ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը մեր թերթի միջոցով հայտնել էր, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահից ստացված նամակով տեղեկացվել է այն մասին, որ ԽՎ նիստում մեկ քննարկումը նվիրված է լինելու ԼՂ հարցին, եւ այդ քննարկմանը ներկա են լինելու եւ խոսելու են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, թե. «Քննարկման երկու հարթություն կա: Նախ, խնդրի կարգավորում, որը միանշանակ է եւ ոչ միայն մեր մոտեցումն է՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում, եւ մյուս հարթությունում են այլ հարցերը: Օրինակ, հումանիտար՝ եթե մարդն ապրում է չճանաչված երկրում, ապա դա չի նշանակում, որ նա պետք է զուրկ լինի մարդու տարրական իրավունքներից»: Պատասխանելով հարցին՝ մտահոգիչ չէ՞, որ այդ օրը ԵԱՀԿ ԽՎ ամբիոնը տրամադրվելու է նաեւ ադրբեջանական պատվիրակությանը՝ հակամարտության վերաբերյալ իր տեսակետները ներկայացնելու համար, Շ. Քոչարյանն ասել է. «Արդեն վաղուց Ադրբեջանի տեսակետը բոլորին հայտնի է եւ, կարծում եմ, արդեն ոչ մեկին չի էլ հետաքրքրում: Իհարկե, կարելի է հետեւողականորեն աղավաղել պատմությունը, միջազգային իրավունքը, հակամարտության պատճառները եւ հետեւանքների համար սեփական պատասխանատվությունը փորձել բարդել հայկական կողմի վրա, բայց այդ երգն արդեն բոլորին ձանձրացրել է»: