Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոշակս կերել են»

Սեպտեմբեր 15,2011 00:00

Կենսաթոշակառու Սարգիս Խաչատրյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Մաշտոցի տարածքային բաժնի դեմ դատարանում բողոք է ներկայացրել եւ արդեն գործ է հարուցվել: Թոշակառուն կարծում է, որ իր 5 ամսվա հաշմանդամության թոշակը՝ 44 հազար դրամը, բյուջեից դուրս է եկել, բայց իրեն հասնելու փոխարեն մտել է ինչ-որ մեկի գրպանը: Ս. Խաչատրյանի պատմելով՝ «2010-ի հունիսի 29-ին, երբ դուրս գրվեցի ծերանոցից եւ դիմեցի Մալաթիա-Սեբաստիայի սոցծառայությանը, ինձ ասացին, որ նախ պետք է հաշվառվեմ նոր բնակության վայրում, ինչն արեցի, հետո կենսաթոշակիս գործն ուղարկեցին Մաշտոցի բաժին: Մինչդեռ ավելի ուշ պարզվեց, որ հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի ժամկետը մայիսի 1-ին լրացել է: Կրկին հաշմանդամ ճանաչելու համար օրենքով նախատեսվում է 3 ամիս ժամանակ, այսինքն՝ ինձնից վերցրել են ժամկետը լրացած փաստաթղթեր: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 65-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտ էր ստուգել գործում առկա փաստաթղթերի հավաստիությունը, ինչը չեն արել ու գործն այնքան ձգձգել, որ 3 ամիսը լրացել է»: Ներկայումս Սարգիս Խաչատրյանը վերափորձաքննություն է անցել, նրան նորից սկսել են թոշակ տալ, բայց արանքում 5 ամսվա թոշակը կորել է: Ս. Խաչատրյանի խոսքերով՝ «Թոշակս կերել են: Կառավարության N793-Ն որոշմամբ սահմանվում է, որ սոցծառայությունը պետք է իմ դիմումը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում քննարկեր ու որոշում կայացներ՝ այն մերժելու եւ վճարումը դադարեցնելու վերաբերյալ ու թուղթը պետք է կարվեր գործին, իսկ կարգադրության պատճենը 5 օրվա ընթացքում ուղարկեին ինձ, սակայն թոշակը դադարեցնելու փաստաթուղթ չկա, ինչը նշանակում է, որ իմ անունից նրանք թոշակը ստացել են ու չեն տվել»: Մինչ գործը վարչական դատարանում կքննվի, մենք պարզաբանումներ խնդրեցինք ծառայության Մաշտոցի բաժնի պետի տեղակալ Սանամ Ասատրյանից: Նրա խոսքերով՝ «Թոշակառուն ինքը պետք է ուշադիր լիներ, որ ժամանակին վերափորձաքննություն անցներ, ոչ մեկի պարտքը չի դա զգուշացնելը: Ինչ վերաբերում է դադարեցման փաստաթղթին, դա կազմում են հատուկ դեպքերում, երբ թոշակառուն, ասենք, մահացած է լինում, հանրապետությունից գնում է: Բյուջեից Սարգիս Խաչատրյանի անունով ոչ մի կոպեկ դուրս չի եկել ու մտել մեր գրպանը, նա պարզապես զրկվել է իր իրավունքից՝ իր իսկ մեղքով: Մալաթիայից կարող էին զգուշացնել նրան, բայց բողոքել դրա դեմ՝ ծիծաղելի է»:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել