Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹԻԿՈՒՄ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ» Է

Սեպտեմբեր 16,2011 00:00

\"\"Կոմկուսի առաջին քարտուղարն ահազանգում է, որ իշխանություններն  Արթիկում արդեն նախապատրաստվում են ընտրություններ կեղծելուն:

«Արթիկը մղկտում է»,- երեկ «Առավոտին» իր վրդովմունքը եւ տպավորությունները փոխանցեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ով հանգստյան օրերին կուսակցական գործունեության շրջանակներում եղել էր Արթիկ քաղաքում, զրուցել մարդկանց հետ, ծանոթացել արթիկցիների առօրյային եւ հոգսերին: Ընկեր Թովմասյանը հիշում է, որ խորհրդային տարիներին Արթիկը Հայաստանի բարգավաճող բնակավայրերից էր, որ տեղի բնակչությունը ոչ միայն սեփական հոգսերն էր հոգում, այլեւ իր ներդրումն էր ունենում ԽՍՀՄ այլ քաղաքների կառուցման ու կառուցապատման գործում: «Այսօր արթիկցին ինքը կուչ եկած վիճակում է, բնակարանաշինություն ընդհանրապես չի իրականացվում, երիտասարդությունը հիմնականում արտագաղթել է, մեծամասամբ տարեցներ են՝ անգործ, ամբողջ օրն անց են կացնում անցյալի հիշողությունների եւ անհույս ապագան դատապարտող խոսակցություններով»,- ասում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը: Արթիկի համար հիմնականում աշխատատեղեր էր ապահովում քարհանքը, Արթիկի տուֆի համբավը հայտնի էր ողջ ԽՍՀՄ-ում, բայց արդեն քանի տարի է՝ քարհանքը ձեռքից ձեռք անցնելով՝ բնականոն չի շահագործվում եւ չի կարողանում ապահովել աշխատաշուկան: Աշխատատեղեր ապահովող էր նաեւ «Արագած» պիոներական ճամբարը, որը դարձյալ անգործության եւ անտերության է մատնված: Տեղի բնակիչները կոմկուսի առաջնորդին ահազանգել են, որ իրենց բնակարանների վրա ինչ-որ մարդկանց են գրանցում: Ովքեր են այդ մարդիկ եւ ինչ նպատակ են հետապնդում այդ գրանցումները՝ բնակիչների այս բոլոր հարցապնդումները անպատասխան են մնացել պատկան մարմինների կողմից: Խոսակցություններ են շրջանառվում, որ նպատակը ընտրական շրջանում «լեւի բնակիչների» օգտագործումն է: Տարբեր վայրերում գրանցում ունեցող մարդկանց դա հնարավորություն կտա մի քանի անգամ քվեարկելու: Թոշակառուներն էլ բողոքել են, որ իրենց առանց այդ էլ խղճուկ թոշակներից ոչ մի լումա անգամ ձեռքներին չի մնում, միայն ստորագրում են՝ գումարը փոխանցելով իրենց «բկին չոքած» տարբեր հարկահավաքների՝ ջուր, հող, լույս եւ այլն: Մարդիկ բողոքել են թունաքիմիկատների, պարարտանյութերի սղությունից, գներից եւ որակից, որոնց վերահսկման մասին, ի դեպ, ՀՀ վարչապետը, գյուղնախարարը՝ իր ենթակաների հետ միասին, ամեն օր իրենց PR-ակցիաների շրջանակներում հայտարարություններ են անում, իբր, մատչելի պայմաններով տրվող գյուղատնտեսական վարկերից, որոնք իրականում ոչ թե ներդրվում են գյուղատնտեսության զարգացման համար, այլ նպաստում են նրան, որ մարդիկ սովից չմեռնեն ու դրա դիմաց էլ դեռ տոկոսներ վճարեն: Այս ամենի ֆոնին Թովմասյանին հատկապես ցնցել է այն, որ մարդիկ դեռ կրում են խորհրդային տարիներից մնացած, այլեւս ցնցոտի դարձած հագուստ:
Մեր կողմից հավելենք, որ նմանատիպ իրավիճակ է ոչ միայն Արթիկ քաղաքում, այլեւ բոլոր մարզային բնակավայրերում՝ առանց բացառությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել