Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ ԵՆ «ԱՐԻ ՏՈՒՆ» ՈՒ ԱՀԱԲԵԿԵԼՈՎ՝ ՎՏԱՐՈՒՄ

Սեպտեմբեր 16,2011 00:00

Հայաստանում ներդրումներ կատարող, Եվրոպայի քաղաքացիություն ունեցող բնակիչները դիմելու են իրենց դեսպաններին՝ բողոքով, որ Հայաստանում ստիպում են վաճառել իրենց տունն ու ապրել Հյուսիսային պողոտայում:

\"\"
Շենքի վերեւի հարկերն արդեն հաջողվել է գնել:

«Կորցրել եմ եեեես քեզ, կարոտում եմ ես քեեզ, աղաչում եմ ես քեեեզ, աաաա՜խ, իմ մայրի՜կ». 2 տարի շարունակ ամեն օր առավոտյան 8-ից Արմենակյան 202վ շենքի բնակիչներն արթնանում են այս եւ նմանատիպ «բայաթիների» հնչյունների տակ ու քնում այդ երգերով: Նման տառապանքների բնակիչներն արժանացել են այն բանից հետո, երբ հրաժարվել են իրենց բնակարանները վաճառել ու փոխհատուցում ստանալ Հյուսիսային պողոտայի «էլիտար» բնակարաններից: Հաշվի առնելով, որ այդ շենքը նախկին «Կանազ» գործարանի առողջարանն է եւ գտնվում է Երեւանի սրտում՝ քաղաքի աղմուկից ու փոշուց կտրված Նորքի մի հատվածում, որտեղ շուրջը 10 հա այգիներ են, տարածքում՝ սկյուռիկներ ու ոզնիներ, մաքուր օդ, այն արդեն գրավել է հայաստանյան օլիգարխների ուշադրությունը: Սկզբում լավով, հետո արդեն ահաբեկելով ու վախեցնելով բնակիչներին ստիպում են ընդունել առաջարկվող փոխհատուցումը եւ վաճառել սեփական բնակարանները: Գնորդը, բնակիչների համոզմամբ, հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի ընտանիքն է: Բնակիչներից մեկը՝ Իսմայիլ Շեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ «Շենքի վերեւի հարկի մի քանի բնակարան արդեն հաջողվել է գնել եւ դրանք Հ. Վարդանյանի կնոջ՝ Զինաիդա Մուռուզյանի անունով են: Բացի այդ, այն հեռախոսահամարները, որոնցով զանգում էին մեզ ու առաջարկներ ներկայացնում, մենք ճշտել ենք, որ «Գրանդ Քենդիի» փաթեթից են»:
Վահրամ եւ Արմինե Աբաջյաններն այդ շենքում բնակարան են գնել մոտ 10 տարի առաջ: Նրանց պատմելով՝ «Այստեղ քարուքանդ, բարձիթողի վիճակ էր, վերանորոգեցինք ու մենք մեզ համար խաղաղ ապրում էինք, էն «Չարի վերջի» պես եկան-ասին՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է: Առաջին անգամ մեր տուն եկան մոտ երկու տարի առաջ, ասացին, որ ամբողջ շենքը գնելու են, ճապոնացիների հետ նոր ծրագիր են անելու, մեր տունն էլ պիտի գնեն: Չնայած որեւէ մտադրություն չունեինք տունը վաճառելու, բայց նորմալ փոխհատուցման դեպքում հնարավոր էր համաձայնեինք: Հետո սկսեցին մեզ ահաբեկել, ասում են՝ խելոք մնացեք, թե չէ սա կդառնա հանրային տարածք»: Արմինե Աբաջյանը՝ Ավստրիայի, Իսմայիլ Շեկը՝ Գերմանիայի քաղաքացիներ են, եւ նրանք մտադիր են դիմել իրենց դեսպաններին՝ միջամտելու: Տիկին Աբաջյանի խոսքերով՝ «Ես վախենում եմ տնից բացակայել: Ոտնահարվում են մեր տարրական սահմանադրական իրավունքները: Հետո էլ ամբիոններից արտասահմանցիներին, սփյուռքահայերին ասում են՝ ներդրում արեք, «Արի տուն» ծրագիր են մշակում, հիմա եկել ենք՝ մեզ տեղահան են անում: Գնորդները ասում են՝ թույլ տեղ ունեք, երբ հարցնում ենք՝ ո՞րն է այդ թույլ տեղը, ես ինձ համար աշխատում-ապրում եմ, ասում են, դե մի պատահական օր հրդեհ-բան կլինի: Գիտեք, այս տունը մեզ համար հոգեւոր կապ է, մենք նույն ներդրումը կարող էինք անել Եվրոպայում, բայց հարազատներ ունենք, որոնք մահացել են, հիշողություններ կան: Մենք չենք ուզում ագահաբար հարստանալ ու ֆանտաստիկ թվեր ասել, բայց գոնե շուկայական գնից բարձր վճարեն՝ տեղահան անելու դեպքում»: Մեկ այլ բնակչի՝ Էքմեկչյան Լյուդմիլայի խոսքերով էլ՝ «Իմ աղջիկը ավտովթարի է ենթարկվել, մենք իրեն այն աշխարհից հետ ենք բերել, անհրաժեշտ է կատարյալ հանգստություն, բայց քանի որ մեր կողքի բնակարանը գնել է Հրանտ Վարդանյանը, այդ հանգստությունը մեզ համար երազանք է: Այնպիսի աղմուկ-աղաղակ են բարձրացնում, որ քնել հնարավոր չէ՝ 1 տարի շարունակ էլեկտրական «դռել» են աշխատեցնում, բայց գնում-տեսնում ենք՝ ոչ մի շինաշխատանք, վերանորոգում չի կատարվում, զուտ աղմկում են՝ մեզ նյարդայնացնելու համար»:
Բնակիչները նաեւ պատմում էին, որ ամռանը շենքի մոտակայքում բեռնատարներով գոմաղբ են բերել-լցրել՝ տարածքում սարսափելի հակահիգիենիկ պայմաններ ու գարշահոտ ստեղծելով: Հետո մի քանի գազազած շներ են բերել շենքի բակ, որոնք ահաբեկել են երեխաներին. «Մի խոսքով, հնարավոր ամեն ինչ արել ու անում են, որ մենք համաձայնենք չնչին փոխհատուցմամբ վաճառել մեր բնակարանները: Վերջերս էլ հատուկ մեքենաներով ու ռետինե խողովակներով ջուր են բաց թողել ներքեւի բոլոր բնակարանների վրա, որը բնակիչները տեսանկարահանել են՝ որպես ապացույց, թե ինչպես են եվրոպացիներին Հայաստանից «վտարում»: Ըստ շենքի բնակիչ Գայանե Կիրակոսյանի՝ «Մենք հասկանում ենք, որ իրենց շենքերը պետք չի, իրենց տարածքն է պետք եւ ամեն ինչ անում են՝ շենքը վթարային դարձնելու համար: Նոր վերանորոգած տան պատերն արդեն ճաքեր են տվել, որովհետեւ օրերով ջուր են բաց թողնում, էնպես չի, որ բանվորը ձեռքերը լվացել է, մոռացել է ջուրը փակել, այնտեղ նույնիսկ լվացարան չկա, ջուրը ուղիղ գետնին է հոսում, երբ հարցնում ենք, թե ի՞նչ եք անում, բանվորները ծաղրում են, թե՝ ձուկ ենք ուզում պահել»:
Հրանտ Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում, մեղմ ասած, կտրականապես հերքեց, որ այդ շենքի հետ որեւէ կապ ունի. «Ամոթ է, էլի, ինչ ասեմ, թեմա՞ եք սարքում: Գրեք, որ պառլամենտի շենքն էլ եմ առել, ձեր խմբագրությունն էլ, ինչ ուզում եք գրեք, ի՞նչ ասեմ: Բնակիչներն ուղղակի հիմարություն են դուրս տալիս: Որեւէ կապ չունեմ այդ շենքի հետ: Եթե ես այնտեղ որեւէ, թեկուզ մի հատ քարի կտոր ունեմ՝ ուրեմն գրեք»: Մեր հարցին՝ հնարավո՞ր է ուրիշ մարդիկ են շահարկում ձեր անունը, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, կարող է էդ հաստավզերը իմ գլխին սարքում են: Համենայնդեպս, ես ասեմ, որ եթե ինչ-որ բան ձեռք բերեմ, առնեմ, ես դա օրենքի սահմաններում կանեմ: Էդ շենքի հետ որեւէ առնչություն ես չունեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել