Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության մեջ մարդիկ կան՝ չեն հասկանում»

Սեպտեմբեր 15,2011 00:00

\"\"Այսօրվանից մեկնարկում է Պետական համազգային թատրոնի 20-րդ թատերաշրջանը: Երեկ այս մասին լրագրողներին հայտնեցին Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը եւ տնօրեն Վարդան Մկրտչյանը: Թատրոնի տնօրենի խոսքով՝ 20-րդ թատերաշրջանը սկսվում է պրեմիերաների հեղեղով. «Առաջին ներկայացումը կլինի Վիգեն Ստեփանյանի «Sale» բեմադրությունը: Հոկտեմբերի 1-ից կգործի նաեւ թատրոնի նորաստեղծ կայքը՝ www.sostheatre.am… Ինչո՞ւ sostheatre, որովհետեւ այդ անունը ծնվեց ժողովրդի կողմից. հասարակության շրջանում Համազգային թատրոնը հայտնի է որպես Սոսի թատրոն»:
Բացի պրեմիերաներից եւ ինտերնետային գործունեությունից, Համազգային թատրոնը նոր թատերաշրջանում ձեռնարկել է նաեւ միջազգային մի շարք նախագծեր: Վ. Մկրտչյանի փոխանցմամբ, Համազգային թատրոնի, ֆրանսիական «Լա տրանս Պլանիսֆեր», թուրքական «Անադոլու կուլտուր» եւ գերմանական «Theatre house Berlin miphen» կազմակերպությունների հետ համատեղ իրականանալու է ֆրանսիական «Ժառանգները» պիեսի բեմադրությունը: Անդրադառնալով Պետական համազգային թատրոնի խնդիրներին, Վ. Մկրտչյանը ասաց. «Մեր միակ խնդիրը կրկին շենքային պայմաններն են: Գործի բերումով շատ եմ շփվում հարուստ կառույցների հետ: Նրանց թվում է, որ մշակութային օջախների կողքին կանգնելը ողորմություն տրամադրելն է»:
Մեծանուն դերասան Սոս Սարգսյանն էլ հավելեց. «Եթե թատրոնը շենք չունի, ուրեմն ապագան անհայտ է: Հայաստանում, բացի Գյումրիից, հատուկ թատրոնի շենք երբեք չի կառուցվել: Բոլոր թատրոնների շենքերը հարմարեցված են: Տարիներ առաջ կառավարության կողմից որոշվեց կառուցել թատրոնի շենք: Տերյան փողոցում կար Հայ կինոյի կենտրոն: Կարեն Դեմիրճյանի հրամանով այնտեղ սկսվեցին թատերական շենքի աշխատանքները: ՀՀՇ-ականները սկսեցին միտինգներում խոսել, որ Հայաստանում ռուսական թատրոնի շենք է կառուցվում, քանի որ աշխատանքները ֆինանսավորվում էին ռուսական կողմից: Դեմիրճյանը հաստատեց, որ ֆինանսի աղբյուրը Ռուսաստանից է ու նշեց՝ կկառուցենք, Սունդուկյանը կբերենք այստեղ, ռուսական թատրոնը կտեղափոխենք Սունդուկյանի տեղը: Բայց կառուցապատման աշխատանքները կանգնեցվեցին միտինգավորների կողմից… Որքա՞ն կարող ենք կենվորի կարգավիճակով ապրել: Շենք տրամադրելու հարցով էլ ում ասես չդիմեցի… Ցավոք, իշխանության մեջ մարդիկ կան, որոնք չեն հասկանում, թե թատրոնը ինչ դեր կարող է ունենալ հասարակության ձեւավորման գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930