Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԷԼ ԵՆ ՕԳՆՈՒՄ

Սեպտեմբեր 16,2011 00:00

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարբեր հոգեբանական հիվանդություններ ունի 1000 բնակչի հաշվով 160 մարդ: Մարդկության մոտ 5%-ն ունի դեպրեսիվ խանգարումներ, բայց մասնագետները կանխատեսում են, որ հաջորդ 20 տարիների ընթացքում 10 ամենատարածված հիվանդությունների շարքում տագնապային դեպրեսիվ խանգարումները կգրավեն 4-րդ տեղը: Այս փաստերը հաշվի առնելով է, որ «Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամը» հիմնել է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը: Երեկ այս կենտրոնը ներկայացնում էր իր 2-ամյա գործունեությունը: Պաշտոնական միջոցառմանը ներկա էին ոչ միայն կենտրոնի հիմնադիրներն ու մասնագետները, այլեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամի» նախագահ Փանիկոս Կացուրիսն իր ելույթում նշեց, որ իրենց նպատակն է փոխել հոգեբանի օգնության կարիք ունեցող մարդկանց մտքերն ու սրտերը. «Նպատակ ունենք փոխել իրավիճակը»: Արթուր Գրիգորյանն էլ ավելացրեց, որ նման կենտրոն ունենալը քաջություն է. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հիմնադիրներին նաեւ նրա համար, որ այստեղ անապահով ընտանիքներին հոգեբանական օգնություն են ցուցաբերում: Հաճախ հոգեբանական խնդիրներն առաջանում են հենց սոցիալական պատճառներով»: Արա Բաբլոյանի խոսքերով էլ, այս կենտրոնում աշխատում են առաջնակարգ մասնագետներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել