Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Դիտահորերը դեռ բաց են

Սեպտեմբեր 15,2011 00:00

Փողոցներում էլ թափառող շներ կան

Վանաձորի համայնքի ավագանու սեպտեմբեր ամսվա նիստի օրակարգում 20 հարց կար, գրեթե կեսը՝ 9 հարց համայնքի 2011 թվականի բյուջեում փոփոխությունների նախագծեր էին: Պարզվում է, Վանաձորը 6 ամսվա կտրվածքով բյուջեն գերակատարել է՝ նախատեսված 1,121 միլիոնի փոխարեն հավաքել են 1,214 միլիոն դրամ:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի առաջարկով ավագանին անդրադարձավ քաղաքի 17 փողոցներում շուրջ 80 անձրեւատար դիտահորերի կափարիչների եւ կոյուղագծերի հիմնանորոգման հարցին: «Միայն անձրեւատարերի, որովհետեւ կոյուղագծերի վերանորոգումը քաղաքապետարանի գործառույթը չէ, դա «Ջրմուղկոյուղու» գործն է: Ոչ մի տեղ դիտահորերի կափարիչները չկան: Դրանց մեծ մասը գողացվել է, պետք է մի բան անել, որ դեմն առնենք»,- հայտարարեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Այս տարի ոստիկանությունում դիտահորերի կափարիչների գողության 7 գործ է հարուցվել: Անցած տարի էլ ձմեռնամուտին քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքային իշխանությունն ու ոստիկանությունը բանավոր համաձայնության եկան, շրջել մետաղի հանձնման կետերում եւ զգուշացնել, որ դիտահորի նույնիսկ ջարդած կափարիչ չընդունեն, բայց գրեթե մեկ տարի անց պատկերը նույնն է՝ դիտահորերը բաց եւ վտանգավոր են թե վարորդների, թե հետիոտների համար:
Այսքանով կոյուղագծերի հարցը չփակվեց: Վանաձորի Թումանյան փողոցի մի քանի շենքերի կոյուղագծերի մաքրման եւ ջրահեռացման համակարգի կառուցման համար գումար է պետք: Ավագանու անդամ Արարատ Գինոսյանը փորձեց վեր հանել արդեն 10 տարի չլուծվող խնդիրը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը Արարատ Գինոսյանին հիշեցրեց. «Դու 10 տարի ջրմուղի տնօրեն ես եղել, ինչի՞ էդ խնդիրը չի լուծվել»: «Ջրմուղի խնդիրը չէ, ազնվությամբ«, – արդարացավ Գինոսյանը: Այնուհանդերձ, քաղաքի պահուստային ֆոնդից գումար տրամադրվեց Թումանյան 6 շենքի խնդիրը լուծելու համար:
Քաղաքապետ Սամվել Դարբինյանը նկատեց, որ Վանաձորի խնդիրները շատ են, գումարները չեն բավարարում բոլոր խնդիրները լուծելու համար: Օրինակ, օրեր առաջ սարերի ջուրը իջնելով Տարոն 4 եւ Տավրոս թաղամասերով, «հանգրվանել» է Մետաքսաթելի գործարանում՝ խցանման պատճառ դառնալով եւ քանդելով ճանապարհները: Փլուզված ճանապարհների պատճառով թաղամասի հասարակական տրանսպորտը ամբողջ օրը չի աշխատել: Հարցը լուծելու համար նոր խողովակաշար է անհրաժեշտ, այստեղ է, որ ֆինանսական միջոցներ փնտրելիս ավագանիները հիշեցին՝ «սարն բոլորիս է հավասար», քանզի գրունտը հավաքվել է դեռ կոմունիստների ժամանակվանից:
Թափառող շներն են Վանաձորի խնդիրներից մեկը: Նախկին տարիներին այս նպատակին 2 միլիոն դրամ էր հատկացվում, հիմա՝ ավելի քան 4: Բայց քաղաքում թափառող շներ դեռ կան: Կենդանիների վնասազերծման գումարի ավելացման հետ՝ ավելանում են նաեւ բնակիչների բողոքները, մարդկանց համար կրկին վտանգավոր է դարձել աղբ թափելը:
Ավագանին 20 տոկոսով ավելացրեց մայթերի եւ մի շարք փողոցների վերանորոգման ու լուսավորության գումարները: Այս հարցերը քննարկելիս, եթե ոչ տարբեր կարծիք, ապա գոնե ռեպլիկ հնչում էր, իսկ երբ հերթը հասավ տարածքներ օտարելուն եւ վարձակալված տարածքների ժամկետներն ավելացնելուն՝ չեղան անգամ ռեպլիկներ, բոլորը լուռ էին:
Վաստակավոր արտիստուհի Լենա Փաշինյանի եւ լրագրող Սմբատ Ոսկանյանի հուշաքարերը տեղադրելու համար քաղաքապետն ասաց. «Վանաձորցի վաստակավոր գործիչներն այնքան շատ են, որ մի օր տեսնելու ենք՝ քաղաքի շենքերի վրա էլ տեղ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել