Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԿՌՎՈՒՄ ԷՐ՝ Ո՞ՒՐ ԷԻՆ

Սեպտեմբեր 15,2011 00:00

Գյումրեցի ընդդիմադիրը, որը նաեւ ազատամարտիկ է, հայտնվել է մեղադրյալի աթոռին

\"\"
Մեղադրյալը՝ իր պաշտպան Աննա Դավթյանի հետ:

ՀԱԿ ակտիվիստներից մեկին՝ ազատամարտիկ Ժորա Աթոյանին սպառնում է 8 տարվա ազատազրկում, քանի որ նրա դեմ երկու ծանր հոդվածներով հարուցվել է քրեական գործ. նա մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու պետությանը 8 733 879 դրամի վնաս պատճառելու մեջ: Սակայն ազատամարտիկը չի ընդունում մեղադրանքը: Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանի այն հարցին, թե Ժորա Աթոյանը իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, վերջինս բորբոքվեց. «Բացարձակապես, ես ազգային անվտանգության ծառայությանն ու քննչական բաժնին էլ եմ հայտնել, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում իմ քաղաքական հայացքների համար, նաեւ կա անձնական հաշվեհարդար, ես որեւէ մեղք չեմ գործել, թերեւս իմ միակ մեղքն այն է, որ Աստծո կամքով պատերազմի դաշտում կենդանի եմ մնացել, բայց ես որեւէ մեղք չեմ գործել ոչ պետության, ոչ իմ խղճի եւ ոչ էլ ժողովրդի առաջ»: Դատարանը 15 վկաներից լսեց 5-ին. փորձում էին պարզել, թե Ժ. Աթոյանը պատերազմի դաշտում իսկապես վիրավորված եղե՞լ է, թե՞ այս մասին կեղծ փաստաթուղթ է սարքել ու 2005- 2010թթ. կենսաթոշակ ստացել: Առաջինը հարցաքննվեց ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու Աշոտ Զաքարյանը, որի տված տեղեկանքի հիման վրա էլ ազատամարտիկը կենսաթոշակ է ստացել: Քանի որ Աշոտ Զաքարյանը հայտարարեց, որ ինքը մարտական գործողությունների ընթացքում Ժ. Աթոյանի կողքին չի եղել, մեղադրող Հարություն Հարությունյանը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ի՞նչ հիմքով է ազատամարտիկին տեղեկանք տվել. «Դուք կոնտուզիայի մասին տեղեկանք եք տվել առանց բժշկի փաստաթղթի՞»: «Մարտական ընկերներից 4 հոգի վկայել են այդ մասին, իսկ դա ինձ բավարարել է»,- պատասխանեց վկան՝ հիշելով, որ 1993թ.-ին, երբ երկուսով Գյումրու քաղխորհրդի պատգամավորներ են եղել, Ժ. Աթոյանը առողջական ծանր խնդիրներ է ունեցել, տեղաշարժվել է մարդկանց օգնությամբ: «Ինձ համար Աթոյանի վիճակը քննարկման առարկա չէ, ես նրան տեղեկանք եմ տվել նաեւ իմ ներքին համոզմամբ»,-ասաց Աշոտ Զաքարյանը: Դատախազի համար անհայտ էր մնացել, թե ինչո՞ւ Ժ. Աթոյանը 1993-ից մինչեւ 2005թ. թաքցրել էր իր հիվանդությունը, եւ դրանից հետո նոր միայն այն օգտագործելով՝ որոշել էր կենսաթոշակ ստանալ: «Կոնտուզիայի հետեւանքները հետագայում՝ տարիքի հետ կապված էլ կարող են ի հայտ գալ, ամբողջ Գյումրին գիտի, որ նա կոնտուզիա է ստացել եւ բուժվել Գյումրու հիվանդանոցներից մեկում»,- հավելեց Ա. Զաքարյանը: Վկաների մեծ մասը պնդում էր, որ իրենք ազատամարտիկի կոնտուզիա ստանալու մասին լսել են, ոչ թե տեսել, նրանցից միայն մեկը՝ Սամվել Հովսեփյանը, հաստատեց, որ Ժ. Աթոյանին կոնտուզիա ստացած վիճակում տեսել է Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցում: Ի դեպ, դատավարությունն այնքան էլ հանգիստ չէր ընթանում, երբեմն վերածվում էր «ռազբորկայի», քանի որ վկաների մեջ կային նաեւ մարդիկ, որոնց հայտարարության հիման վրա էր ԱԱԾ-ն սկսել ուսումնասիրությունները:
Մեղադրող Հարություն Հարությունյանին հարցրինք, մի՞թե չի քաղաքականացվում հարցը, եթե հաշվի առնենք, որ Ժորա Աթոյանը ակտիվ քաղաքական գործիչ է: «Կարող եմ նշել, ես էլ մասնակից եմ մարտական գործողությունների, իմ առաջին հրամանատարը ներկա դրությամբ նույնպես հայացքներ է կիսում կոնկրետ ներկայիս ընդդիմադիր դաշտում գտնվող անձանց հետ, բայց ինքը չդադարեց ինձ համար հրամանատար լինելուց, եւ ես որպես նախկին մեր պատերազմի մասնակից չեմ կիսում նաեւ Ձեր մտահոգությունը, որ սա քաղաքական գործ է: Մեր նպատակն է, որպեսզի մարտական գործողությունների մասնակցի անունը չպախարակվի, վատ իմաստով չընկալվի ժողովրդի կողմից, որպեսզի էն անձինք, որոնք իրականում արյուն են տվել, իրականում մասնակցել են ու իրենց կյանքը չեն խնայել, նրանք ունենան փառք ու պատիվ, իսկ են անձինք, ես նկատի չունեմ Աթոյանին, այն անձինք, ովքեր որ օգտագործում էն էդ անունը, նրանց դիմակը պատռվի»,- ասաց դատախազը՝ նշելով, որ Ժորա Աթոյանից բացի, կան նաեւ բազմաթիվ այլ ազատամարտիկներ, որոնց դեմ նմանատիպ մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել: Իսկ ինչո՞ւ է Ժորա Աթոյանը 2005թ. նոր միայն որոշել թոշակավորվել հարցին ազատամարտիկը պատասխանում է. «Դա ոչ թե ես եմ որոշել, այլ իմ առողջականի հետ է կապված: Ես 2004թ. ծանր ինֆարկտ տարա, սրտի երկկողմանի ճեղքվածք, բնականաբար բացարձակ անաշխատունակ էի դարձել, թոշակավորվեցի, եւ իմ տարիների ձեռք բերած՝ 1994թ. վիրավորվածությունը, հիմքերը, փաստերը, փաստաթղթերը, դրա պատճառով եմ թոշակավորվել: Իսկ մինչեւ այդ ես աշխատում էի, բարձր աշխատավարձ էի ստանում, մտքովս էլ չէր անցնում թոշակավորվել»,- ասում է ազատամարտիկը՝ պնդելով, որ ինքը ոչ մի փաստաթուղթ չի կեղծել, այլ իսկապես վիրավորվել է եւ իրեն մարտի դաշտից ծանր վիճակում՝ ուղղաթիռով տեղափոխել են Երեւան: Ազատամարտիկի ասելով, իրեն սեւացնում են, քանի որ ինքը այլ քաղաքացիական դիրքորոշում ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել