Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշ խաղեր են գնում»

Սեպտեմբեր 16,2011 00:00

\"\"Առաջիկա օրերին Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ նոր կրպակներ կապամոնտաժվեն: Նորքի, Սարյան եւ Տիգրան Պետրոսյան հասցեների կրպակատերերն այդ մասին արդեն ծանուցում են ստացել: Իրենց կրպակները չապամոնտաժելու պահանջով նրանք երեկ կառավարության շենքի առջեւ էին: «Բա դա անելու բա՞ն է, կրպակները քանդելու հրամանը տվել է սեպտեմբերի 1-ին, բայց ծանուցագրերը ուղարկել երեկ ու 7 օր քանդելու ժամանակ տվել: Մեզ էլ լավություն են անում՝ առաջարկելով՝ գան, քանդեն, ծախսերը մենք փոխհատուցենք»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Ռուզաննա Եղիազարյանը: Նրա խոսքերով, ինքը տարածքը գնել է անցյալ տարի՝ $70.000-ով. «Բայց քանդում են՝ առանց փոխհատուցման: Կորուստս կրկնակի է լինում»: Ռուբեն Մկրտչյանն էլ հավելեց, որ իր ու իր նման մի շարք կրպակատերերի հողօգտագործման ժամկետները մինչեւ 2015 թվականն է, բայց քաղաքապետը հաշվի չառնելով՝ հրահանգել է քանդել. «Ժամկետը մատի փաթաթան թող չանեն, ստեղ ուրիշ խաղեր են գնում: Մեր տեղերի վրա աչք են դրել: Թույլ չեն տալիս նույնիսկ արդիականացնենք»: Ինչպես միշտ, այս անգամ էլ ցուցարարները չկարողացան հանդիպել քաղաքապետին, փոխարենը կրկին «բռնացրին» ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ու մի լավ բողոքեցին կարմիր բերետավորներից, որոնք քաղաքացիներին ծեծում ու վիրավորում են: Ոստիկանապետն էլ խոստացավ կարգի բերել նրանց՝ միաժամանակ նշելով, որ նրանք շատ խեղճ ու անպաշտպան են ոչ միայն բարոյապես, այլեւ ֆինանսապես, նույնիսկ շատերը աշխատանքից հետո տաքսի են վարում, որ կարողանան ապրել:
Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության երեկվա նիստին, ապա նշենք, որ կառավարությունը որոշեց 184 միլիոն դրամ հատկացնել «ՀայՌուսգազարդին»՝ սոցիալապես անապահով խավին գազի սակագների փոփոխությունը փոխհատուցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել