Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ

Սեպտեմբեր 16,2011 00:00

Նորաստեղծ եվրոպական «Եվրանեսթ»-ում ադրբեջանական  պատվիրակությունը կրկին «օկուպացված» 20%-ի հարցն է առաջ մղում:

Անցած երկու օրերին Ստրասբուրգում տեղի է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի առաջին լիագումար նիստը: Նիստի ընթացքում հիմնականում քննարկվել են ընդհանուր բնույթի խնդիրներ: Երեկ Ստրասբուրգից «Առավոտի» հետ հեռախոսազրույցում հայաստանյան պատվիրակության անդամ, Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ քննարկումների ժամանակ Վրաստանի եւ Ադրբեջանի առաջարկով քաղաքական հարցերի հանձնաժողովի կողմից ձեւակերպում է մտել՝ «տարածքային ամբողջականության» վերաբերյալ: Վրացական պատվիրակությունը պնդել է, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքները: Իր հայտնի եւ հին՝ ՀՀ-ի կողմից «օկուպացված» 20% ադրբեջանական տարածքների «երգն» են «երգել» նաեւ ադրբեջանական պատվիրակության անդամները: Հայաստանյան պատվիրակության անդամները ընդվզել են: «Մենք ասում ենք, որ միջազգային իրավունքի նորմերը հավասար եւ համազոր գործող են, գործողության մեջ են եւ պետք չէ դրանք տարանջատել՝ առանձնացնելով միայն տարածքային ամբողջականությունը, այլ պետք է նշել «միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համահունչ» ձեւակերպումը: Եթե թվարկում ենք՝ պետք է թվարկենք ամբողջական»,- ասաց Հովհաննես Սահակյանը: Հետաքրքրվեցինք՝ եվրոպական նորաստեղծ կառույցում այս ֆոնի վրա հայ-ադրբեջանական պատգամավոր-պատվիրակների հերթական «փոխհրաձգությո՞ւնը» գրանցվեց: Հովհաննես Սահակյանն ասաց, որ իրենք անիմաստ են համարել անվիճելի փաստերի շուրջ լեզվակռիվ ծավալել. «Իրենք պարտվող կողմ են եւ անընդհատ բարդույթավորվում են, ցանկացած հանդիպման, քննարկման ընթացքում հակառակվում են մեր պատվիրակությանը, անգամ եթե քննարկվող եւ քվեարկվող հարցն իրենց ձեռնտու է, եւ մենք «կողմ» ենք քվեարկում, իրենք պարտադիր «դեմ» են լինում: Ես չեմ կարծում նաեւ, որ իրենք ճիշտ են ընկալել «Եվրանեսթ»-ի գաղափարը, առաքելությունը, որովհետեւ ինչպես բոլոր միջազգային ատյանները, սա նույնպես իրենք փորձում են ամեն կերպ օգտագործել՝ իրենց զոհի կերպարը ի ցույց դնելու համար: Մենք, իհարկե, հակադարձում ենք, բայց լեզվակռիվներից զերծ ենք մնում»: Եթե քվեարկության արդյունքում մեր պատվիրակության առաջարկը՝ «տարածքային ամբողջականություն» տերմինը փոխարինվել «միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համահունչ» ձեւակերպմամբ, չընդունվի, ապա հայաստանյան պատվիրակությունը կօգտվի վետոյի իր իրավունքից:
Հիշեցնենք, որ «Եվրանեսթը» հիմնադրվեց սույն թվականի մայիսին: Այն Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները միավորող կառույց է: Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան եւ Ուկրաինան: Ցանկում ներառված չէ Բելառուսը, քանի որ եվրոպական կողմը չի ցանկացել «Եվրանեսթ»-ում աշխատել այդ երկրի հետ՝ անցկացված վիճահարույց նախագահական ընտրությունների պատճառով: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովն աշխատանքներ է ծավալում չորս՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ անվտանգության, սոցիալական հարցերի հանձնաժողովների շրջանակներում:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, հայաստանյան պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանն «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ մեր պատվիրակության կողմից ներկայացվել են երկու տասնյակից ավելի առաջարկություններ՝ ամենատարբեր հանձնաժողովներին վերաբերող զեկույցների կապակցությամբ: Մասնավորաբար այն, թե Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների կտրվածքով ինչ ենք պատկերացնում եւ ինչ է ցանկանում Հայաստանն ունենալ: Օրինակ, էներգետիկ ոլորտում Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների հարաբերություններին առնչվող զեկույցի շուրջ առաջարկներ ներկայացնելիս եւ կարծիք հայտնելիս հայկական կողմը առաջնորդվել է նրանով, որ Հայաստանը կարողանա մաս կազմել այդ նոր համակարգերի եւ նոր ծրագրերի: «Որքանով դրան կնպաստեն պրակտիկ իրողությունները՝ սա այլ խնդիր է, բայց, համենայնդեպս, մեր խորհրդարանականների ցանկությունն է եղել եւ մնում, որպեսզի Հայաստանը, ըստ էության, այդ էներգետիկ բազմաշերտ, բազմաչափ հանգույցի մեջ իր դերակատարումը ունենա»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:
Հ. Գ. Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ հետագա քննարկումների արդյունքում այդպես էլ որեւէ փաստաթուղթ չի ընդունվել։ Եվրոպական կողմը առաջարկել է փաստաթղթից հանել նաեւ «տարածքային ամբողջականություն» արտահայտությունը, ինչին դեմ են արտահայտվել վրացական եւ ադրբեջանական պատվիրակությունները։ Հովհաննես Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում սա համարեց հայկական պատվիրակության հաղթանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել