«Facebook»-յան հրավերը հաջողություն բերեց
Սեպտեմբերի 3-ին Իսպանիայի Կոստա Բլանկա ափի Բենիդորմ քաղաքում կայացած «International best male and female model world» մոդելային մրցույթում աղջիկների՝ «International Best Female model world» է ճանաչվել Հայաստանը ներկայացնող մոդել Սեդա Սերոբյանը: Դուրս գալով լավագույն հնգյակ՝ Կոլումբիայի, Լատվիայի, Բելառուսի եւ Կուրասաո կղզու ներկայացուցիչների հետ, Հայաստանի ներկայացուցիչը գրավել է առաջին տեղը, գրան պրին զիջելով Կուրասաո կղզու ներկայացուցչին՝ միսս Կուրասաոյին, երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի ներկայացուցիչը: Բացի առաջին տեղը գրավելուց, Հայաստանի ներկայացուցիչն արժանացել է նաեւ «best body» (լավագույն մարմին) տիտղոսին: Ս. Սերոբյանի խոսքով, Հայաստանն առաջին անգամ է մասնակցել Իսպանիայում կազմակերպվող մոդելային մրցույթի: Իսկ իր մասնակցությունն էլ միանգամայն պատահական է ստացվել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով մրցույթի մասնակցության հրավեր ստացա անձամբ «International best male and female model world»-ի կազմակերպիչ Զուկեր Վալեո Մարտեից: Նա դիտել էր իմ լուսանկարները, պորտֆոլիոն, ապա ուղարկել հրավերը: Դիմեցի Ալիկանտե քաղաքի հայ համայնքի ղեկավար Հասմիկ Քոչարյանին՝ մրցույթի մասին տեղեկություններ տրամադրելու համար: Ապա կազմակերպչի կողմից պաշտոնական հրավեր ստացա եւ մեկնեցի: Մրցույթի կազմակերպիչներն ապահովեցին կեցության հարցը, իսկ մնացածը հոգացել եմ ինքս՝ սեփական միջոցներով»,- նշեց Ս. Սերոբյանը: Նրա պնդմամբ, 2003 թվականից անցկացվող այս մոդելային մրցույթը մեծ իրադարձություն է համաշխարհային նորաձեւության մեջ. «Չնայած կազմակերպվում է Իսպանիայի կողմից, բայց մրցույթը բավական լուրջ եւ ճանաչում ունեցող իրադարձություն է fashion ինդուստրիայում: Ավելի քան 30 երկիր ամեն տարի ներկայանում է այս մրցույթին, որն ունի նաեւ բավական լուրջ ժյուրի: Վերջինիս կազմում համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներներ են, լուսանկարիչներ, մոդելային աշխարհի ներկայացուցիչներ: Սա ոչ թե գեղեցկության կամ ֆոտոմոդելների մրցույթ է, այլ պրոֆեսիոնալ մոդելի մրցույթ, որտեղ ուշադրություն է դարձվում մոդելի դեֆիլեին, քայլքին, կեցվածքին, պահվածքին: Այստեղ ոչ թե գնահատում են գեղեցկությունը, այլ կոնկրետ մոդելային կեցվածքն ու տվյալները, այսինքն՝ թե որքանով ես դու պրոֆեսիոնալ: Չնայած բուն մրցույթը անցկացվել է մեկ օր, բայց ժյուրին ընտրական փուլը սկսել է մրցույթից դեռ մի քանի օր առաջ: Այդ օրերին այնտեղ անցկացվում էին «Կոստա Բլանկա fashion week», որին մասնակցում էին մրցույթի բոլոր ներկայացուցիչները: Դա կարծես մրցույթի նախնական փուլն էր, քանի որ նորաձեւության ցուցադրությունների ժամանակ մրցույթի ժուրիի կազմը արդեն ընտրում էր ֆավորիտներին: Նորաձեւության ցուցադրություններին ներկայացրել ենք տարբեր դիզայներների երեկոյան հագուստներ, լողազգեստներ»:
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ իրեն Իսպանիա հասնելու հարցում օգնել է Իսպանիայի հայ համայնքը. «Մրցույթն ուներ մուտքավճար, որը պետք է պարտադիր մուծվեր նախքան մեկնելը: Այդ հարցում հայ համայնքն ինձ օգնեց, իսկ մնացած հարցերում ոչ ոքի կողմից աջակցություն չստացա: Դիմեցի մինչեւ անգամ քաղաքապետարան, որտեղ ինձ չոր ու կոպիտ պատասխանեցին՝ մենք նորաձեւության համար գումարներ չենք տրամադրում»: Մեր զրուցակիցը հավելեց, որ հաղթանակը նվիրում է ՀՀ անկախության 20-ամյակին: