Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՅՐԻ ԱՂԱՎՆԻ ՈՒ ԼՈՐ ՉԵՆ ԹՈՂԵԼ

Սեպտեմբեր 15,2011 00:00

Թեեւ կես ամիս առաջ է պաշտոնապես բացվել որսաշրջանը, սակայն շիրակցի որսորդներին ընդամենը 3 օր առաջ են համապատասխան լիցենզիաներ տրամադրել: Որսորդների դժգոհությամբ, այս ընթացքում «շահել» են որսագողերը՝ իսպառ ոչնչացնելով մարզի բոլոր լորերին ու վայրի աղավնիներին: Բանն այն է, որ առանց սեզոնային ուղեգրերի՝ Հայաստանի որսորդների եւ ձկնորսների միավորման անդամներն իրավունք չունեն սիրողական որսի դուրս գալու, սակայն փաստաթղթի արհեստական դեֆիցիտի պայմաններում Որսորդների միությունից «մեծահոգաբար» թույլատրել են որս անել մինչեւ փաստաթղթի ձեռք բերումը: Որսագողերն էլ, առիթն օգտագործելով, որ փաստաթղթային ստուգումներ չկան, առաջ են ընկել Որսորդների միությունում պաշտոնապես գրանցված անդամներից ու տեղը տեղին որս արել: Նշենք, որ լիցենզիաները վաճառվում են 5000 դրամով ու այնտեղ հստակ ֆիքսված է, թե որսորդը որ ամսում ինչ քանակի ու ինչ տեսակի կենդանի իրավունք ունի որսալու: «Մեր մարզի մոտ 500 պաշտոնապես գրանցված որսորդներին տվել էին ընդամենը 10 ուղեգիր, իսկ սա նշանակում է, որ լիցենզիա չունեցողներն իրենց բարոյական իրավունք չեն վերապահել որսի դուրս գալու, դա մի ուրիշ զգացողություն է, ամեն որսորդ իրեն թույլ չի տալիս առանց թույլտվության ինքնագլուխ կենդանի խփել: Բայց մինչեւ լիցենզիաները տեղ հասան, հիմա էլ կենդանի չի մնացել, քանի օր է շրջում ենք՝ 1-2 լոր հազիվ ենք տեսնում»,- ասում են որսորդները: Ի դեպ, ըստ մեր զրուցակիցների, մարզի բնապահպաններն էլ իրենց չեն կոտորում ստուգելու, թե, ասենք, պաշտոնապես թույլատրվող 10 լորի փոխարեն որսորդը քանիսն է խփում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել