Անկախության տարեդարձի բուն միջոցառումը՝ ըստ բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանի
Հանրապետության հրապարակում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կկայանա Անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարության գլխավոր միջոցառումը, որը, բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանի հավաստմամբ, առանձնանալու է հոբելյանական բոլոր ձեռնարկներից: Հիշեցնենք, որ պարոն Սուքիասյանին վստահված է եղել նաեւ Անկախության 15-րդ տարեդարձին նվիրված՝ «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում կայացած միջոցառման բեմադրությունը, որը առանձնացել էր ճաշակի ու ասելիքի առումով, ինչի արդյունքում ռեժիսորին շնորհվել է պետական բարձր պարգեւ:
Ինչպես «Առավոտին» ներկայացրեց Ա. Սուքիասյանը, սեպտեմբերի 21-ին երկու ծավալուն ծրագիր է նախատեսված՝ ռազմական զորահանդես եւ երեկոյան ժամը 21-ից մեկնարկող համերգային շքեղ շոու: Իսկ ընդհանրապես ողջ սեպտեմբերը լի է տարբեր հրապարակներում, բեմերում եւ հարթակներում կազմակերպված բազմաժանր (էստրադային, սիմֆոնիկ, թատերական եւ այլն) ներկայացումներով ու կատարումներով: Դառնալով սեպտեմբերի 21-ի երեկոյին, հավելենք, որ հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների հատվածներից բաղկացած երաժշտաբույլը ներդաշնակվելու է բացառիկ կադրերով տեսաշարի հետ: Հնչելու է Ավետ Տերտերյանից մինչեւ Կոմիտաս, համերգն ամփոփվելու է Ռոբերտ Ամիրխանյանի նոր ստեղծագործությամբ, որը հեղինակն անվանել է՝ «Ծնրադիր երդվում եմ քեզ»: Տեսաշարեր կլինեն նաեւ ջրային էկրաններին:
Ա. Սուքիասյանի ասելով, արտաքին գործերի նախարարության եւ կառավարության շենքերը եւս ծառայելու են որպես էկրաններ, որտեղ պարբերաբար լինելու են երկչափ եւ եռաչափ գրաֆիկային պատկերներ: Սյուժեի հիմքում էլ՝ հայոց պատմությունն է՝ սկսած աշխարհի արարումից ու Նոյ նահապետից՝ մինչեւ մեր օրերը: «Համարձակություն ենք ունեցել նաեւ մեր տեսլականը ներկայացնել, մեր նոր երազը: Մի ամբողջ հատված մեր պատկերացումներն են իրական Հայաստանի մասին»,- ասում է մեր զրուցակիցը: Նախագծում ընդգրկված է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, պարարվեստի «Բարեկամություն» համույթը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, Պատվո պահակախմբի փողային նվագախումբը: Շոուի, էֆեկտների, լույսի «մասով» աջակցել է ֆրանսիական մի կազմակերպություն:
Սեպտեմբերի 21-ին սպասվում է նաեւ երաժշտության համադրությամբ հրավառություն, բուն միջոցառումից հետո լինելու է ավելի էստրադային բնույթի ծրագիր, որին հանդիսատեսը կարող է անմիջական մասնակցություն ունենալ: 20-ամյակի միջոցառումների ողջ ծրագիրը համակարգում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
Ա. Սուքիասյանը նշեց, որ Անկախության 20-ամյա կենսագրությանը ավելի շատ է անդրադարձ արվելու, քան ողջ հայոց պատմության ընթացքին, էկրանին երեւալու են Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում նշանակալի դեր ունեցած բոլոր անհատները: «Անդրադարձել ենք նրան, ինչն իրողություն է, նրան՝ ինչ ունեցել ենք… Դրանք նաեւ մեր բացերն են, տխուր տարիները, պատերազմական ընթացքը,-հավելեց պարոն Սուքիասյանը: – Կարծում եմ՝ տեսանյութերը ազնիվ իմաստով կունենան իրենց լավ ազդեցությունը, հանդիսականի տրամադրությունը, անշուշտ, ունենալու է հետաքրքիր վայրիվերումներ»: Ա. Սուքիասյանն ասում է, որ պատիվ է համարում իրեն նման ծանրակշիռ ու պատասխանատվություն պահանջող նախագիծ վստահելը. «Այդպիսի ապրում ունեցել եմ նաեւ 15-ամյակին»: