Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ ԵՎ «ՄԵՍԻՋ», ՊԼՅՈՒՍ՝ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐ

Սեպտեմբեր 15,2011 00:00

Կինովավերագրողի առաջին խաղարկային ֆիլմը

\"\"

Հոկտեմբերի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա կինովավերագրող, սցենարիստ Հարություն Ազարյանի «Ճանապարհին» առաջին գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը:
Հ. Ազարյանը մասնագիտական շրջանակներում եւ կինոհանդիսատեսին հայտնի է իր ավելի քան 40 փաստագրական ֆիլմերով՝ մշակույթի, գիտության եւ քաղաքական գործիչների մասին: Դրանք մասնակցել են տարբեր փառատոների, ստացել մրցանակներ: Օրինակ՝ «Պարի թեւերով» ֆիլմը ժամանակին արժանացել է Յալթայի «Միասին» միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակին, ՌԴ Պետդումայի «Ռոսիա» թերթի հատուկ մրցանակին եւ Մոսկվայի «Եվրասիական» կինոփառատոնի դիպլոմին ու ժյուրիի հատուկ մրցանակին: ԳԻՏԻՍ-ում ստանալով հիմնարար մասնագիտական կրթություն, «Ճանապարհին» նկարով արվեստագետը նշում է իր հոբելյանական՝ 10-րդ ստեղծագործական տարին:
Թեեւ հայ կինովավերագրական դպրոցը ունի նշանավոր դեմքեր (Արտավազդ Փելեշյան, Ռուբեն Գեւորգյանց, Հարություն Խաչատրյան եւ այլք), այնուամենայնիվ, լայն լսարանի մոտ ձեւավորված կարծիք կա, թե կինովավերագրողները, գոնե հոգու խորքում, երազում են խաղարկային ֆիլմ ստեղծելու մասին: Ավելին, ժամանակին ճանաչված կինովավերագրող Արա Վահունու «Անուշ մայրիկ» գեղարվեստական ֆիլմը՝ անվանի դերասաններ Լիա Ախեջակովայի, Լեւ Դուրովի մասնակցությամբ, բրավոներով չընդունվեց: Իսկ ի՞նչը կինովավերագրող Ազարյանին տարավ դեպի խաղարկային կինո:
«Ռեժիսուրան աշխարհայացք է եւ յուրաքանչյուր արվեստագետ ունի իր սեփական ասելիքը, պարզապես մատուցման ձեւերն են տարբեր: Օրինակ, հանրահայտ Մարկ Զախարովը նույն կարգի պրոֆեսիոնալ է եւ թատրոնում, եւ կինոյում, իտալացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ֆրանկո Զեֆիրելին էլ օպերային բեմադրություն է իրականացնում «Լա Սկալայում»… Կրկնում եմ՝ կարեւորը ասելիքն է, ոչ թե դեսից-դենից գողացած կամ սովորած կադրերով ֆիլմ ստեղծելը: Կարեւորը ապրածի, տեսածի մասին պատմելն է»,- հայտնեց Հ. Ազարյանը: Նա հավելեց նաեւ, թե խորհրդային տարիներին, երբ գեղարվեստական խորհուրդը ֆիլմերին կատեգորիաներ էր տալիս, սկսվել էր գործընթաց Փելեշյանի ֆիլմերի շուրջ: Կինովավերագրողը պնդում էր, որ նրա ցանկացած ֆիլմը գեղարվեստական բարձրակարգ գործ է: Ասում է՝ ժամանակին մոռանում էին, որ վավերագրական աշխատանքները լինում են նաեւ գեղարվեստական՝ մոնտաժի առանձնահատկությունների վրա հիմնված, ինչպիսիք փելեշյանական ֆիլմ-էսսեներն են:
Մեր խնդրանքով ներկայացնելով իր «Ճանապարհին» ֆիլմը, Հ. Ազարյանը նշեց նաեւ այն մարդկանց անունները, ովքեր աշխատել են ֆիլմի վրա՝ օպերատոր Արթուր Ղարայան, կոմպոզիտոր Հայկ Գրիգորյան, բեմադրող նկարիչ Նաիրա Մուրադյան, խմբագիր Անահիտ Արփեն: Գլխավոր դերերում նկարահանվել են ֆրանսահայ դերասան Երվանդ Մուրադյանը, դերասաններ Գնել Ուլիխանյանը, Ժենյա Մկրտումյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, պարուհիներ Լիլիթ Ասատրյանը, Նոնա Բախշիյանը, պարային հատվածներում Հայաստանի պարի պետական անսամբլն է: Երեք գլխավոր դերերում (մեղվապահ, բալետմայստեր, դատապաշտպան) նկարահանվել է Վանուշ Խանամիրյանը: Շուրջ երկու տարի տեւած նկարահանումներին աջակցել են ՀՀ առաջին տիկինը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի պարի պետական անսամբլը:
Մեկ ժամ 30 րոպե ֆիլմում գերակշռում է հայկական պարը: Հ. Ազարյանը այս «մասով» հայտնեց, թե իր ֆիլմը նախ հայկական մեսիջ է ազգային պարի միջոցով, հետո էլ հավելեց. «Մարդու ծննդյան պրոցեսից մինչեւ մահ՝ ճանապարհ է. միլիոնավոր սերմնաբջիջներից ամենաակտիվը դաժան պայքարում գնում-հասնում է ձվաբջջին, որովհետեւ հենց նա ունի աշխարհ գալու ցանկություն: Ու եթե այդքանից հետո աշխարհ ես եկել, ուրեմն կյանքդ մի՛ լցրու դժգոհությամբ, նախանձով, անիմաստ չարչրկումներով…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930