Սեպտեմբերի 10-ի երեկոյան Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի Ոսկեպարի հատվածում, Ադրբեջանի հետ սահմանից եւ դիպուկահարներից հեռու ճանապարհին բախվել էին Երեւանի մի բնակչի պատկանող «Մերսեդեսն» ու Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Հենրիկ Մաճկալյանի «Նիվան»: Բախումը բավական ուժգին է եղել, երկու մեքենաները խիստ տուժել էին: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Դատելով մեքենաների դիրքից, վթարի պատճառը տրանզիտ համարներով «Մերսեդեսն» էր, որ մտել էր երթեւեկության հանդիպակաց գոտի: Դեպքից հետո՝ ժամը 18:40-ի մոտ, ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանը ուսումնասիրում էր պատահարի վայրը եւ հանգամանքները: Պատահարից ավելի քան մեկ ժամ էր անցել, սակայն ԱՊՊԱ-ից դեռ չէին ժամանել: