«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում տեղ գտած թերացումների ու բացթողումների մասին երեկ «Արմատ» ակումբում խոսեցին «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը, «Խաչակիր» հ/կ-ի խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը, սոցիալական մանկավարժ Արմինե Դավթյանը: Վերջինս աշխատել է աղանդավորների հետ, ունի ուսումնասիրություններ:
«Այսօր մեր Հայ առաքելական եկեղեցին խաթարված, թուլացած է, հոտի անդամները հոգեւորական վակուումի մեջ են: Եկեղեցին բաղկացած է հոգեւոր առաջնորդից եւ հոտից: Հոտը մենք ենք, մեր հոգիները դատարկ են, տարիներ շարունակ մեր եկեղեցիները գոմ են սարքել եւ աթեիզմի ճանապարհով ապացուցել, որ Աստված գոյություն չունի»,- ասաց Գ. Սարուխանյանը՝ կարծիք հայտնելով, որ ավելի լավ է ունենալ ճիշտ, մշակված օրենք, որպեսզի բոլորը գոհ լինեն: Վերջինս հատկապես շեշտեց «հոգեորսության» թեզի շուրջ լուրջ ուսումնասիրությունների, քննարկումների անհրաժեշտությունը:
Խ. Մարոզյանը կարծում է, որ օրենքի նախագծի վրա լուրջ մարդիկ շուրջ երկու տարի պետք է աշխատեին, զարմանում է՝ ինչպե՞ս կարելի է գործունեությունը պախարակել եւ վարչական պատասխանատվության ենթարկել, եթե չեն նշված կիրառման մեխանիզմները. «Այս օրենքի նախագծով բոլոր կրոնական կազմակերպությունները զրկվում են բարեգործություն անելուց: Այսինքն՝ մեր ժողովուրդն այսօր բարեգործության կարիք չունի՞, շնորհակալություն հայտնել չի՞ կարող, ամեն ինչ մի՛ սեւացրեք»: Ի պատասխան նրա արձագանքին, բանախոսին վրդովված հարց ուղղեցին լրագրողները. «Ինչի՞ հաշվին, հոգեորսության դիմա՞ց բարեգործություն»: Բուն հարցին պատասխանելու փոխարեն Մարոզյանը սկսեց թվարկել, թե տարատեսակ կրոնական կազմակերպությունները տարբեր վայրերում որպես բարեգործություն ինչե՜ր են կառուցել: Ինչն էլ լրագրողներին առիթ տվեց Ա. Դավթյանին եւ Խ. Մարոզյանին հարցնել՝ դուք Հայ առաքելական եկեղեցու՞, թե՞ աղանդի ներկայացուցիչ եք: