր կար: Համաշխարհային տնտեսությունների հիմնական ողնաշարը մասնագիտական կրթություն ստացած աշխատողներն են, որոնք ունեն պրոֆեսիոնալ համապատասխան կարողություններ»: Նախարարի համոզմամբ, Հայաստանում բիզնեսի հետ համագործակցության մշակույթը կրթության բնագավառում ձեւավորվել է վերջերս. «Բիզնեսմեններին պետք է ներգրավել աշխատանքի մեջ՝ ակնկալելով ֆինանսական ներդրումներ, պրակտիկայի կազմակերպում, կրթության բովանդակային մասի ապահովում»: «Առավոտը» զրուցեց նաեւ բիզնես ոլորտի ներկայացուցչի հետ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը նշեց. «Բիզնեսն անմիջականորեն պետք է մասնակցի կրթության կազմակերպմանը: Պետությունը վերցրել է մասնագիտական կրթության ողջ պատասխանատվությունը եւ փորձում է բիզնեսի շուկայում մասնագետներ տալու գործիք աշխատել: Չի՛ ստացվում: Գործատուներիս կարծիքով՝ չի էլ ստացվելու: Որովհետեւ կրթության կազմակերպման հարցում բիզնեսի մասնակցության չափը քիչ է, եւ բիզնեսը չի կարողանում կրթության բնագավառում ընդունված որոշումներին մասնակցել, ինչը բիզնես ոլորտին ոչինչ չի տալիս: Մեր կարծիքով՝ տեղերը պետք է փոխվի. բիզնեսը պետք է կրթության կազմակերպման պատասխանատվությունը վերցնի իր վրա, պետությունն էլ զուտ աջակցի: Այսպես՝ իբր թե գործ ենք անում՝ հանդիպումներ, կոնֆերանսներ, բայց սայլը տեղից չի շարժվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել