Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Կարախանյանը դիմեց փախուստի

Սեպտեմբեր 16,2011 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ Հայաստանի հատուկ քննչական ծառայություն է ներկայացել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Տիգրան Թամամյանի աշխատասենյակում առերեսումներ են տեղի ունեցել նրա եւ ՃՈ նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի ու Ճանապարհային ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Առերեսումները տեւել են 6-7 ժամ: Դրսում հավաքված մարդիկ խոսում էին. «Կարախանյանը լրիվ դերի մեջ էր, ջութակն առել ու երգում էր: Էնքան անուններ տվեց. թե ոնց ա ՀՔԾ-ն հասցնելու էդ բոլորին լսի՝ չգիտենք»: Խոսում էին նաեւ, որ «Կարախանյանը լաց էր լինում, ասում էր, որ ընձի եթե տարան բերդ, ես շաքար ունեմ, կմեռնեմ կամ էլ ինձ կկախեմ»: Մեզ հայտնի դարձավ, որ նշված գործը իր անմիջական հսկողության տակ է վերցրել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը, ում հանձնարարականով էլ քննությունը վարում է Տիգրան Թամամյանը: Վերջինս մի քանի աղմկահարույց քրեական գործեր է քննել, այդ թվում՝ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մնացական Մարտիրոսյանի ազգականների գործը, որը պարտակվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր, այսօր արդեն ամբաստանյալ Հովհաննես Թամամյանի կողմից: Երբ դատախազությունից դուրս գալիս Կարախանյանը նկատեց, որ ինքը նկարահանվում է, շրջվեց եւ վազելով մտավ դատախազության շենք: Իսկ դրսում հավաքվածները ծիծաղում էին՝ ասելով. «Խալխը դատախազությունից ա փախնում, էս մարդը վազվռատ էղավ դատախազություն: Երեւի գնաց ապաստան խնդրի քննիչներից»: Մոտ մեկ ժամ Կարախանյանը պատսպարվել էր դատախազության պահակային ծառայության խցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել